Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ԴԻՄԵԼ Է ՅՈՒՐԻ ՉԱՅԿԱՅԻՆ

Ապրիլ 16,2011 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրին, որ ապրիլի 5-ին ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ Յուրի Չայկային է դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Նա տեղեկացրել էր, որ 2010թ. նոյեմբերի 4-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել 2010թ. հոկտեմբերին Բաքու քաղաքում սպանված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Մամիկոնի Սարիբեկյանի դիակը:
ՀՀ գլխավոր դատախազը նամակում գրել էր. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում 2010թ. նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ եւ 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ եւ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն): Սույն քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը: Քննության օբյեկտիվությունը, բազմակողմանիությունը եւ լրիվությունն ապահովելու համար, առաջնորդվելով 22.01.1993թ. կնքված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության մասին» Մինսկի կոնվենցիայով՝ ՀՀ գլխավոր դատախազը 2010թ. դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Զակիր Գարալովին՝ վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու խնդրանքով, մասնավորապես խնդրել է հայտնել, թե Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվո՞ւմ է արդյոք քննություն Մ. Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: ՀՀ գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով:
Հաշվի առնելով, որ վերը նշված գործողությունների կատարումը նշանակություն ունի քրեական գործով վերջնական որոշում կայացնելու համար, խնդրում եմ Ձեզ աջակցել մեր գրությանը պատասխան ստանալուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել