Ապրիլի 24-ին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չորս լավագույն բռնցքամարտիկների մրցաշարում վանաձորցի Վախթանգ Դարչինյանը Միացյալ Նահանգներում երրորդ տեղի համար մենամարտելու է Կոլումբիայի ներկայացուցիչ Իոնի Պերեսի հետ:
Մարտից երկու շաբաթ առաջ մրցակիցներն արդեն հասցրել են հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ եւ հայտարարություններ անել: Մասնավորապես, Վիկը կասկած չունի, որ այդ քաշային կարգում նաեւ IBO-ի վարկածով չեմպիոնական գոտու համար մենամարտում հաղթանակն իրենն է լինելու, այն էլ ժամանակից շուտ: «Չեմ կարող ասել, թե Պերեսը, որ ռաունդում կհայտնվի ռինգի հատակին, բայց մի բան հաստատ է. վաղ թե ուշ ես կոչնչացնեմ նրան: Որքան տեղյակ եմ, նա դեռ այդ վիճակում չի հայտնվել: Բայց փույթ չէ: Այս մարտից առաջ իմ մրցակիցներն էլ չէին պառկել, բայց ես նրանց խորը նոկաուտի եմ ենթարկել: Եվ ես նույն բանը կրկին կանեմ», – վստահեցրել է Վախթանգը լրագրողներին:
Իր հերթին նույն բանում համոզված է նաեւ Իոնի Պերեսը: «Դարչինյանն ուժեղ բռնցքամարտիկ է եւ կարող է ասել ամեն ինչ: Սա ազատ երկիր է: Սակայն նրա հայտարարություններն ինձ չեն հուզում: Վերջին պարտությունների ժամանակ նա արդեն նախկին տեսքը չուներ: Վախթանգի միակ ուժեղ կողմը նոկաուտ անող հարվածն է, բայց ես այս քաշային կարգի բնածին բռնցքամարտիկ եմ, իսկ նա ՝ ոչ: Աբներ Մարեսը նրան դեմքով շրջեց դեպի դուռը: Ես պատրաստվում եմ Դարչինյանին շեմից դուրս հանել»,- իր հերթին հայտարարել է Պերեսը: Կոլումբիացին դժվարացել է նախապատվությունը տալ եզրափակչի մասնակիցներից որեւէ մեկին. «Ես եւ Աբներ Մարեսին, եւ Ջոզեֆ Ագբեկոյին շատ եմ հարգում: Երկուսն էլ հիանալի բռնցքամարտիկներ են: Բայց քանի որ Մարեսն իմ լավ ընկերն է, ցանկանում եմ, որ նա հաղթի»,- եզրափակել է կոլումբիացին: