Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՈՎ՝ ՆՎԱԳՈՂ, ԵՍ՝ ՊԱՐ ԵԿՈՂ»

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Վ. Օսկանյան. նայում եմ, բայց չեմ տեսնում, խոսում եմ,  բայց չեմ ասում, լսում եմ, բայց չեմ ըմբռնում 

Անցյալ տարի այս ժամանակ ես առիթ ունեցա արձագանքել նախկին արտգործնախարար Օսկանյանի արտաքին քաղաքականության վերաբերյալ կատարած որոշ մեկնաբանություններին («Առավոտ», ապրիլի 30): Բանավեճ ծավալելիս լսում ես դիմացինիդ՝ արձագանքում, դիմացինդ էլ լսում է քեզ, արձագանքում, կամ՝ եթե ասելու բան չունի, լռում: Սակայն բանավեճ, կարծես թե, հնարավոր չէ ծավալել նախկին նախարարի հետ, կարծես նա ինքն իրենից բացի ոչ ոքի չի լսում:
Վերջերս թերթերից մեկին տված հարցազրույցում նա գնահատական է տվել իր վարած արտաքին քաղաքականությանը՝ ասելով, որ այն, ոչ ավել, ոչ պակաս՝ եղել է «շատ էֆեկտիվ»:
Դեռ այն ժամանակ ես ամփոփել եմ այդ «էֆեկտիվությունը», նշելով, որ այնպիսի երկիր, «ինչպիսին ԱՄՆ-ը, օսկանյանական տարիներին Հայաստանի հետ համագործակցության շատ սահմանափակ մակարդակի վրա էր. իր պաշտոնավարության տասը տարիների ընթացքում նա այդպես էլ որեւէ նախագահական այց ԱՄՆ եւ հանդիպում ԱՄՆ նախագահի հետ՝ չկարողացավ կազմակերպել, էլ իմաստ չունի անդրադառնալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ անդամի՝ Մեծ Բրիտանիայի հետ հարաբերություններին, կամ ավելի շուտ հարաբերությունների գրեթե բացակայությանը այդ տարիներին: Կարելի է հպարտանալ հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակից թե այն ժամանակ եւ թե հիմա, չնայած նախկին արտգործնախարարը գեթ մեկ պաշտոնական այց իր տասը տարիների ընթացքում չկարողացավ իրականացնել Ֆրանսիա: Ավելին, եթե հիշենք նախկին նախարարի պաշտոնավարման տարիները, ապա կարող ենք նկատել, որ որեւէ միջազգային կառույց գրեթե չէր մնացել, որ ԼՂ հարցով մեզ համար բացասական հայտարարություն արած չլիներ»:
Կարող եմ ավելացնել, որ, որքան էլ տարօրինակ է, Ռուսաստանի նախագահի առաջին պետական այցը Հայաստան՝ տեղի ունեցավ ընդամենը անցյալ տարի, որն ամրագրվեց մեր երկրի անվտանգությանը վերաբերող կենսական պայմանագրերով ամենատարբեր ոլորտներում: Տասը տարի զբաղեցնելով ամենաբարձր՝ ԱԳՆ ղեկավարի պաշտոնը Հայաստանում, Օսկանյանն ի վիճակի չի եղել ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի պետական այց կազմակերպել Հայաստան եւ այդ ամենով իր պաշտոնավարումը համարում է «շատ էֆեկտիվ»:
Գուցե էֆեկտիվության մասին պարոն Օսկանյանի պատկերացումներն են տարբեր, բայց արտաքին քաղաքականության ինչ ուղղություն էլ դիտարկում եմ, չեմ տեսնում մի այնպիսի ոլորտ, որտեղ նրա պաշտոնավարումը լինի էֆեկտիվ, համենայնդեպս՝ ավելի էֆեկտիվ, քան ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։ Անձնապես իր համար այն, գուցե, իսկապես եղել է էֆեկտիվ, եւ դրա էֆեկտը մինչեւ հիմա չի անցել։
Տարօրինակ է, որ Օսկանյանը չի լսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները, չի տեսնում, թե միջազգային տարբեր կառույցներ ինչպիսի բառապաշար են օգտագործում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, եւ ինչպիսին էր այդ նույն բառապաշարը 2008թ. ապրիլին նախորդած ժամանակահատվածում: Այս պահվածքը հիշեցնում է մի ամերիկյան ասացվածք մարդկանց մասին. «խոսել առանց ասելու, ունկնդրել առանց լսելու» (talking without speaking, hearing without listening): Ասել է թե՝ «Ով՝ նվագող, ես՝ պար եկող»։
Վերոհիշյալ հարցազրույցում ուշագրավ են մասնավորապես երկու դրույթ: Նախ, Օսկանյանը նշում է, թե իր «պաշտոնավարման գոնե վերջում մենք կարողացանք ԼՂ ինքնորոշման իրավունքը, առաջին անգամ լինելով՝ ամրագրել բանակցային փաստաթղթում, եւ միջազգային հանրությունն ամբողջությամբ դա պաշտպանեց եւ դրա ջատագովը դարձավ: Խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է: Այսօր արտաքին քաղաքականությունը, կարծում եմ, բոլորովին այլ ուղղությամբ է զարգանում, նմանությունները շատ քիչ են, դրա համար էլ ես շատ հաճախ քննադատություններ եմ հնչեցնում»:
Հետաքրքիր է, որ 1996 թ.-ին ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովի ժամանակ ԼՂ հարցով Հայաստանի կողմից հիմնական բանագնաց Օսկանյանը, որն ընդունել է այն ժամանակ իր պատասխանատվությունը «բանակցությունները տապալելու համար», որի մասին շատ է խոսվել այս տարիներին, այժմ փորձում է բարձր ինքնագնահատականներ շռայլել դիվանագիտական սեփական տաղանդների մասին:
Մինչեւ Օսկանյանի նախարարական գործունեության ավարտը՝ բոլոր միջազգային փաստաթղթերում եւ բանաձեւերում, անգամ Մինսկի խմբի տեսակետներում գերակշռող է եղել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից տարածքային ամբողջականության սկզբունքը, միջազգային գրեթե որեւէ կազմակերպություն չմնաց, որ չքննադատեր մեր տեսակետները եւ հակահայկական բանաձեւեր չընդուներ: Վերջին ժամանակներում հակառակը, ԵԱՀԿ Մինսկի խմբի տարբեր հայտարարությունները խոսում են ոչ թե «երկու կողմերի» մասին (both sides), այլ «բոլոր կողմերի» (all sides կամ all parties) մասին: Ի տարբերություն նախկինում բազմիցս հիշատակված «օկուպացված տարածքներ» ձեւակերպման, այսօր առավելապես խոսքը «ԼՂ հարակից շրջանների» մասին է (territories surrounding Nagorno-Karabakh): Եվ վերջապես՝ ամենաբարձր մակարդակով նշվում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, տարածքային ամբողջականության հավասարության մասին: Այսօր Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարներն են ընդգծում, որ այդ երեք դրույթներից որեւէ մեկը գերակայություն չունի մյուսի նկատմամբ, եւ որ անընդունելի է դրանց կամայական որեւէ մեկնաբանություն:
2007թ.-ին Մադրիդյան սկզբունքները ներկայացնում էին ընդամենը առաջարկ, որն Ադրբեջանը ոչ միայն մերժում էր քննարկել, այլեւ ժխտում էր անգամ դրա գոյությունը՝ մեկ տարի շարունակ: Իսկ 2009թ.-ից այն դառնում է բանակցային փաստաթուղթ: Ղարաբաղյան կարգավորման գործընթացում մինչեւ ինքնորոշման իրավունքը 2009 թ. պաշտպանվեց ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլեւ ընդունվեց նաեւ հենց Ադրբեջանի կողմից՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների աթենքյան խորհրդի հայտարարություն, 02.12.2009թ.: Եվ դրանից հետո այն վերահաստատվել է ԵԱՀԿ շրջանակներում ընդունված այլ փաստաթղթերում:
Բազմաթիվ այլ միջազգային բանաձեւերից բացի, օսկանյանական էպոխայի վերջում եւս, ցավոք սրտի, Ադրբեջանը ՄԱԿ-ում կարողացավ անցկացնել 62/243 բանաձեւը: Բանաձեւը ճանաչում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անօրինական համարում ներկայումս նրա «տարածքների օկուպացիան», կոչ անում ապահովել ադրբեջանցի փախստականներին եւ ներքին տեղահանված անձանց վերադարձը, ապահովել հայկական ու ադրբեջանական համայնքների իրավահավասարությունը եւ այլն: Այնպես որ, եթե նախկին արտգործնախարար Օսկանյանն ուզում է հիշեցնել, թե որն էր «ներկայիս իշխանություններին իր փոխանցած վերջին փաստաթուղթը», ապա կարիք չկա հեռու գնալու, բոլորս էլ հիշում ենք՝ ՄԱԿ-ի այս բանաձեւը, որը նա բնորոշում էր որպես մեր դիվանագիտական հաղթանակ։ Ինչպիսի՜ էֆեկտիվություն:
Բարեբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանին չի հաջողվում ՄԱԿ-ում հակահայկական բանաձեւ անցկացնել հենց մեր արտգործնախարարության ջանքերի շնորհիվ:
Հաջորդ մոլորությունը, որի մեջ հայտնվել է նախկին արտգործնախարարը, այն է, որ չի տարբերակում ադրբեջանական քարոզչությունը իրականությունից, չհասկանալով, թե որ տարբերակն է բանակցությունների սեղանին:
Ուզում եմ հիշեցնել, որ արտգործնախարար Նալբանդյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Հայաստանը որպես բանակցությունների հիմք է ընդունել 2010 թ. հունիսին Սանկտ Պետերբուրգում, հոկտեմբերին՝ Աստրախանում, դեկտեմբերին՝ Մոսկվայում ներկայացված տարբերակները: Եվ իրականում հենց այդ փաստաթղթերն են գտնվել բանակցությունների սեղանին եւ քննարկվել կողմերի միջեւ:
Ադրբեջանը այդ տարբերակներից ոչ մեկին այդպես էլ հստակ դրական պատասխան չի տվել՝ առաջ քաշելով բազմաթիվ վերապահումներ: Ի՞նչն է այստեղ անհասկանալին: Ինչպե՞ս կարող է մարդ ինքն իրեն համարել միջազգային հարաբերությունների մասնագետ, բայց լսել ու չըմբռնել Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, չհասկանալ, որ Հայաստանի եւ միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են:
Նմանատիպ մի հուզումնալից շիլաշփոթի մեջ է նաեւ օսկանյանաստեղծ երիտկադրերից մեկը, իսկ այժմ ընդդիմադիր ՀԱԿ-ի արտաքին հարցերով պատասխանողը, ով «վրդովվել» է, որ ՀՀ ԱԳՆ-ն նշել է ԼՂ հարակից տարածքներ ձեւակերպումը եւ ոչ թե՝ ազատագրված տարածքներ: Անսկզբունքային կարիերիզմի դասական օրինակ է, երբ երիտասարդը աղաղակում է մի այնպիսի անհիմն իրավիճակում, երբ շատ ավելի հիմնավոր իրավիճակներում նա ընդամենը մի քանի տարի առաջ ընդգծվածորեն հակահայկական ձեւակերպումները կլլում էր հալած յուղի պես:
Ինչպե՞ս է նա համաձայնել հպարտորեն աշխատել որպես մամուլի խոսնակ՝ մի մարդու մոտ, ով դեռ 2001 թ. իր հարցազրույցներից մեկում նշել է. «տարածքային ամբողջականության սկզբունքը ամենահիմնարար եվրոպական ստրուկտուրաների եւ նոր ճարտարապետության հիմքում է դրված», «աշխարհը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում», ու «եթե մենք ստանում ենք Ղարաբաղի՝ մեզ համար ցանկալի կարգավիճակը, բոլոր օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»: «Օկուպացված տարածքներ» արտահայտությունը սույն հոդվածի «հերոսը» կրկնել է ավելի ուշ, արդեն Ազգային ժողովի ամբիոնից եւ դրա համար արժանացել համատարած քննադատության: Դժվար է պատկերացնել, որ ապագա մամուլի խոսնակը տեղյակ չի եղել Օսկանյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությանը, կամ 2005 թ. մայիսին իր ղեկավարի հայտարարությանն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ հարակից տարածքների վերադարձը սերտորեն փոխկապակցված են»:
Ահա այսպիսի տխուր փաստեր եւ իրողություններ։ Զարմանալին այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ նման գործիչը, հնարավոր բոլոր կադրային եւ այլ հետեւանքներով, եղել է Հայաստանի արտգործնախարար՝ շուրջ տասը տարի:
Հավանաբար ճիշտ է Օսկանյանը, երբ ասում է, որ ներկայիս արտաքին քաղաքականության շեշտադրումները կապ չունեն նախկինի հետ, չէ՞ որ վերջապես ավարտվեց իրավիճակային քաղաքականությունը եւ սկիզբ դրվեց նախաձեռնողական եւ սկզբունքային գործելաոճին:
Այսօր մենք կարող ենք ասել, որ մեր դիրքորոշումները համահունչ են միջազգային հանրության տեսակետներին, այսինքն՝ միջազգային հանրությունը կիսում է մեր մոտեցումները: Սա է էֆեկտիվությունը, եւ ոչ թե այն, ինչի մասին գլուխ է գովում Օսկանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել