Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանի մտորումներ

Ապրիլ 16,2011 00:00

Ո՞վ է այսօր ոստիկանը: Ի՞նչ տեղ է զբաղեցնում մեր հասարակությունում: Ի՞նչ հոգածության է արժանանում կառավարության կողմից:

\"\"

– Ոստիկանը մարդ է եւ քաղաքացի, ում կյանքը ոչ թե իրեն ու ընտանիքին, այլ հասարակությանն ու օրենքի պահպանմանն է պատկանում: Քչերը գիտեն, թե ինչ է նշանակում գիշերվա ցանկացած ժամի տագնապալի լուրի սպասել: Քչերն են պատկերացնում, թե ինչ է նշանակում ճանապարհել ամուսնուն, հորը, եղբորը՝ աշխատանքի եւ չիմանալ, թե օրն ինչ ավարտ կունենա…
Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ հանիրավի բացասական վերաբերմունք: 
Կար ժամանակ, երբ «ի՞նչ ես ուզում դառնալ» հարցին փոքրիկները հպարտությամբ պատասխանում էին՝ ոստիկան: Եվ, իրոք, ուսադիր կրելը պատիվ է, ինչն այսօր ոմանք չեն գիտակցում:
Ոստիկանը նա է, ով 90-ականների սկզբին թողեց ընտանիքը եւ գնաց հայրենիքի սահմանները պաշտպանելու:  Նա է, ով կանգնեց Հայոց բանակի ակունքներում եւ հիմքը դարձավ այդ բանակի: Նա է, ով 90-ականների սկզբին զսպեց գլուխ բարձրացրած հանցագործ տարրերին:
Սխրագործությո՞ւն է: Անպայմա՛ն: Եվ՝ պատմակա՛ն սխրագործություն: Արցախյան պատերազմի տարիներին ոստիկանը մարտնչել է բոլոր ռազմաճակատներում, բոլոր թեժ կետերում: Միայն «Կոլցո» գործողության ընթացքում ոստիկանությունը տվեց 16 զոհ, 60 վիրավոր, 12 անհայտ կորած ունեցանք, 72-ը գերեվարվեց…
Եվ այդ թանկ կորուստների գնով կարողացանք տապալել թշնամու հրեշավոր ծրագրերը. սահմանային գյուղերն ու քաղաքները զերծ մնացին հիմնահատակ ավերումից, մեր հայրենակիցները՝ ոչնչացումից…
Հայ ոստիկանը նա է, ով ամեն Աստծո օր իր կյանքն է վտանգում, վտանգում է հանուն հասարակության, նույն հասարակության, որի որոշ շերտեր, մեղմ ասած, չեն էլ փորձում հասկանալ ոստիկանության դերը մեր կյանքում:
 Այսօր մեր հասարակության ամենախոցելի օղակներից է ոստիկանությունը: Անկայուն ու անկանխատեսելի աշխատանքային գրաֆիկ ունեցող, մշտապես վտանգի մեջ գտնվող ոստիկանը չնչին վարձատրություն է ստանում: Դա անթույլատրելի՛ է: Անթույլատրելի է, որ  ոստիկանի ընտանիքը չի օգտվում եւ ոչ մի արտոնությունից. նրա երեխան չի ստանում  անվճար բարձրագույն կրթություն, ընտանիքի անդամը չի ստանում անվճար բուժօգնություն:
Միջազգային ոստիկանական ասոցիացիան 64 անդամ պետություն ունի: Հավատացե՛ք, անգամ աֆրիկյան ամենահետամնաց պետության ոստիկանն ավելի պաշտպանված ու սոցիալապես ապահովված է, քան մենք…
Ցավում եմ, որ այսօր  չկա արդարացի մոտեցում նաեւ ոստիկանների դրույքաչափերի վերաբերյալ: Համակարգի որոշ ծառայությունների՝ թոշակի անցած 20 տարվա աշխատանքային ստաժ ունեցող կապիտանը ստանում է 200.000 դրամ կենսաթոշակ, այն պարագայում, երբ քրեական հետախուզության 35 տարվա աշխատանքային ստաժ ունեցող գնդապետ թոշակառուն լավագույն դեպքում ստանում է 100.000 դրամ կենսաթոշակ: Դա այն դեպքում, որ հենց նրանք են նախականխում, կանխում, բացահայտում հանցագործությունները, վնասազերծում հանցագործներին՝ վտանգելով իրենց կյանքը: Կոչ ենք անում ԱԺ-ին եւ  կառավարությանը՝ խտրականություն չդնել ոստիկանական համակարգի ծառայությունների միջեւ եւ հավասարեցնել ոստիկանության  ծառայողների դրույքաչափերը:
Եվս մեկ  օրինակ:
Կոռուպցիոն ռիսկերը չեզոքացնելու նպատակով դատաիրավական համակարգի, ԱԺ եւ այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը սկսվում են 400.000 դրամից: Կոչ ենք անում հավասարեցնել ոստիկանական ծառայությունների եւ դատաիրավական համակարգի աշխատավարձերի չափերը:
Այսօր օրենքով ապահովված չէ ոստիկանի սոցիալական, առողջապահական, իրավական պաշտպանվածությունը, ինչը կարող է  հանգեցնել հիասթափության եւ կադրային ու մասնագիտական լուրջ կորուստների՝  ոստիկանական համակարգում: 
Շնորհակալություն ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին, ով իր պաշտոնավարման շրջանում կարողացավ բարոյական նոր լիցք հաղորդել ոստիկանության ողջ համակարգին եւ հատկապես ՄՀՆՋ-ի վետերաններին: Տարիներ շարունակ նրանք զուրկ էին օրենքով իրենց հասանելիք կոչումներից ու պարգեւներից: Ոստիկանության պետն ըստ արժանվույն գնահատեց ոստիկանների մարտական ու ծառայողական ուղին եւ խրախուսում է թե՛ կոչումներով, թե՛ պարգեւներով:
Ոստիկանը միշտ կանգնած է եղել պետության եւ պետականության հիմքերում: Ոստիկանը օրենքի եւ օրինականության տառի ու ոգու պահապանն է:
Այո՛, ոստիկանությունում էլ կան անցանկալի երեւույթներ, որոնք անհրաժեշտ է արմատախիլ անել: Իսկ ինչ վերաբերում է հասարակություն-ոստիկան անջրպետին, ապա  չկա՛, գոյություն չունի՛ այդ հակամարտությունը, քանի որ ոստիկանությունը հասարակության մասն է, օրենքի պահապանը, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանը:

«Առավոտը» շնորհավորում է Հայաստանի ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել