Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քադդաֆին պիտի հեռանա եւ՝ ընդմիշտ

Ապրիլ 16,2011 00:00

Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆին պետք է հեռանա քաղաքական ասպարեզից՝ առանց վերադարձի իրավունքի: APA-ի մատուցմամբ, նման համոզմունք են հայտնել Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Նիկոլա Սարկոզին, նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Վերջիններս ուրբաթ օրը համատեղ գրված հոդված են հրապարակել International Herald Tribune, Times եւ Figaro հեղինակավոր թերթերում՝ հայտարարելով, որ «անհնարին է պատկերացնել Լիբիայի ապագան, որում նա, ով փորձում է ոչնչացնել սեփական ժողովրդին, լինի իշխանության ղեկին: Ռեժիմը պետք է հեռանա իր կողմից պաշարված քաղաքներից, այդ թվում՝ Աջդաբից, Միսուրատայից եւ Էզ-Զինտանից»: Երեք երկրների առաջնորդները նաեւ հայտարարել են, թե ՆԱՏՕ-ն պետք է շարունակի գործողությունները Ջամահիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ Քադդաֆին վայր չի դրել նախագահի իր լիազորությունները, ու որպեսզի քաղաքացիական բնակչությունը շարունակի մնալ պաշտպանության ներքո:
Օբամայի, Սարկոզիի եւ Քեմերոնի ասելով, միայն դրանից հետո կարող է սկսվել «բռնապետությունից դեպի սահմանադրական գործընթացի իրական անցումը»: «Որպեսզի այդ անցումը հաջող լինի, Քադդաֆին պետք է հեռանա եւ՝ ընդմիշտ»,- պնդել են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի առաջնորդները: Դրանից հետո, ըստ նրանց, միջազգային հանրությունը պետք է նպաստի Լիբիայում «բարգավաճման եւ բաց հասարակության հիմքը հանդիսացող ինստիտուտների ձեւավորմանը»:
«Ստեղծել նոր Սահմանադրություն, ընտրել նոր առաջնորդների, գրել իր պատմության նոր էջը. դա կանի Լիբիայի ժողովուրդը եւ ոչ թե ՄԱԿ-ը»,- հայտարարել են գերտերությունների ղեկավարները՝ միաժամանակ ընդգծելով, որ «Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չեն հանգստանա այնքան ժամանակ, քանի դեռ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւը չի կատարվել, եւ քանի դեռ լիբիացիներն իրենց ապագան ինքնուրույն ընտրելու իրավիճակում չեն հայտնվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել