Երեկ ֆրանկոֆոն երկրների դեսպանների ասոցիացիայի ներկայացուցիչները՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը իրականացնող երկրի՝ Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկիի գլխավորությամբ ամփոփեցին Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված միջոցառումների շարքը:
Ֆրանսիայի դեսպան Ա. Ռենոն Ֆրանկոֆոնիայի միամսյակը հաջողված համարեց. «Ինձ համար ուրախալի է, որ ֆրանկոֆոն դեսպանների ասոցիացիան ձեւավորվեց հենց միամսյակի շրջանակներում: Մեր ասոցիացիան իր գոհունակությունն է հայտնում կրթության ոլորտում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ստորագրված համաձայնագրի առնչությամբ, որը նոր լիցք կհաղորդի ֆրանսերենի ուսուցմանը եւ օգտագործմանը Հայաստանում: Մեր ասոցիացիայի կողմից օժանդակություն են ստանալու բոլոր նրանք, ովքեր ջանքեր չեն խնայելու ֆրանսերենի ուսուցումը Հայաստանում խորացնելու եւ զարգացնելու: Այս տարի հոկտեմբերին Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեան վկայությունն է այն փաստի, որ Հայաստանը ներգրավվածություն ունի ֆրանկոֆոնիայի որդեգրած գաղափարների իրագործմանը»:
Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կ. Օբոլենսկին նշեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը ընդամենը ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրություն տածող երկրների ակումբ չէ. «Ֆրանսերենը ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ երկրների համար մի ընդհանուր հայտարար է, այս երկրները որդեգրել են ընդհանուր արժեքային համակարգ՝ ունենալով լեզվամշակութային զանազանություն, ժողովրդավարություն եւ այլն»:
Անդրադառնալով Հայաստանում ֆրանկոֆոնիական միջոցառումներին, դեսպանները նկատեցին, որ միամսյա միջոցառումներն իրենց շուրջն էին համախմբել տարբեր ասպարեզների ներկայացուցիչների՝ դիվանագետներ, քաղաքական գործիչներ, համալսարանականներ, կրթության եւ մշակույթի ոլորտի մարդիկ: 2011-ի Լարա Ֆաբիանի բացառիկ համերգով մեկնարկած միամսյակն առիթ էր ներկայացնելու ոչ միայն Երեւանում, այլեւ ողջ Հայաստանում ջազային եւ դասական երաժշտության համերգներ, կինոդիտումներ, թատերական ներկայացումներ, գրական թեմատիկա, համալսարանական միջոցառումներ, արդեն իսկ ավանդական դարձած Հեքիաթ փառատոնը՝ Բելգիայից, Կամերունից, Կանադայից, Ֆրանսիայից եւ Լեհաստանից ժամանած մասնակիցներով: