Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ»՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻ՞Չ

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Առանց մեղքի մեղմ պատժելը սխալ մոտեցում է

Այս անգամ էլ «ոստիկանին ցավ պատճառելու» պատրվակով քրեական հետապնդում է սկսվել հայտնի բռնցքամարտիկ, այլախոհ Սամսոն Խաչատրյանի նկատմամբ եւ նրան կալանավորել են: Ըստ տեղեկատվության, միջադեպի հանգամանքները հետեւյալն են.
այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում մի խումբ քաղաքացիներ անպարկեշտ ձեւով վիրավորել են հավաքի մասնակիցներին, հրմշտել, եւ խոչընդոտներ հրահրել, ինչի առնչությամբ Սամսոնը նրանցից մեկին ձեռքով հարվածել է: Միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով հիշյալ անձը ճանաչվել է իր պաշտոնական պարտականությունները կատարող ոստիկան, իսկ Սամսոնին մեղադրանք է առաջադրվել նրա նկատմամբ բռնություն գործադրելու համար (Քրօրի 316 հոդված, 1-ին մաս):
Իմ պատկերացմամբ, Սամսոն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը զուրկ է իրավական հիմքերից:
1.Ամբողջ խնդիրն այն է, որ տուժող ճանաչված ոստիկանը միջադեպի ընթացքում եղել է ոչ թե ոստիկանի համազգեստով, այլ քաղաքացիական հագուստով:
Այս պարագայում, սուբյեկտի արարքը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը հանցագործություն որակելը կատարյալ անհեթեթություն է:
Նաեւ տրամաբանական հարցեր են ծագում.
ա) զանգվածային միջոցառման տեղանքում ոստիկանն ինչո՞ւ է առանց համազգեստի:
բ) նա եւ իր հետ համագործակցողները ներգրավված են եղել հասարակական կարգ պահպանելու կամ հասարակության անվտանգությունն ապահովելու ծառայության կատարմա՞նը, թե՝ տեղանքում գտնվել են այլ շարժառիթներով:
2. Հիշյալ հանցագործությունը կատարվում է մեղքի ուղղակի դիտավորության ձեւով, հանցավորը գիտակցում է հասարակական վտանգավոր արարքի բնույթը, իր կողմից իրականացվող գործողությունների դիապազոնը, գիտակցում է, որ դրանք ուղղորդում է ընդդեմ իշխանության ներկայացուցչի պաշտոնական պարտականությունների կատարմանը, նախատեսում է հասարակական վտանգավոր հետեւանքների առաջացումը, եւ ցանկանում դրանք վրա հասնեն (րՎ. ը՚սսպՑպվ ԹպՐւՏՉվՏչՏ հցՊՈ ՀՂ 2001չ.N7, րՑ. 25): Նկատենք, որ քննարկվող հանցագործությանը ներհատուկ թվարկված հատկանիշները եւ տարրերը, ինչը կոչվում է հանցակազմի սուբյեկտիվ կողմը, Սամսոնի գործողություններում լրիվ բացակայում են, ըստ որում, նրա գործողությունները ուղղորդված չեն եղել իշխանության ներկայացուցչի պաշտոնական պարտականությունների կատարման դեմ (հասարակական կարգի պահպանման կամ՝ հասարակության անվտանգության ապահովում) եւ Սամսոնը չի ցանկացել հանցագործության այդ մոդելի, հետեւանքների առաջացումը:
Նման հանգամանքներում արարքը դիտվում է անձի դեմ ուղղված հանցագործություն (րՎ. ՍՏՎՎպվՑՈՐօռ Ս ձչՏսՏՉվՏՎց ԽՏՊպՍրց ՀՂ 2005չ. րՑ. 799):
Հիշյալ բանաձեւով առաջնորդվելու դեպքում արարքը համապատասխանում է ծեծ-հանցակազմին՝ Քրօրի 118 հոդված (տուժողին մարմնական վնասվածք չի պատճառվել):
Իմ կարծիքով, Սամսոնի գործողությունները այս տարբերակում եւս իրավաչափ են, որովհետեւ վնաս է պատճառել արգելված արարք կատարող անձին, նպատակ ունենալով խափանել նրա կողմից հանրության համար նոր վտանգավոր արարք կատարելու հնարավորությունը եւ դրա համար անհրաժեշտ միջոցների սահմանների անցում թույլ չի տվել (Քրօրի 43 հոդված):
Անկասկած, այս իրողության դեմ քրեական գործում հակափաստարկներ կհայտնվեն, իբր «քաղաքացիական ոստիկանը» միջադեպի ընթացքում հայտնել է ինքնությունը (ոստիկան լինելը), իսկ նրա հետ համագործակցող քաղաքացիական հագուստով մյուս ոստիկաններն էլ կհավաստեն հանգամանքը: Այս պարագայում եւս Սամսոնի գործողությունները հանցակազմ չեն առաջացնում, քանզի իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքում քրեական պատասխանատվությունը վրա է հասնում միայն այն դեպքում, երբ անձը ոտնձգել է իշխանության ներկայացուցչի օրինական գործողություններին: Ըստ միջադեպի հանգամանքների, Սամսոնը հակադարձել է եւ վնաս պատճառել «քաղացիական ոստիկանի» ապօրինի գործողություններին, ինչը բխում է անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտների պայմաններից, որոնք բացառում են քրեական պատասխանատվությունը (րՎ. ը՚սսպՑպվ ԹպՐւՏՉվՏչՏ հցՊՈ ՀՂ 1998չ., N 4, րՑՐ. 10, (այս բանաձեւը «Առավոտ» օրաթերթում պարզաբանել ենք նաեւ «ՀԺ» լրագրողներ Անի Գեւորգյանի, Նիկոլ Փաշինյանի եւ այլոց նկատմամբ գործերով):
Իմիջիայլոց, շատերն են կարեկցում Սամսոնին: Օրինակ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Սամսոնին մեղմ պատժելու համար դիմել ՀՀ նախագահին: Վանաձորից ԱԺ «ցմահ» պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ ասել է, թե, միջնորդելու է, որ Սամսոնի խափանման միջոցը փոխեն:
Միգուցե այս մտահոգությունը եւ նախաձեռնությունը ազնիվ են, բայց առանց մեղքի մեղմ պատժելը սխալ սկզբունք է, հանգում է օբյեկտիվ մեղսայնացմանը: Սամսոնը մեղք չի գործել. պետք է արդարացվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել