Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՄԵՆ ՄԻ ԿԵՆԴԱՆՈՒ ՀԵՏ ՄԵՌՆՈՒՄ-ՍԱՂԱՆՈՒՄ ԷԻ»

Ապրիլ 16,2011 00:00

\"\"Կենդանաբանական այգու նախկին տնօրենը վստահ է, որ նոր տնօրենը խոստացած ներդրումները կանի միայն թղթի վրա

Օրերս Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Սահակ Աբովյանին ազատեցին աշխատանքից: Իհարկե, պաշտոնապես դա ազատել չէր, քաղաքապետարանի տարբերակով՝ մարդը զբաղեցրած պաշտոնից ազատվել է՝ սեփական դիմումի համաձայն, սակայն իրականում ամեն ինչ այլ կերպ է եղել: Իշխանություններն այնպես են նեղացրել Ս. Աբովյանին, որ 19 տարի այգու տնօրեն աշխատած, ամեն կենդանու ձվադրմամբ ուրախացած, ամեն կորցրած բմբուլի համար տխրած մարդը երդվել է, որ այլեւս ոտք չի դնելու Կենդանաբանական այգի:
Սահակ Աբովյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ մի օր «վերեւներից» իրեն կանչել են ու ասել, որ պիտի ազատվես. «Դե, ասեցին, որ պիտի մինչեւ տարվա վերջ միլիոնավոր դոլարներ բերեմ, ներդնեմ այգու վրա, ես հնարավորություն չունեի դա անել, եւ ոչ մի կառույց էլ դա չի կարող անել, իրենց ուզած թվերը չի կարող բերել»: Մեր հարցին՝ դա ձեր գրպանի՞ց պիտի դնեիք, պարոն Աբովյանը պատասխանեց. «Եթե ես էդքան փող ունենայի՝ ինչի՞ պիտի աշխատեի ու իմ առողջությունը քայքայեի էնտեղ»:
Նշենք, որ ներկայումս այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանին, որը խոստացել է, որ պիտի ներդնի այդ միլիոնները: Մեր հարցին՝ Ռուբեն Խաչատրյանին ճանաչո՞ւմ եք, պարոն Աբովյանն ասաց. «Չէ, նա ճանաչելու բան չի, որ ճանաչեմ, մի մարդ, որն ընդհանրապես կենդանիներից գաղափար չունենա, սուտի հիմնադրամի տնօրեն է, ինչ մասնագիտություն ունի՝ դա էլ չգիտեմ, ռեժիսոր է, ինչ է»: Պարոն Աբովյանը խիստ վիրավորված ու մտահոգված էր: Նա վստահեցրեց, որ էլ ինքը ոտք չի դնի Կենդանաբանական այգի. «Ցավով եմ դա ասում: Ո՞վ լիներ իմ տեղը՝ չէր նեղանա: Ես չեմ հավատում, որ նման գումարներ կներդրվեն: Ասում են՝ իբր Ամստերդամի եւ Սինգապուրի այգիները մեր այգուն ֆինանսավորելու են: Ես 100 կենդանաբանական այգու հետ եմ աշխատել, շուրջ 20 տարի, նման բան ոչ մի երկրում չեմ տեսել: Որ աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հավատա նման բան: Թղթի վրա կարող է գրեն, որ կօգնեն, բայց իրականում՝ կտեսնենք: Եթե իսկապես միլիոնավոր դոլարներ ներդրվեն, ես կողջունեմ եւ ուրախ կլինեմ, որ դուրս եմ եկել, ես էդ հնարավորությունները չունեի: Բայց ես գիտեմ, որ այգի կառուցելն այդքան հեշտ բան չէ: 1-2 միլիոնով այգի չես կառուցի: Մոտ 60 մլն դոլարով կես այգի կարող ես կառուցել: Պրագայի կենդանաբանական այգում 1 ազատավանդակը կառուցել են 2-2.5 մլն եվրոյով: Դե հաշվեք, թե քանի ազատավանդակ է պետք»:
Սահակ Աբովյանը մեծ ծրագրեր ուներ՝ այս տարվա հետ կապված. «Այգու 70-ամյակը պիտի նշեինք, լիքը կենդանիներ պիտի բերվեր՝ կենտերին զուգավորելու համար: Իմ աշխատավարձն ընդամենը եղել է 100 հազար դրամ, այն էլ՝ վերջին տարիներին են բարձրացրել: Աշխատողներինը՝ 40-50 հազար էր, ես կարող էի ավելի հաշիվներ գրել, բայց իմ ձեռը չէր գնա, որ բանվորս 50 հազար ստանար, ես՝ 200-300 հազար»: Մեր հարցին՝ կարո՞ղ է, որ Մաշա փղիկին չկարողացաք պահել, սատկեց, դրա համար էլ ձեզ վրա, այսպես ասած՝ «չեպե» է եղել, պարոն Աբովյանը պատասխանեց. «Չէ, չէ, Մաշան հիվանդ էր, պրոբլեմներ ուներ: Դա չէ պատճառը»: Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող էր չգոհացնել իշխանություններին այս տարիների ընթացքում, շա՞տ կենդանիներ են սատկել, լավ չե՞ք կերակրել՝ հարցին այգու նախկին տնօրենը պատասխանեց. «Իմ ժամանակ կենդանիները նորմալ բազմանում էին, ո՞ր մի կենդանաբանական այգում կենդանի չի սատկում: Ես ամեն մի կենդանու հետ, ոնց որ ասում են՝ մեռնում-սաղանում էի: Երբ խոսում էի Մոսկվայի իմ գործընկերների հետ, նեղվում էի, ասում էին՝ Սահակ, քանի՞ գլուխ կենդանի ունեք, ասում էի՝ 2300, ասում էին՝ 1 տարվա ընթացքում է մեզ մոտ էդքան կենդանի սատկում»: Ս. Աբովյանի խոսքերով՝ միջին հաշվով տարեկան այգում սատկել է ընդամենը 5-6 կենդանի, ինչը շատ լավ ցուցանիշ է:
Սահակ Աբովյանի պաշտոնանկ լինելուց հետո նրա դեմ քարկոծումներ եղան, որ 19 տարի մատը մատը չի տվել, որ այգին մեռնում է եւ այլն: Մինչդեռ, պարոն Աբովյանի հավաստմամբ՝ այն, ինչ ինքն է արել այգու համար՝ ոչ ոք չէր անի. «Այգին զրոյից, ավերակներից սարքել եմ, էն՝ ինչ կա այսօր, 90 տեսակի կենդանիներ կային, դարձրել եմ 250 տեսակ, ես իմ կառուցածները որ նշեմ՝ կզարմանաք: Ես առանց պետական ներդրումների նոր այգի եմ կառուցել: Այն, որ այգին հարություն առավ, դա իմ համագործակցությունների շնորհիվ է: Ես էն մութ ու ցուրտ տարիներին կաբելով լույս եմ քաշել, ոչ մի տեղ 94-ին հոսանք չկար, մենք 2 կմ կաբել քաշեցինք ու շուրջօրյա հոսանք ունեցանք, կենդանիների համար ջեռուցում ապահովեցինք: Ոչ ոք չէր հավատում, մենք ոռոգման համակարգը վերականգնեցինք՝ չնչին ծախսերով: Մի ձմեռ կար, որ վառարաններ դրեցինք այգում, բայց չթողեցինք, որ միջազգային կառույցները մեր այգին փակեին, մենք եղածը պահեցինք: Արջերի ազատավանդակներ, կերախոհանոց կառուցեցինք, փղանոցն ու ջրավազանը մեծացրինք, բա դա ներդրում չէ՞ր: Գիշատիչ թռչունների համար վանդակներ կառուցեցինք ու այսօր 6 զույգ նստած են իրենց ձվերի վրա, բազմանում են: Ո՞նց կարելի է ասել, որ ներդրումներ չեն արվում, եթե միայն Հրանտ Վարդանյանը փղի ազատավանդակի համար 200-300 հազար դոլար է ծախսել: Բա էդ գումար չի՞: Ես համագործակցել եմ 100 կենդանաբանական այգու հետ, իրենք նշում են 2 կենդանաբանական այգու անուն, բայց ես մինչեւ այսօր էլ 100-ի հետ սերտ կապերի մեջ եմ: Ես միայն ուրախ կլինեմ այն դեպքում, որ ավելացնեն ու եղածը չքանդեն: Ես մի բան գիտեմ՝ այգու տնօրենը պիտի տնօրեն լինի, ոչ թե ռեժիսոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել