Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼ ԳՈՐԲԱՉՈՎԻՆ

Ապրիլ 19,2011 00:00

ՌԴ նախագահին առընթեր «Քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների» խորհուրդը մշակել եւ 2011 թվականի փետրվարին ՌԴ նախագահին է հանձնել «Ամբողջատիրական համակարգի զոհերի հիշատակի հավերժացման եւ ազգային համերաշխության» ծրագիր: Այս առիթով «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը ասել է, որ վաղուց էր պետք անդրադառնալ պատմության այդ էջերին, որպեսզի ամեն ինչ պարզվի, եւ կարողանանք բաց նայել մեկմեկու աչքերի: Հիշեցնելով, որ ամբողջատիրական կարգերից տուժել են նաեւ կոմունիստները, Ռուբեն Թովմասյանը ասել է, որ ոչ ինքը, ոչ էլ իր ղեկավարած կուսակցության որեւէ անդամ անցած տարիների համար ներողություն չի խնդրի, ու թող ներողություն խնդրեն Հայաստանի այսօրվա իշխանությունները, որ 20 տարում «թալանել են երկիրը, գիտությունը հասցրել զրոյի, կրթությունը դարձրել վճարովի» եւ այլն: Ըստ Հայաստանի կոմկուսի ղեկավարի, Խորհրդային Միության փլուզման մեղավորը ԽՍՀՄ կոմկուսի վերջին գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովն էր: «Անհրաժեշտ է Միխայիլ Գորբաչովին քրեական պատասխանատվության ենթարկել ազգամիջյան հակամարտություններ հրահրելու համար: Սրան զոհ գնացին հազարավոր անմեղ մարդիկ, եւ այս հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Մարդիկ կորցրեցին իրենց տունը, դարձան աղքատ ու գործազուրկ, իսկ Գորբաչովը ցինիկաբար խաղաղության Նոբելյան մրցանակ է կրում»:
Նկատելով, որ ԽՍՀՄ փլուզմամբ պայմանավորված՝ արտաքին փոփոխությունները երկրների ներսում բերել են անցանկալի իրողությունների՝ գործազրկություն, գների աճ, աղքատություն, արտագաղթ, Ռուբեն Թովմասյանը մեկ ելք է տեսնում եւ առաջարկում՝ համակարգային փոփոխություններ: Զրույցի վերջում ՀԿԿ առաջնորդը ներկայացրել է «Ամբողջատիրական համակարգի զոհերի հիշատակի հավերժացման եւ ազգային համերաշխության» ծրագրից իր սպասումներից մեկը. «Որպես հայ՝ շատ կուզեի Հայաստանը տեսնել իր պատմական սահմաններում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել