Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱՐՎԵՍՏ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ

Ապրիլ 16,2011 00:00

Կամ՝ «Դպրոցականի ֆիլհարմոնիան» աշխուժացել է

\"\"
Էդ. Թոփչյանը (ձախից), Լ. Ջավադյանը եւ Ա. Աբրահամյանը:

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է շուրջ չորս տարի առաջ վերաբացված «Դպրոցականի ֆիլհարմոնիայի» գործունեությանը, ներկայացնելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոսքը, ում ղեկավարած կառույցում է գործում հիշյալ ֆիլհարմոնիան: Հիշեցնենք, որ այն ստեղծվել է 1968թ.՝ «Հայհամերգ» միավորման կազմում, իսկ 1991-ին՝ հասկանալի պատճառներով, դադարեցրել աշխատանքները:
Մեր այս անդրադարձի առիթը «Դպրոցականի ֆիլհարմոնիային»՝ վերջին շրջանում մասնագետների կողմից մշտապես հնչող հիացական խոսքերն են: Օրինակ, ասվում է այն մասին, թե համերգներին սիրով մասնակցում են ոչ միայն Երեւանի կոնսերվատորիայի դասախոսներն ու ուսանողները, հանրապետության ճանաչված երաժիշտները, այլեւ պետական կոլեկտիվները, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդական նվագարանների եւ ֆիլհարմոնիկ նվագախմբերը, եւ մյուսները: Համերգները կայանում են յուրաքանչյուր հինգշաբթի եւ ուրբաթ օրերին: Ապրիլի 14-ին «Մարզերի դպրոցների գիտաճանաչողական այցելություն մայրաքաղաքի մշակութային օջախներ» մշտական ծրագրի շրջանակներում անցկացվող համերգին ներկա գտնվեցինք նաեւ մենք: Ցավով պետք է փաստենք, որ Գեղարքունիքի մարզի դպրոցներից ժամանած 37 երեխաներից 35-ը առաջին անգամ էր լինում մայրաքաղաքում: Հիացմունքով նշենք օրվա ծրագիրը, որը սկսվեց այցելությամբ Հայաստանի պատմության, Հովհ. Թումանյանի թանգարաններ, ապա մանկական սրճարան, զբոսանք Հյուսիսային պողոտայում, հետո միայն՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահ, որտեղ երեխաներին սպասվում էր մեկ դասաժամի տեւողությամբ ոչ սովորական համերգ՝ Անդրանիկ Մանուկյանի ղեկավարած «Սասուն» երգի-պարի անսամբլի մասնակցությամբ: Նախ ներկայացվեցին ազգային նվագարանները, յուրաքանչյուր կատարումից հետո՝ տվյալ ստեղծագործության պատմությունը, իսկ վերջում դպրոցականների մասնակցությամբ հնչեցին ազգագրական երգեր:
Այսօր էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում պատանիների համար ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից եւ Սեն-Սանսի «Կենդանաբանական ֆանտազիան»՝ դաշնակահարներ, միջազգային մրցույթների դափնեկիր Լեւոն Ջավադյանի եւ կոնսերվատորիայի ուսանող Արտյոմ Աբրահամյանի մեկնաբանմամբ:
Նախօրեին կարճատեւ զրույց ունեցանք Էդ. Թոփչյանի եւ դաշնակահարների հետ: Դիրիժորն ասաց, որ սա նվագախմբի երկրորդ մասնակցությունն է «Դպրոցականի ֆիլհարմոնիային» (առաջինը երկու տարի առաջ էր), հավաստիացնելով, թե ինքը այս ժամանակահատվածում քանիցս պատրաստակամություն է հայտնել կրկին հանդիպել դպրոցահասակ երեխաներին: Հարցին, թե վերջիններիս համար Սեն-Սանսը «դժվարամարս» չէ՞, Թոփչյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից առաջ երաժշտագետ Արմեն Բուդաղյանը «մատչելի լեզվով» կներկայացնի դրանք: Ճանաչված դաշնակահար Լեւոն Ջավադյանը փաստեց, որ իր՝ իբրեւ դաշնակահարի ձեւավորման համար մեծ դերակատարում է ունեցել «Դպրոցականի ֆիլհարմոնիան»: Իսկ 1993թ. ծնված դաշնակահար Արտյոմ Աբրահամյանը ափսոսանք հայտնեց, որ իր դպրոցական տարիներին ֆիլհարմոնիան չի գործել, ժպիտով էլ ավելացրեց, որ բացթողածը կլրացնի հանդիսատեսի կարգավիճակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել