Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ է մտածում ԿԳ նախարարությունը

Ապրիլ 16,2011 00:00

Կամ՝ ինչպես աչք փակել աղաղակող երեւույթների վրա

Այն օրերին, երբ ՀՀ նախագահը դիվանագիտական եւ հեռատեսական քայլեր է ձեռնարկում միջազգային ասպարեզում երկրի լուսավոր ապագան կերտելու համար, հենց երկրի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը, օգտագործելով իր հզոր կապերը, փորձում է «խնամիություն» անել թիվ 68 դպրոցի տնօրենին եւ հաստատուն պահել նրա պաշտոնական աթոռը: Խոսքը վերաբերում է Մ.Մխոյանի անունը կրող թիվ 68 հիմնական դպրոցի տնօրեն Ս. Ազիզյանին, որի դեմ Էրեբունի համայնքի ոստիկանության քննչական բաժնում հարուցված է քրեական գործ: Նրա «աշխատաոճի» մասին մամուլում բազմիցս գրվել է: 2010թ. դեկտեմբերի 18-ից նրա հանդեպ հարուցված քրեական գործը գտնվում է Էրեբունի համայնքի ոստիկանության քննչական բաժնի վարույթում: Բոլոր վկաները հարցաքննվել եւ ցուցմունք են տվել: Ցուցմունքներում նշված բոլոր փաստերը տնօրենի պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ՝ ապացուցված են: Ինչո՞ւ քննիչ Վ. Ղազարյանը գործը ավարտին չի հասցնում: Չէ՞ որ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը իր ելույթում հեռուստատեսությամբ հրապարակավ խոսեց բազմաթիվ կոռուպցիոն դեպքերի հայտնաբերման եւ մեղավորների պատժված լինելու մասին: Նա նաեւ նշեց, որ բոլոր կոռուպցիոն դեպքերը պետք է արագ հայտնաբերել եւ պատժել հանցագործներին: Ինչո՞վ է տարբերվում տնօրեն Ս. Ազիզյանը մյուսներից, ինչո՞ւ ապացուցված փաստերը «քնում» են Էրեբունի համայնքի ոստիկանության քննչական բաժնում: Երեւի պատճառն այն է, որ Ս. Ազիզյանը արդեն լավ եփված եւ թրծված է նմանատիպ ճանապարհներում եւ իր ամուսնու օժանդակությամբ հնարավոր ոչ մի միջոց բաց չի թողնում ջրից չոր դուրս գալու համար: Այս անգամ եւս Ս. Ազիզյանի «բախտը բերեց» եւ քրոջ՝ թիվ 17 դպրոցի տնօրեն Մանյակ Ազիզյանի տղան ամուսնացավ պատգամավոր Արագած Ախոյանի աղջկա հետ: Եվ ահա «խնամի» պատգամավորը իր օգնության ամենակարող ձեռքն է մեկնում ընկած տնօրենին:
Հավատացեք՝ ծպտված, բայց անհամբերությամբ այս հարցի լուծմանն են լուռ սպասում հարյուրավոր աշակերտներ, ծնողներ, տնօրենի պաշտոնի չարաշահումից ուժասպառ եղած ուսուցիչներ եւ, վերջապես, արդարության պահանջ ներկայացնող բազում մարդիկ, ովքեր շատ ավելի մեծ վաստակ ունեն կրթության գործում:
Խիստ զարմանք ու զայրույթ է պատճառում նաեւ այն, թե ինչպես կարող է մարդկային արժանիքները՝ ըստ իրեն տված կաշառքի կամ նվերի չափով գնահատող, օրենք ու իրավունք չհարգող, աշխատողներին իր օգտին ու գրպանին ծառայեցնող, զանազան գործարքներ կատարող մեկը հավակնել այդ բարձր, պատասխանատու ու պատվաբեր պաշտոնին: Ի՞նչ է մտածում այդ մասին կրթության եւ գիտության նախարարը:
Ապրիլի 6-ին «Հեռանկար» հաղորդաշարի ժամանակ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը խոսում էր կրթության համակարգում կոռուպցիան վերացնելու բանաձեւի մշակման, արտասահմանյան մասնագետների փորձի փոխանակման մասին: Արդյո՞ք իրազեկ չէ պարոն Ա. Աշոտյանը թիվ 68 դպրոցի տնօրենի՝ պաշտոնեական դիրքի բազում չարաշահումներին, խարդախություններին, կեղծարարություններին եւ պետական դրամների շորթումներին: Չէ՞ որ վերջերս՝ 2010թ. հոկտեմբերին ԿԳՆ տեսչությունը ստուգումներ է կատարել այդ դպրոցում եւ հավանաբար տնօրենի «առատաձեռնության» շնորհիվ հմտորեն կոծկվել են բոլոր կեղծիքներն ու անօրինականությունները:
Բա՛վ է, պարոնայք պաշտոնյաներ, կանգնեցրե՛ք տնօրենի ձեռնարկումները, տնօրեն, որի սեփական շահը, իր ոսկե զարդերն ու հագուստներն ամեն ինչից վեր են: Դադարեցրեք այդ քաղքենի կնոջ գործողությունները:

Հ. Գ. Նման մի նամակ էլ ուղարկվել է ՀՀ նախագահի աշխատակազմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել