Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Առաջարկ. սեռական բռնություն իրականացնողին մեկ տարով սեռական ակտ ունենալու հնարավորությունից զրկելու մասին

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ կատարված հանցագործությունները տարեցտարի աճում են: Մասնագետների պնդմամբ՝ գրանցված աճը հասարակության լռության պատճառն է եւ բռության ենթարկված անձանց չպաշտպանված լինելը: Տարբեր կազմակերպությունների իրավաբաններ ու փաստաբաններ պնդում են, որ անգամ իրավապահ մարմինները չեն պաշտպանում սեռական հանցագործությունների զոհերին, դեռ ավելին՝ դիմելով, օրինակ, ոստիկանական բաժանմունք, երկրորդ անգամ է զոհը բռնության ենթարկվում՝ ծաղրանքի, ոչ պատշաճ վերաբերմունքի արժանանալով:
Փաստաբան Նոնա Գալստյանը շեշտում է, որ հաճախ զոհերը հենց ոստիկանից են խուսափում, որովհետեւ ցուցմունք տալիս ոստիկանները զոհին փորձում են ճնշումների, սպառնալիքների միջոցով համոզել, որ իր հետ նման բան տեղի չի ունեցել, իզուր դիմում թող չգրի եւ այլն: Նրա հավաստմամբ, մարդիկ վախենում են նույնիսկ իրենց իրավունքները պաշտպանելու ընթացքում իրենց անունը եւ պատիվը պախարակելուց:
«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի տնօրեն Լալա Ահարոնեանը նույնպես նշում է, որ սեռական հանցագործությունների զոհերը Հայաստանում պաշտպանված չեն: Նա ասում է. «Զոհերը Հայաստանում նախ հոգեբանական խնդիր ունեն, երբ մեկը ենթարկվում է սեռական բռնության, մտածում է, որ ինքն է մեղավորը, որ այդպես եղավ»: Լ. Ահարոնեանը շեշտում է, որ իրավապահ մարմիններին սեռական բռնության զոհերը չեն վստահում, որովհետեւ թե զոհերի ծնողները, թե հենց իրենք՝ զոհերը, վստահ չեն, որ կկարողանան հասնել արդարության կամ իրենց կպաշտպանեն իրավաբանորեն: «Հայաստանում դեռ չկա այդ վստահությունը, որն էլ պատճառ է դառնում սեռական բռնության դեպքերի քիչ բացահայտման»,- ավելացրեց նա, նշելով, որ մարդիկ վախենում են խոսել իրենց խնդիրների մասին: «Մարդիկ չեն խոսում իրենց հետ կատարվածների մասին: Այս խնդիրը կա մասնավորապես անչափահասների շրջանում: Հաճախ նրանց փոխարեն ծնողները, բարեկամը կամ ընկերուհին է զանգում խորհրդատվության համար: Լինում են նաեւ դեպքեր, որ երիտասարդ աղջիկները զանգում են եւ ընկերուհիների անուններից են ներկայանում, սակայն հասկանում ենք, որ դա հենց խոսացողի հետ էլ տեղի է ունեցել»,- ասաց Լ. Ահարոնեանը, պատմելով վերջերս մի խումբ երիտասարդ աղջիկների հետ տեղի ունեցած բռնության մասին. «Նրանք իրենց կոլեգաների հետ գնացել էին ակումբ՝ խրախճանքի, այնտեղ նրանց խմացրել էին, հաջորդ օրը արթնացել էին տարբեր մահճակալներում. նրանք բռնաբարվել էին…»:
Ոլորտի պատասխանատուները ահազանգում են, որ մարզերն էլ «անմասն» չեն սեռական բռնության դեպքերից, եւ ըստ Լ. Ահարոնեանի՝ մարզերում հիմնականում անչափահասներն են բռնությունների ենթարկվում:
Փաստաբան Ն. Գալստյանը ընդգծում է, որ Հայաստանում սեռական բռնության դեպքերից ամենատարածվածները 16 տարին չլրացած անձանց հանդեպ բռնություններն են, անառակաբարո գործողությունները՝ խմբակային բռնաբարությունները. «Փաստն այն է, որ զոհը Հայաստանում պաշտպանված չէ, իսկ հանցագործություն իրականացնողը ըստ արժանվույն չի պատժվում, դրա համար էլ սեռական բռնությունները աճում են մեր հասարակությունում»:
ՀՀ սահմանադրությամբ ամրագրված է, որ մարդը, նրա արժանապատվությունը, հիմնարար իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներն են, իսկ ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը յուրաքանչյուր մարդու անքակտելի իրավունքն է: Ազատության եւ անձեռնմխելիության իրավունքի դրսեւորում է նաեւ յուրաքանչյուրի սեռական ազատությունն ու անձեռնմխելիությունը, որը մարդու բնական իրավունքներից է: Չնայած սա հաստատված է ՀՀ սահմանադրությամբ, սակայն սեռական բռնության ենթարկվածի, վերջինիս խնդիրների մասին քիչ է խոսվում, լուծումներ քիչ են առաջադրվում, իսկ սեռական հանցագործություններ կատարած անձանց համար ՀՀ օրենսդրության սահմանած պատժամիջոցներն ուղղակի ծիծաղ են առաջացնում:
Այս կարծիքին են նաեւ հասարակական կազմակերպություններն ու փաստաբանները, որոնք վերջերս ձեռնարկել են փոփոխությունների եւ լրացումների օրինագիծ ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ գլխում, որը վերաբերում է սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններին: Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նիստում օրենքի նոր մշակված նախագիծն արդեն դրվելու է քննարկման:
Օրինագիծը մշակվել է երեք իրավաբանների՝ Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության եւ ռեսուրս կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանի, ՀՀ փաստաբանական պալատի փաստաբաններ Տիգրան Հայրապետյանի ու Նոնա Գալստյանի կողմից:
Ըստ Դ. Թումասյանի, Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում կատարված իրադարձությունները եւ դրան հաջորդող դատական պրոցեսները հանգեցրին այն եզրակացության, որ օրենքում կան բացեր եւ թերություններ. «Դրանք պետք է շտկել, որը կարեւոր է հետագայում ՀՀ-ում թե չափահաս անձանց եւ թե անչափահասների նկատմամբ սեռական բռնությունների կանխարգելման եւ դեպքերի նվազեցման համար»: Իրավաբանը նկատում է, որ օրենքում սեռական հանցագործությունների համար պատասխանատվության հարցի վերանայումը մեր օրերում արդիական է, ելնելով սեռական հանցագործությունների թվի աճից: Իրավաբանի խոսքով, թե պաշտոնյաները, թե հասարակական հատվածը միաձայն համամիտ են, որ սեռական հանցագործություն կատարած անձանց համար տուգանք պատժամիջոցն իրավաչափ չէ եւ պետք է նախատեսել ազատազրկում, իսկ ազատազրկման չափի հետ կապված կարծիքները տարաբնույթ են: Օրինակ՝ գրանցվել են դեպքեր, որ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար որպես պատիժ սահմանվել է ընդամենը 100.000 դրամ տուգանք, իսկ ազատազրկումը լինում է ամենաշատը երեք տարի: Իրավապաշտպաններին սա չի բավարարում, քանի որ նրանք գտնում են՝ գումարը չի կարող հատուցել անչափահասի կրած վնասը:  
Դ. Թումասյանի բնութագրմամբ, օրենքում միայն մի քանի հոդվածներում ծանրացնող հանգամանքների ավելացում են գրանցել սեռական հանցագործությունների պարագայում. «Օրինակ՝ եթե երեխան մինչեւ 12 տարեկան է, նրա նկատմամբ կատարված սեռական ոտնձգությունն ավելի խիստ պիտի պատժվի, քան, եթե 17 տարեկան է: Ելնելով ֆիզիոլոգիական եւ մյուս առանձնահատկություններից, տարիքային բաշխումը նպատակահարմար է: Մենք չենք խախտում ուրեւէ երեխայի իրավունք: Բոլոր անչափահաս երեխաների իրավունքները պաշտպանված են, բայց երեխա հասկացության մեջ երեխայի տարբերակումը վերցնում ենք՝ որքան փոքր է, այդքան ավելի ուժեղ պաշտպանության տակ է: Ընտանեկան օրենսգիրքը թույլ է տալիս 17 տարեկան աղջիկներին ամուսնանալ: Եթե 17 տարին համարվում է ամուսնական տարիք, ապա ազատ ընտրության, ազատ ապրելու հնարավորությունը չէին կարող անտեսել»: Դ. Թումասյանը նկատում է, որ անչափահաս տարիքում երեխաները չեն գիտակցում իրենց հետ կատարված սեռական բռնությունը, որի պատճառով էլ շատ հաճախ դա որակում են որպես խաղ մեծերի հետ. «Այս մասով էլ օրենքում փոփոխություն կա վաղեմության ժամկետների վերաբերյալ: Երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելիս վաղեմության ժամկետները պետք է ընթանան ոչ թե հանցագործություն կատարելու պահից, այլ տուժողի 18 տարեկանը լրանալուց հետո, քանի որ միայն այդ ժամանակ նա փաստացի ի վիճակի է գիտակցելու իր հետ կատարվածը: Իհարկե, այդ դեպքում դժվար կլինի ապացուցել տարիներ առաջ տեղի ունեցածը, բայց գոնե իրավական բազան պետք է ստեղծված լինի, որ տուժողը կարողանա բողոք ներկայացնել»: Խստացվել է նաեւ հղի կնոջ նկատմամբ սեռական բռնություն իրականացնող հանցագործի պատիժը: Ըստ իրավաբանի, եթե հղի կնոջ պարագայում հանցագործությունը համարվում է նաեւ մայրանալու իրավունքի դեմ ոտնձգություն: Այս դեպքում հղի կինը դիտվում է որպես թիրախային տարբերակ:
Ինչ վերաբերում է ծնողի կողմից կատարվող սեռական ոտնձգություններին, ապա, իրավաբանի ձեւակերպմամբ, դրանք հիմնականում ընդհատակում են. «Դրանք շատ են թաքցվում: Դրա մասին տեղեկանում ենք հիմնականում այն ժամանակ, երբ անչափահաս երեխան հղիացել է ու դիմել բժշկի»:
Ծանրացնող հանգամանքների շարքում օրինագծի հեղինակները ավելացրել են նաեւ սեռական բռնություն իրականացնողին մեկ տարով սեռական ակտ ունենալու հնարավորությունից զրկելու պատիժը: Եթե, օրինակ, տուգանք վճարելուց հետ հանցագործը պարբերաբար շարունակում է սեռական բռնությունները, օրինագծի պատասխանատուները առաջարկում են հանցագործություն իրականացնողին թմրեցնող նյութերով մեկ տարով զրկել նրան սեռական ակտ ունենալու հնարավորությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել