Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՍԿՍԵԼՈՒ ԲԱՆԱԿԱՆ ԺԱՄԿԵՏ

Ապրիլ 19,2011 00:00

\"\"Սա է առաջին նախագահի մատնանշած «ջրբաժանը»՝ ապրիլի 28-ը, ըստ ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի

Ապրիլի 15-ին ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ջոն Պրեսկոտը հանդես էին եկել հայտարարությամբ՝ ընտրական բարեփոխումների, ինչպես նաեւ դատական ու ոստիկանական համակարգի բարեփոխումների հարցում Հայաստանի իշխանություններին կոչ անելով նախաձեռնություններից անցնել գործողությունների: ԵԽԽՎ կայքում համազեկուցողների զետեղած հայտարարության համաձայն՝ 2008 թվականի մարտի դեպքերին դերակատարություն ունենալու որոշակի մարդկանց ձերբակալությունը, ինչպես նաեւ 10 զոհերի մահվան պատճառների պատշաճ հետաքննության բացակայությունը շարունակում են «թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը» եւ կարող են բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա: Երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ են այս հայտարարությամբ ուզում ասել համազեկուցողները, ՀՀ նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Համազեկուցողների այդ հայտարարությունը ես ընկալում եւ գնահատում եմ որպես առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը գիտակցելու մի կոչ, որովհետեւ, ըստ էության, համազեկուցողները որեւիցե նոր բան՝ հարցադրումների տեսանկյունից, չեն արծարծում»:
Ի տարբերություն իշխանական այլ գործիչների, որոնք համազեկուցողների հայտարարության մեջ արտառոց ոչինչ չեն տեսնում, Խոսրով Հարությունյանն այնուհանդերձ մտահոգություն տեսնում է. «Դա կայանում է նրանում, որ նախընտրական այս փուլում այդ բարեփոխումները կարեւորում են այնչափ, որ երաշխիքներ են ուզում՝ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները կարող են լինել քայլ առաջ: Ես, գոնե, այդպես եմ հասկանում համազեկուցողների ասածը: Հավանաբար, հենց դրանով է պայմանավորված կոչը՝ ժամանակն է գործնական քայլեր կատարել այդ բարեփոխումներին միս ու արյուն հաղորդելու համար»: Համազեկուցողների կոչի համատեքստում մեր զրուցակիցը վկայակոչում է հանրապետության նախագահի վերջին նախաձեռնությունները, ըստ նրա՝ վճռական քայլերը՝ ոստիկանության բնագավառում օրինականության հաստատման, բարեփոխումներ կատարելու եւ այլն: Ի դեպ, մեր զրուցակիցն ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ օրերս համազեկուցողների հիմնական մտահոգության՝ ՀՀ-ում առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների առիթով կարծիք էր հայտնել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը՝ խոսելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում ՀՀ-ում նոր ծրագրեր սկսելու դժվարությունների, խոչընդոտների մասին: «Բոլորը՝ միջազգային կառույցները եւ մեր գործընկերները, հանրության ուշադրությունն աստիճանաբար սկսում են սեւեռել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների բացառիկ քաղաքական կարեւորության վրա. դրանք կարող են լինել կամ հավանաբար կդառնան միջազգային հանրության համար մեր՝ հանրային կյանքի, իրական ցանկությունների գնահատման առումով լակմուսի թուղթ»,- ասում է մեր զրուցակիցը:
Հարցին՝ տեսնո՞ւմ է իշխանությունների մոտ արդար, ազատ ընտրություններ կազմակերպելու ցանկություն, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Նաեւ ընդդիմությունը, որովհետեւ արդար ու թափանցիկ ընտրություններում ընդդիմության դերակատարումը պակաս կարեւոր չէ: Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ թեպետ ընդդիմությունն ավելի շատ է բողոքում, բայցեւ հնարավորության դեպքում ընտրակեղծիքներից զերծ չի մնում: Հետեւաբար, եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը միանգամայն պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն այդ ընտրական գործընթացներին: Եվ վերաբերվում են: Ես հենց դրանով եմ նաեւ բացատրում ՀԱԿ-ի՝ քաղաքական վարքագծում ծայրահեղ դիրքորոշումից դեպի ավելի հանդուրժողական եւ կառուցողական երկխոսության գնացող դիրքորոշման արձանագրումը եւ իշխանությունների վերաբերմունքը: Ես նաեւ պետք է փաստեմ եւ կարծում եմ, որ անվիճելի բան եմ ասում՝ այսօրվա նախագահն իր նախագահության ժամկետում քաղաքական օպոնենտների՝ ընդդիմության նկատմամբ որեւէ կոշտ քայլ, այնքան կոշտ, որ կարող է առաջացնել հանրության անվստահությունը եւ զայրույթը, չի արել: Դա նույնպես երաշխիք է նրա, որ նա նույնպես պատրաստ է կառուցողական երկխոսության եւ ըստ այդմ՝ ընդդիմության հետ միասին ստանձնելու ընտրական գործընթացների ողջ պատասխանատվությունը»:
Նկատեցինք, որ բացառիկ ծայրահեղից կառուցողական դիրքորոշման անցնելով՝ ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, այնուհանդերձ, վերջնաժամկետ նշեց՝ ապրիլի 28-ը, եւ պարտադիր կատարման ենթակա երեք կետ: Մեր զրուցակիցը ապրիլի 28-ը դիտում է ոչ թե վերջնաժամկետ, այլ «երկխոսությունը սկսելու համար բանական ժամկետ», եւ կարծում է, որ մինչ այդ օրը իշխանությունը երեք պահանջները կկատարի՝ «ոչ լիարժեք, բայց քայլեր, որոնք ցույց են տալիս, որ մենք պատրաստ ենք երկխոսության, կարծում եմ, կլինեն»: Նա իշխանություն-ընդդիմություն կառուցողական երկխոսությունն այլեւս համարում է «մեր իրականության անհերքելի բաղկացուցիչը»: Այս ներքաղաքական իրավիճակը մեր զրուցակիցը մեկ բառով է գնահատում՝ «նախընտրական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել