ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Գլուխ յոթերորդ
ՍՏԱԼԻՆՅԱՆ ՋՐԱՆՑՔԸ
Կարճ ասած՝ մի տարի հետո Երվանդի չափածո Ծաղկաձորապատումն, ըստ ամենայնի, ծավալի իմաստով կկրկնապատկվի եւ միգուցե նույնիսկ եռապատկվի, ու էս ենթադրությունս միանգամայն բնական ու տրամաբանական է, որովհետեւ լավ եմ հիշում, որ անցյալ տարվա էս ամսին Երվանդի էս անտիպ ու չափածո Ծաղկաձորապատումը ծավալով գրեթե երկու անգամ նվազ էր, քան՝ հիմա. էնպես որ, Ծաղկաձորի գործող քաղաքապետի համար անհամեմատ ձեռնտու է հիմա՝ հենց էս պահին ֆինանսավորել Ծաղկաձորին ձոնված Երվանդի էս չափածո էջերը, քան՝ մի տարի հետո, մանավանդ որ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի տարի հետո համաշխարհային տնտեսական ճգնաժամն ավարտված կամ նույնիսկ մեղմված կլինի, ու էս ասածս էլ է վկայում, որ Երվանդի էս անտիպ էջերի ֆինանսավորման հարցի ձգձգումը միանգամայն վտանգավոր է եւ հատկապես ու առանձնապես Ծաղկաձորի գործող քաղաքապետի համար է վտանգավոր, մանավանդ որ, ինչպես արդեն ասացի, Պետրոսյան Երվանդն ամենեւին էլ մտադիր չի այլ հովանավոր փնտրել, եւ դա էլ է միանգամայն բնական ու տրամաբանական՝ ոչ միայն էն պատճառով, որ Ծաղկաձորի գործող քաղաքապետը տղամարդու խոսք է տվել ֆինանսավորել Երվանդի էս անտիպ էջերը, այլեւ էն պատճառով, որ Երվանդի էս անտիպները Ծաղկաձորի՛ ֆլորային ու ֆաունային, ինչպես նաեւ՝ Ծաղկաձորի՛ պատմությանն ու Ծաղկաձորի՛ ներկային են ձոնված, եւ միանգամայն բնական ու միանգամայն տրամաբանական է, որ Երվանդի էս չափածո Ծաղկաձորապատումը հատկապես Ծաղկաձորի՛ քաղաքապետը ֆինանսավորի ու հրատարակի, այլ ոչ թե՝ Դիլիջանի կամ, ասենք, Սեւանի քաղաքապետերը. այսինքն, երիցս ճիշտ է Երվանդը, որ որոշել է համբերել ու սպասել, եւ երեկ շատ ճիշտ էր ասում՝ «ուշ լինի, նուշ լինի», եւ ես էլ իր հետ համաձայնվեցի, եւ հիմա, երբ արդեն իր հավաքած ու Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդքան սնկերն էդքան ուտելուց հետո արդեն երկրորդ անգամ բարեհաջող զարթնել եւ իմ ու իր խոսակցությունները հիշելով՝ փորձում եմ գրի առնել, ավելի ու ավելի եմ համոզվում, որ ճիշտն ինքն է, եւ ինքը հատկապես էն առումով է ճիշտ, որ քաղաքապետի հետ համաձայնվելով եւ իր էդ Ծաղկաձորապատումի հրատարակությունը հետաձգելով, փաստորեն, իր էդ գիրքը չափածո նորանոր քերթվածքներով լրացնելու ու հարստացնելու բացառիկ հնարավորություն է ինքն իրեն ընձեռում. այսինքն, Պետրոսյան Երվանդի համար սա եւս մի հրաշալի առիթ է, որպեսզի հետագայում եւս ստեղծագործելով հուսա, ու էս ամենը հիմա առանձնապես պայծառացած մտքով եմ ասում, որովհետեւ էդ լիքը սնկերից հետո արդեն երկրորդ անգամ բարեհաջող զարթնել ու մտածելով հասկանում եմ, որ էս կյանքից ոչ միայն Պետրոսյան Երվանդը լիքը սպասելիքներ ունի, այլեւ՝ ձեր խոնարհ ծառան, եւ էս պարզ ու հասարակ բանը միայն հիմա եմ էսքան պարզ ու էսքան հստակ հասկանում, որովհետեւ Երվանդի էդ լիքը սնկերից հետո արդեն երկրորդ անգամ բարեհաջող զարթնել ու միանգամայն նորովի եմ նայում ամենքին ու էս ամենին, եւ հիմա երկրորդ անգամ բարեհաջող զարթնելով եւ հետագա կյանքիս ու անելիքներիս մասին մտածելով՝ հաճելիորեն մտածում ու հասկանում եմ, որ իմ զարթնելով ու իմ շարունակվելով՝ նաեւ էս վեպս է շարունակվելու. այսինքն, էս զարթնելս ու շարունակվելս ոչ միայն անձամբ ինձ է ձեռնտու, այլեւ՝ հատուկենտ ընթերցողներիս, որոնցից ամենահաջողակներն իմ ու Երվանդի պես շարունակում են ապրել եւ հուսալ, ինչպես նաեւ՝ շաբաթ օրերին աչքի անցկացնել էս անհեթեթ ու անսպասելի զեղումներս. այսինքն, էս ամենահաջողակներն իրենց պարտականություններից ու պատավորություններից զատ՝ իմ ու Երվանդի պես էս կյանքից նաեւ սպասելիքներ ու ստանալիքներ ունեն, բայց էս ասածս ամենեւին չի նշանակում թե՝ ես ու Երվանդն էս կյանքում պարտավորություններ ու պարտականություններ չունենք, եւ էսօր երկրորդ անգամ բարեհաջող զարթնելով ու էս ամենի մասին լրջագույնս մտածելով՝ մանրից սկսում եմ հասկանալ, որ էս կյանքում Երվանդի ու մանավանդ իմ ունեցածը բացառապես պարտավորություններ ու պարտականություններ են, եւ եթե էս անսպասելի ու անտեղի շեղումներս երբեմն նաեւ ինձ են հաճելի, էդ ամենեւին չի նշանակում թե՝ էս վեպիս առումով ինձ պարտավորված չեմ զգում. ավելին. եթե ինձ չհաջողվի ամբողջ մտածածս ու ամբողջ ասելիքս փոխանցել ձեզ, դրա համար միայն ու միայն ինձ եմ մեղադրելու, որովհետեւ էսքան փրկվելով ու էսքան զարթնելով՝ պարտավոր եմ միանգամայն հասկանալի լեզվով ձեզ փոխանցել իմ էն զգացումներն ու մտածմունքները՝ որ չունեցան չփրկվածներն ու չարթնացածները, եւ իմ էս գիրն էսքան երկար է ստացվում, որովհետեւ ես, կամավոր ու ինքնագլուխ, ոչ միայն իմ անունից եմ գրում, այլեւ բոլոր նրանց անունից ու բոլոր նրանց փոխարեն՝ ում էս կյանքում բախտ չվիճակվեց արթնանալով փրկվել, եւ էս արածս ու հետագա անելիքս ինձ համար իսկական պարտավորություն ու պարտականություն է, եւ ես պարտավոր եմ ասել էն ամենը՝ ինչը չհասցրին ասել չարթնացածներն ու չփրկվածները, եւ հիմա արդեն սկսում եմ հասկանալ, որ ժամանակին Սարյանն էլ է պարտավորված եղել չարթնացածների ու չփրկվածների անունից հայտարարել թե՝ «երջանկությունը ապրելն է», եւ շատ նկարող ու քիչ խոսող Սարյանը երեւի ստիպված է եղել խոսել ու էդ ասել, որովհետեւ հանկարծակի ու դիպվածով հասկացել է, որ եթե ինքն էդ բանը չասի, իր փոխարեն ուրիշը դժվար թե էդ բանն էդքան պարզ ու էդքան հասկանալի լեզվով ասի, եւ չնայած Սարյանի նկարներն էլ էն պարզ ու հասկանալի, եւ չնայած Սարյանի նկարներն էլ են խոսում ու ասում, որ երջանկությունը ապրելն է, այդուհանդերձ, Սարյանն էդ անգամ ստիպված է եղել բառերով արտահայտվել ու ասել, որ երջանկությունը ապրելն է, որովհետեւ, ըստ ամենայնի, էդ մի անգամ կասկածել է թե՝ նկարչությամբ ասվածը մահկանացուներս կհասկանանք, եւ շատ էլ ճիշտ է կասկածել, որովհետեւ, եթե ես ժամանակին Կոջոյանն ավարտելով ու մի ամբողջ տարի Թերլեմեզյանում սովորելով՝ Սարյանի նկարչությունից էդ եզրակացությանը չէի հանգել, ուրիշներն առավել եւս չէին հանգի. ավելին. ես նույնիսկ Սարյանի էդ բառացի ասածը չէի հիշի, եթե երկու օր առաջ Երվանդի էդ սնկերն էդպես ագահաբար կլանած չլինեի, ու սիրտս էլ չխառներ, ու գլուխս էլ չպայթեր, ու տաքությունս էլ էդքան չբարձրանար, եւ հիմա, երբ արդեն երջանիկ եմ, հավանաբար շուտով Սարյանի էդ ասածն էլի կմոռանամ, որովհետեւ վերստին երջանիկ լինելով՝ վերստին կսկսեմ չհասկանալ, որ երջանիկ եմ, եւ եթե Երվանդի հավաքած ու Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ սնկերը չլինեին, երեւի ընդհանրապես երջանկության մասին չհիշեի էլ, եւ հիմա, երբ արդեն հիշել ու վերստին սկսում եմ մոռանալ, սկսում եմ մոռանալ նաեւ Երվանդի սնկերին անմիջապես հաջորդած վիճակս ու հոգեվիճակս, եւ եթե ընդամենը երկու օր առաջ՝ Երվանդի էդ լիքը սնկերից ընդամենը մի քանի ժամ անց ընդամենն ապրել էի փափագում, հիմա արդեն միանգամայն հանգիստ ու սթափ մտածելով հասկանում եմ, որ էդ իրիկվա ջերմությունս, սրտխառնոցս ու գլխացավս ընդամենը մրսածության հետեւանք էին եւ որեւէ առնչություն չունեին Երվանդի հավաքած եւ Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ լիքը սնկերի հետ, եւ հիմա վերստին երջանիկ լինելով ու վերստին երջանկությունս ըստ էության չգիտակցելով՝ սկսում եմ վերջնականապես հասկանալ, որ երջանկության առկայությունը չեն հասկանում ու չեն ընկալում հատկապես ու առանձնապես նրանք՝ ովքեր երջանիկ են, եւ, ընդհակառակը, երջանկության գոյությունն ու առկայությունն ընկալում ու գիտակցում են հատկապես նրանք՝ ում կյանքին չափազանց ռեալ վտանգ է սպառնում, եթե, իհարկե, հասկանում են, որ իրենց կյանքին ռեալ վտանգ է սպառնում, բայց քանի որ էդ բանը հազարից մեկն էլ չի հասկանում, հազարից մեկն էլ հնարավորություն չի ունենում հասկանալ ու գիտակցել, որ երջանկությունը ոչ թե յոթ սարից էն կողմ՝ հեռավոր մի տեղ է, այլ իրական կյանքում՝ էստեղ մոտերքում ինչ-որ տեղ, եւ եթե երկու օր առաջ էդ բանը միանգամայն հստակ գիտակցեցի ու հասկացա, դրա պատճառը ոչ թե Սարյանի էդ ասածը հիշելս էր, ոչ թե ընդհանուր իմացությունս ու խորագիտությունս էին, այլ ընդամենը՝ Երվանդի հավաքած ու Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ լիքը սնկերը, որ էդ իրիկուն ագահաբար ու ենթագիտակցաբար կլանեցի, բայց քանի որ նախքան էդ՝ էդ նույն օրվա ցերեկն անզգուշաբար պատշգամբիս դուռը բաց թողել ու Ծաղկաձորի էդ օրվա քամու տակ ժամուկես անգիտակցաբար քնել էի, Երվանդի հավաքած ու Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ անկրկնելի սնկերն իրիկվա կողմ մեկին մեկ համընկան ջերմությանս, սրտխառնոցիս ու գլխացավիս հետ, եւ ես ստիպված մի ամբողջ գիշեր՝ ընդհուպ առավոտվա յոթը մտածեցի կյանքի ու մահվան, ինչպես նաեւ՝ երջանկության մասին, ընդ որում՝ մի ամբողջ գիշեր լրջորեն անձամբ իմ կյանքի, անձամբ իմ մահվան եւ անձամբ իմ երջանկության մասին էի մտածում, եւ հիմա արդեն սկսում եմ հիշել, որ նախկինում էլ եմ երբեմն-երբեմն ու միանգամայն լրջորեն մտածել անձամբ իմ կյանքի, անձամբ իմ մահվան եւ անձամբ իմ երջանկության մասին, ընդ որում՝ ոչ թե առանց առիթի ու փիլիսոփայորեն եմ էդ բաների մասին մտածել, այլ էս անգամվա պես՝ միանգամայն կոնկրետ առիթով. այսինքն, էլի է պատահել, որ դեպքի բերումով կյանքի ու մահվան ճիշտ մեջտեղում գտնվելով՝ հաջողությամբ, ինչպես ասում են, պլստացել եմ, բայց պլստալուցս շատ չանցած՝ ոչ միայն մոռացել եմ կենաց լույսից զրկվելու հետ կապված ահավոր սարսափներս, այլեւ չեմ էլ հիշել, որ երբեւէ էդպիսի պահեր ու էդպիսի վախեր եմ ունեցել, բայց դրանցից մեկը ժամանակ առ ժամանակ հիշում եմ, եւ որ ուզենամ էլ՝ էդ մեկը չեմ կարող ժամանակ առ ժամանակ չհիշել, որովհետեւ էդ անգամ ոչ թե կյանքի ու մահվան մեջտեղում եմ գտնվել, այլ՝ մահվան ու անդունդի եզրին, ավելի ճշգրիտ՝ մահվան ահավոր հոսանքի մեջ, ու էդ անգամվանը միշտ ու լավ եմ հիշում՝ ոչ միայն էն պատճառով, որ իսկապես մահվան ահավոր հոսանքի ու ալիքների մեջ եմ գտնվել, այլեւ էն պատճառով, որ մահվան ահավոր հոսանքի մեջ եմ գտնվել էն ժամանակի մեջ, որի գույներն ու պատկերները մշտապես՝ ամբողջ կյանքիս ընթացքում են ուղեկցում ինձ, ու երեւի արդեն կռահեցիք, որ ասածս էդ ժամանակը մանկության ժամանակն է, որովհետեւ ինքներդ էլ զգացած կլինեք, որ երեխա ժամանակ տեսածներն ու լսածներն անհամեմատ ուժեղ են տպավորվում եւ անհամեմատ երկար կյանք են ունենում, ու էս ասածս, կարծում եմ, բոլորիս է վերաբերում, բայց հիմա անձամբ իմ փորձից եմ խոսում եւ անձամբ իմ փորձից ու իմ անունից կարող եմ ասել, որ փոքրուց ֆուտբոլասեր լինելով՝ հին ֆուտբոլներից ու հին խաղերից էնպիսի մանրամասներ ու մանրուքներ եմ հիշում, որ էդ խաղերը խաղացած ֆուտբոլիստներն անգամ դժվար թե հիշեն, մինչդեռ էսօրվա դրությամբ ֆուտբոլասեր մնալով ու էս վեպիցս ազատ գրեթե բոլոր ժամերս բուքմեյքերականներում անցկացնելով՝ նույնիսկ մի քանի օր առաջ տեսածս խաղերից էական մանրամասներ չեմ հիշում, եւ նույնը կարող եմ ասել մյուս բնագավառների վերաբերյալ, բայց էն՝ ինչի մասին ուզում եմ ձեզ պատմել, առանձնապես կապ չունի մանկական վառ տպավորությունների ու մանկական երեւակայության հետ, ու ամենազարմանալին էն է, որ փոխանակ էդ դեպքն ու էդ դեպքի մանրամասներն ամեն օր հիշեմ, վաթսունականների ինչ-որ ֆուտբոլային խաղերի մանրամասներ ու դրվագներ եմ անընդհատ հիշում, մինչդեռ անձամբ ինձ հետ պատահած էդ դեպքն ու էդ դեպքի մանրամասներն էի պարտավոր հիշել, եւ հիմա հիշելով ու սկսելով պիտի ասեմ, որ էդ դեպքը ոչ միայն շարունակաբար ու անարդարացիորեն մոռանում եմ, այլեւ էդ դեպքի ճշգրիտ թվականը չեմ հիշում, ավելի ճիշտ՝ մոտավորապես եմ հիշում, ու երեւի ժամանակը մոտավորապես էլ չհիշեի, եթե էդ դեպքը դպրոցիս ճամփին տեղի ունեցած չլիներ, եւ քանի որ Տերյանի էդ դպրոցում ընդամենը երեք տարի՝ առաջինից երրորդ դասարանն եմ սովորել, միանգամայն վստահ ու անսխալ կարող եմ պնդել, որ էդ դեպքը վաթսունից վաթսուներկու թվականն ընկած ժամանակամիջոցում է տեղի ունեցել. այսինքն, ես էդ տարի յոթ, ութ կամ, ամենաշատը, ինը տարեկան էի, եւ չնայած ծիծաղելի է, որ կյանքումս տեղի ունեցած էդ ամենաորոշիչ ու ամենաճակատագրական դեպքի ժամանակն էս կերպ եմ ճշտում, այդուհանդերձ, ստացվում է, որ եթե Տերյանի էդ դպրոցում ավելի երկար սովորած լինեի, ավելի մոտավոր էի հիշելու իմ կյանքի էդ ամենաճակատագրական իրադարձության ժամանակը, որն էս պահին Տերյանի դպրոցում սովորածս էդ երեք տարիների մեջ եմ աչքաչափով տեղավորում, իսկ եթե ավելի ճիշտ ասեմ՝ ես էդ երեք տարիները ոչ թե Տերյանի դպրոցում եմ սովորել, այլ՝ Երեւանի թիվ 60 դպրոցում, որն իմ սովորելու տարիներին որեւէ մեկի անունը չէր կրում, որովհետեւ էդ դպրոցը մինչեւ հիսունհինգ թվականն Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալինի անունը կրելով՝ հիսունհինգից սկսած անանուն էր մնացել եւ հետագայում՝ տարիներ անց Վահան Տերյանի անունը կրեց, մինչդեռ ինձ հետ տեղի ունեցած էդ ճակատագրական դեպքի ժամանակ Վահան Տերյանի անունը ոչ թե Ուպռավլենու մեր էդ թիվ 60 դպրոցն էր կրում, այլ Կայարանի թիվ 6 դպրոցը, որտեղ մայրս հայոց լեզու ու գրականություն էր դասավանդում, ու էս մանրամասները, որ հիմա հիշելով գրի եմ առնում, եւս մի անգամ վկայում են, որ մենք մեր մինուճար կյանքում շատ հաճախ էնպիսի երկրորդական մանրամասներ ենք կարեւորում ու հիշում, որ հեչ կարեւոր էլ չեն, մինչդեռ կարեւոր ու ամենաէական բաները շարունակաբար մոռանում ու միայն էն պահերին ենք հիշում, երբ ստիպված ենք լինում հիշել, եւ հիմա՝ երբ Երվանդի հավաքած ու Նունեի ղեկավարությամբ պատրաստված էդ լիքը սնկերի առիթով վաթսունից վաթսուներկու թվականների արանքում ինձ հետ կատարված էդ ճակատագրական դեպքն եմ սկսում հիշել, տրամադրված եմ նաեւ ինձ հետ կատարված էդ դեպքը ձեզ համար ամենայն մանրամասնությամբ պատմել, որպեսզի էսքան ասածներս տեղ հասնեն ու իզուր չանցնեն, չնայած, շատ հնարավոր է, էս ասածներս ու հետագա ասելիքս էլ ձեր իմացածին որեւէ նոր բան չավելացնեն, որովհետեւ հեչ պարտադիր չի գրող լինել՝ հասկանալու եւ իմանալու համար էն բաները՝ որ մինչեւ հիմա ասել եմ, ինչպես նաեւ էն բաները՝ որ սրանից հետո պիտի ասեմ, որովհետեւ գրողներիս պարտականությունը ոչ թե ձեր չիմացածն ու ձեր չմտածածը գրելն է, այլ, ընդհակառակը, ձեր հազար անգամ մտածածն ու ձեր հրաշալի իմացածը գրի առնելը, եւ եթե նույնիսկ իմ էս մտածածները երբեւէ ինքնուրույն չեք մտածել, դրա պատճառն ընդամենն էն է, որ մտածելու առիթը չի ներկայացել, որովհետեւ մինչեւ առիթը չի ներկայանում, մարդ արարածը որեւէ բան չի մտածում, եւ քիչ առաջ, երբ արդեն պատրաստվում էի ձեզ պատմել վաթսունից վաթսուներկուսի արանքում տեղի ունեցած էդ, ուրեմն, ճակատագրական դեպքը, Ծաղկաձորի իմ էս հեռուստացույցի մեջ «Արսենալը» «Վեստ Հեմին» գոլ խփեց, եւ հեռուստացույցի էկրանով մեկ շողշողաց «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի երջանիկ դեմքը, եւ չնայած մանկուց հիվանդագին ֆուտբոլասեր եմ եղել ու էսօր էլ ոտս բուքմեյքերականներից չեմ կտրում, էսօր ու հիմա առաջին անգամ ըստ էության մտածելով՝ առաջին անգամ գլխի ընկա, որ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչն անձամբ ու հատկապես Արսեն Վենգերն է, եւ հիմա, երբ էս վերջին նախադասությունն էի գրում, «Արսենալը» երկրորդ գոլը խփեց, ու էկրանին վերստին երջանիկ Արսեն Վենգերն է, եւ իր էս անգամվա երջանկությունն արդեն միանգամայն այլ իմաստ ու բովանդակություն է պարունակում, ընդ որում՝ անձամբ ինձ համար է այլ իմաստ ու բովանդակություն պարունակում, որովհետեւ էսքան տարի ֆուտբոլ նայելով ու Արսեն Վենգերին էլ մշտապես «Արսենալի» ղեկի մոտ տեսնելով՝ առաջին անգամ եմ իր ու իր ղեկավարած թիմի անունների վրա կենտրոնանում ու կենտրոնանալով՝ սկսում եմ մտածել ու հասկանալ, որ աշխարհի էսքան ֆուտբոլային թիմերից հենց էս թիմի անունն է Արսենալ, եւ հենց էս «Արսենալի» գլխավոր մարզչի անունն է Արսեն, եւ հիմա կենտրոնանալով ու մտածելով՝ նույնիսկ հայ մարզիչների մեջ Արսեն անունով որեւէ մեկին չեմ հիշում. այսինքն, էս Արսեն Վենգերն իմ իմացած գլխավոր մարզիչներից միակ Արսենն է, եւ իմ իմացած Արսեններից՝ միակ գլխավոր մարզիչը, եւ ահա՝ երկու երնեկ մեկտեղվել ու ակնհայտ արդյունքի են հասել, եւ Արսենն ու «Արսենալը» «Վեստ Հեմի» դաշտում երկու գնդակի տարբերությամբ դաշտի տերերին հաղթելով՝ տանտերերին, փաստորեն, ոչ մի հույս չեն թողել, եւ էս պահին դաշտի տերերն իրենց իսկ դաշտում անիմաստ վազվզում են եւ եթե երրորդ գոլը չուտեն՝ կարող են հաջողություն համարել, եւ հիմա էս ուղղությամբ խորանալով՝ ինքս ինձ հարց եմ տալիս՝ Արսենը հայկակա՞ն անուն է, թե՝ չէ,- եւ առաջինը Ֆրունզի Դմբուզ Արսենին հիշելով՝ նաեւ Տերյանի դպրոցի մեր դասարանի Արսենին եմ մտաբերում, ինչպես նաեւ՝ մեր էստրադայի բազմաթիվ արսենգրիգորյաններին, եւ անմիջապես էլ հիշում եմ, որ ես պատրաստվում էի վաթսունից վաթսուներկու թվականների արանքում ինձ հետ տեղի ունեցած էդ ճակատագրական դեպքը ձեզ համար պատմել, բայց «Արսենալի» ու Արսեն Վենգերի ուղղությամբ շեղվեցի, եւ հիմա, երբ արդեն մտադրվել էի մտովի վերադառնալ վաթսունականների սկզբներին ու էդ ճակատագրական դեպքը ձեզ պատմել, «Վեստ Հեմն» առաջին պատասխան գնդակն է խփում Արսեն Վենգերի «Արսենալի» դարպասը, ու ես, որ քիչ առաջ մտածում էի թե՝ էսօր հրաշքն էլ «Վեստ Հեմին» չի փրկի, հիմա արդեն չեմ հասցնում էս խաղի վերաբերյալ նոր բան մտածել, որովհետեւ մինչ փորձում էի էս խաղի վերաբերյալ նոր բան մտածել, «Վեստ Հեմը» նոր գոլ խփեց, եւ Արսեն Վենգերն արդեն էկրանով մեկ ծռմռում է դեմքը՝ առանց հասկանալու, որ ինքն աշխարհի Արսեններից ամենաերջանիկն է՝ ոչ միայն էն իմաստով, որ ինքն աշխարհի ամենահեղինակավոր ու ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկն է, այլեւ էն իմաստով, որ աշխարհի ամենահեղինակավոր ու ամենաբարձր վարձատրվող մարզիչներից միայն իրեն է բախտ վիճակվել մարզել մի թիմ, որի անունը գրեթե մեկին մեկ համընկնում է իր իսկ անվանը, եւ, բնականաբար, էս պահին ինքն էդ մասին մտածելու ոչ ժամանակ ունի եւ ոչ էլ մանավանդ տրամադրություն, որովհետեւ եթե իր սաներն էս ոգով շարունակեն, «Վեստ Հեմին» գուցեեւ հաջողվի էս խաղից ամբողջ երեք միավոր կորզել, եւ, կարծում եմ, «Արսենալի» Արսենին արդեն նույնիսկ ոչ-ոքին է բավարարում, որովհետեւ գնդակը մի գլուխ դաշտի տերերի մոտ է, եւ «Արսենալի» Արսենը մի գլուխ ժամացույցին է նայում, եւ վերջապես մրցավարը սուլում է, եւ մրցավարի սուլոցից «Արսենալն» ու Արսենն ավելի գոհ են, քան՝ դաշտի տերերը, եւ չնայած ընդամենը քսան րոպե առաջ մտածում էի, որ միայն հրաշքը կարող է «Վեստ Հեմին» պարտությունից փրկել, հիմա արդեն ոչինչ չեմ մտածում, ավելի ճիշտ՝ հիմա միանգամայն ա՛յլ հրաշքի մասին եմ մտածում. է՛ն հրաշքի, որը կատարվեց ու տեղի ունեցավ անձամբ ինձ հետ վաթսունից վաթսուներկու թվականների արանքում՝ կեսօրվա մեկից երկուսն ընկած ժամանակամիջոցում, ու էս մանրամասները հստակ եմ հիշում, որովհետեւ Տերյանի դպրոցում մեր դասերը երկուսին էին սկսվում, եւ էդ օրն ու մոտավորապես էդ ժամին, հիշում եմ, մեր դպրոցի բարձր դասարանցիներն արդեն իրենց դասերը պրծել եւ ազատորեն ու համարձակորեն լողում էին մեր դպրոցի դիմացով հոսող ջրանցքում, որը նույնպես ժամանակին ժողովուրդների հոր անունն էր կրել, բայց էդ պահին արդեն Շահումյանի ջրանցք էր կոչվում, ու ես էդ օրն ամեն օրվա պես Մետաքսի մեր Հակոբ Հակոբյան հատվածից գալով ու գնացքի գծերը հատելով՝ հասել էի ջրանցք ու ամեն օրվա պես նախանձով ու հիացմունքով նայում էի ազատորեն ու համարձակորեն լողացող մեր մեծերին ու բարձր դասարանցիներին, բայց այն՝ ինչ տեղի ունեցավ դրանից հետո, ես ոչ էն ժամանակ հասկացա ու ոչ էլ էսօր եմ հասկանում. այսինքն, ես առ էսօր չեմ հասկացել՝ ինչու էդ օրը, ի տարբերություն նախորդ օրերի, ինձ չկարողացա զսպել ու շորերս արագ հանելով՝ գցվեցի էդ վարար ու վտանգավոր ջրանցքը, որը բազում կյանքեր էր խլել եւ որից բոլորն ու մանավանդ մեր մայրերն էդքան սարսափում էին, եւ չնայած չեմ կարող ասել՝ ինչու արագ-արագ հանվելով էդ ամենակուլ ու մարդակեր ջուրը թռա, հաստատ կարող եմ ասել, որ ես, նախքան էդ, ոչ միայն էդ ջրանցքում, այլեւ Մետաքսի մեր մանկապատանեկան լողավազանում էլ լողացած չկայի՝ էն պարզ պատճառով, որ մայրս ու քեռիներս խստիվ էին արգելել, եւ ահա էդ մշտական հսկողությունից ազատված՝ վայրկենապես հանվեցի ու առանց երկարբարակ մտածելու վայրէջք կատարեցի էդ վարար ու ահավոր ջրի մեջ, եւ չնայած վայրկյան անգամ ջրի երեսին չմնացի, ջրի տակ էլ միանգամայն հստակ հասկանում էի, որ հարյուրտոկոսանոց մահ է:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ