Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախանձը եւ մարդը

Ապրիլ 16,2011 00:00

Ասում են՝ նախանձը բնածին է, ծնունդ է առնում մարդու գիտակցական կյանքից եւ շարունակում է ապրել նրա հետ: Սակայն մեզանից ոմանք կարողանում են ինքնատիրապետել եւ չցուցադրել այն, ոմանք իրենց մատնում են դեմքի արտահայտության (միմիկայի) միջոցով:
Նախանձը առաջանում է թերարժեքության զգացումի հենքի վրա, առաջին հերթին վնասում սեփական անձի նկատմամբ հարգանքին: Նախանձի մասին գրված է նաեւ Աստվածաշնչում, որտեղ հանգամանալից ներկայացված է Հովսեփի ընտանիքի մասին: Հովսեփը՝ ամենակրտսերը, հոր՝ Հակոբի սիրելի որդին էր, իսկ այդ իրողությունը ահավոր ձեւով բարկացնում էր իր տասնմեկ եղբայրներին:
Շեքսպիրը իր «Օթելլո» ողբերգության մեջ հիանալի ներկայացրել է նախանձն ու խանդը. վենետիկյան ազնվական Յագոն չէր կարողանում ոչ մի կերպ հաշտվել Օթելլոյի հաջողությունների հետ: Նա հավատացնում է Օթելլոյին, որ նրա սիրելի կինը՝ Դեզդեմոնան, դավաճանում է իրեն՝ ինտիմ կապի մեջ մտնելով Կասիոյի հետ: Օթելլոն խանդից դրդված՝ սպանում է կնոջը:
Մի այլ օրինակ է ներկայացրել Ալեքսանդր Դյուման իր «Կոմս Մոնտե Քրիստո» գրքում: Դա խոստումնալից ապագա ունեցող երիտասարդի մասին եղած պատմություն է: Նախանձի եւ խանդի օբյեկտը գեղեցկուհի Մերսեդեսն է, ում հետ Էդմոնդ Դանտեսը մտադիր էր ամուսնանալ: Սակայն վերջինս խարդավանքների արդյունքում բանտարկվում է:
Նախանձը, խանդը, ատելությունն ու վրեժխնդրությունը իրականություններ են, որոնց հետ մարդկությունը պայքարի մեջ է հարյուրամյակներ շարունակ:
Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ գոյություն ունի նախանձի մի քանի տեսակ՝ դեպրեսիվ նախանձ, թշնամական նախանձ եւ հիացմունքային նախանձ:
Առաջինի դեպքում նախանձն առաջանում է այլոց երջանկության պատճառով եւ ուղեկցվում է դեպրեսիվ մտքերով, ինչպիսիք են՝ «երբեք չեմ կարող (չեմ ունենա) եւ այլն»:
Երկրորդի ժամանակ նկատվում են ավելի ագրեսիվ բնույթ ունեցող արտահայտություններ կամ մտքեր, շեշտադրվում է թերարժեքության բարդույթը:
Նախանձի երրորդ ձեւը մեր հայրենակիցներն անվանում են «բարի նախանձ», որը այնքան էլ բարի չէ, սակայն վերոհիշյալ տարբերակներից ամենաընդունելին է: Այս դեպքում հաճախ օգտագործվում են՝ «արժանի է, շատ է աշխատել (երանի նրան)» այսօրինակ արտահայտություններ: Վերջին տարիների հետազոտությունները բացահայտել են տխուր իրականություն, երբ մարդիկ կարող են նախանձել մոտիկ, նույնիսկ մտերիմ մարդկանց: Նախանձը վտանգավոր է մի պարզ պատճառով, որ այն կարող է առաջ բերել բացասական մտքեր, որոնք էլ կնպաստեն մարդու ամբողջ օրգանիզմի քայքայմանը: «Հենց դրա համար խելացիներն աշխատում են չցուցադրել կամ չպատմել իրենց հաջողությունների մասին», – կես կատակ, կես լուրջ մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց ռումինացի հոգեվերլուծաբան Միրելա Զլատեն: Վերջինիս խոսքերով՝ մարդու գլխուղեղի միջին նախաճակատային կեղեւի (ՄՆՃԿ) զննումը թույլ տվեց գիտնականներին պարզել, թե ուղեղի որ մասն է արձագանքում նախանձի առկայության դեպքում: ՄՆՃԿ-ն ակտիվանում է միայն այն ժամանակ, երբ մարդը մտածում է սեփական անձի կամ այլոց մասին: Ի զարմանս մասնագետների, այն ժամանակ, երբ անհատը զզվանք է զգում որեւէ նկարի (լուսանկարի) նկատմամբ՝ ուղեղի ՄՆՃԿ շրջանում ոչ մի ակտիվություն չի նկատվում:
Մի քանի փորձի ընթացքում ուղեղի այս շրջանն ակտիվանում է միայն հպարտության, նախանձի կամ խղճահարության զգացողությունների առկայության ժամանակ՝ ասոցացված լուսանկարների առկայության հետ (այնուամենայնիվ, գլխուղեղի այլ հատվածներ, ինչպիսիք են՝ ամիգդալոյիդ կորիզը՝ զգացմունքների եւ վարքագծի պատասխանատուներից մեկը, եւ կղզյակը, որոնք ակտիվանում են նաեւ զզվանք առաջացնող մարդկանց եւ հակամարդկային օբյեկտների առկայության դեպքում):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել