Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿ ԻՆՏՐԻԳՆԵՐ ԵՎ ՈՉ ՄԻ «ՀԱԹԱԹԱ»

Ապրիլ 16,2011 00:00

\"\"ՀՀ նախագահը մասնակցեց ակադեմիայի ընդհանուր ժողովին

ԳԱԱ-ի երեկ կայացած տարեկան  ընդհանուր ժողովից խորհրդային հոտ էր փչում. սկսած ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի տաղտկալի հաշվետվությունից, վերջացրած նրա՝ գիտնականներին միայն ազգանուններով կանչելուց: Ժողովին մասնակցում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում՝ ելույթ ունեցող գիտնականներից յուրաքանչյուրը փորձում էր յուրովի հաճոյանալ: Ռ. Մարտիրոսյանը, ում հաշվետվությունը զետեղված չէ ԳԱԱ կայքում,  հույս հայտնեց, թե ակադեմիայի մասին օրենքի ընդունումը կնպաստի իրավական դաշտի հստակեցմանը գիտության ոլորտում:
Փաստենք, որ ԳԱԱ նախագահի, ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատարի գործունեությունը, կառույցի անարդյունավետությունը եւ հատկապես ԳԱԱ վերջին ընտրությունները բազմիցս քննադատվել են մամուլում, որոշ անվանի գիտնականներ, այդ թվում՝ ակադեմիկոս Հանրի Ներսիսյանը բոյկոտել են ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը՝ համարելով ֆարս: Ռ. Մարտիրոսյանը, բնականաբար, չէր կարող այս ամենը «կուլ տալ», դրա համար իր հաշվետվության արանքում ձեռքի հետ էլ «կպավ» իրենց քննադատողներին: Ասաց, որ իբր նրանք  այն մարդիկ են, ովքեր չեն ընտրվել եւ դրա պատճառը տեսնում են ոչ թե իրենց, այլ ակադեմիայի մեջ:
Վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ գիտության ոլորտի վերաբերյալ 5-ամյա զեկույցի տվյալները, Ռ. Մարտիրոսյանն ասաց, թե  Հայաստանը տարածաշրջանում  առաջատար է: Նա մխիթարվեց նրանով, որ Վրաստանի եւ Ադրբեջանի ակադեմիաների համեմատությամբ Հայաստանի ԳԱԱ-ն  ամենաարդյունավետն է աշխատում։
Երբ ԳԱԱ նախագահը զանազան թվեր ու օրինակներ էր մեջբերում՝ փաստելու  ակադեմիայի գերարդյունավետությունը, մեկ էլ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Գեւորգյանը, ով մամուլում մշտապես հայտարարում է, թե ակադեմիան դարձել է որակազուրկ կադրերի բուծարան, տեղից վեր թռավ ու բացականչեց, որ Ռ. Մարտիրոսյանի՝ նախագահին ներկայացրած բոլոր թվերը կեղծ են: Ի պատասխան, ԳԱԱ նախագահը շփոթվեց ու ընդամենը ասաց՝  «լավ, լավ…»:
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը ելույթում փաստեց, որ գիտության արդյունքներն ավելի ցցուն կլինեին, եթե գիտությանն ուղղված ֆինանսավորումը մեծանար:
Արցախի գիտակրթական կենտրոնի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սեմյոն Բաբայանը խոսեց իրենց գիտական կենտրոնից, որի կողմից արված առաջարկությունների ու եզրակացությունների հիման վրա կառավարությունը նպատակ ունի զարգացնել տնտեսության  տարբեր ճյուղերն ու հարստացնել նյութատեխնիկական ու սոցիալ- կենցաղային բազան: Նա ցանկություն հայտնեց, որ սերտանա համագործակցությունը ԼՂՀ  կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ-ի միջեւ, անգամ առաջարկեց, որ այդ կառույցի մասնաճյուղը ստեղծվի Արցախում:
Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ  Մելքոնյանը խոսեց հայոց պատմության նոր՝ ակադեմիական հրատարակության մասին եւ առաջին հատորի ազդօրինակը նվիրեց ՀՀ նախագահին:
Ակադեմիկոս Արմեն Գալոյանը բարձրաձայնեց իր եւ իր խմբի ուսումնասիրությունների մասին. ստացել են հորմոններ, որոնց միջոցով կարող են կանխել մի շարք հիվանդությունների ռեկորդային աճը: Նա թվերով ասաց, թե որքան վնաս է կրում այդ մանրէների պատճառով գյուղատնտեսությունը եւ առաջարկեց իր ներկայացրած ծրագիրը քննարկել կառավարությունում: Երբ  պարոն Գալոյանն ասաց, որ նույն մանրէներն ու հիվանդությունները մարդկանց էլ է «վերաբերում», բայց նախ կենդանիների մասին, Սերժ Սարգսյանը չկարողացավ ծիծաղը զսպել:
ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի  եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանն էլ խոսեց ՏՏ ոլորտի գերակա ուղղություն հայտարարվելուց, նաեւ առաջարկեց լուծել գիտնականների՝ բնակարաններով ապահովելու հարցը: Նախագահը հետաքրքրվեց՝ լավ ե՞ք վաստակում: Դրական պատասխան ստանալուց հետո մի հարց էլ ուղղեց՝ եթե բնակարաններ լինեն, կգնե՞ք: «Եթե շուկայականից ցածր գներով լինի, իհարկե»,- պատասխանեց պարոն Սահակյանը:
Մի գիտնական էլ  դժգոհեց, որ 2000թ. համեմատությամբ 60%-ով պակասել է գյուղատնտեսության մեջ աշխատող գիտնականների թիվը: «Մե՞զ եք հարցնում, դո՛ւք մտածեք»,- ռեպլիկ հնչեցրեց նախագահը: Չնայած գիտական հանրությունը մտածում էր, որ ՀՀ նախագահը «հաթաթա» կտա ԳԱԱ ղեկավարությանը, սակայն երեկ նման բան տեղի չունեցավ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել