Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ՀՀ Ազգային ժողովին է ներկայացրել «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ մի շարք առաջարկություններ եւ դիտողություններ:
Այդ մասին հաղորդագրություն էր տարածել օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորաբար, պաշտպանն առաջարկում է վերանայել երկքաղաքացիություն ունեցող անձանց որպես թեկնածու առաջադրվելու իրավունքի սահմանափակումը, նկատի ունենալով, որ երկքաղաքացիություն ունեցող անձինք չպետք է ունենան ավելի քիչ իրավունքներ, քան մյուս քաղաքացիները:
Երեկ «Առավոտի» խնդրանքով արձագանքելով ՄԻՊ-ի սույն առաջարկին՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասաց. «Երկքաղաքացիության ինստիտուտը դեռ հստակեցված չէ, այդ ինստիտուտն ինքը դեռ կայանալու խնդիր ունի: Իսկ երկքաղաքացիների՝ ընտրություններին մասնակցելն առավել եւս անհեթեթություն է»: Մեր զրուցակիցն առավել լայն հայացքով անդրադառնալով իրադարձություններին՝ նկատեց, որ «վերջին հաշվով՝ հիմա մենք ու մեր երկիրն այնքան մեծ անհեթեթությունների մեջ ենք, որ դրանց մեջ նման փոքր անհեթեթությունները» նույնիսկ չեն նկատվում: «Ի՞նչ ընտրություն, ընդհանրապես: Հայաստանում ընտրություններ կայանո՞ւմ են, որ մտածենք էլ, թե ով է մասնակցում, ով՝ ոչ, ինչպե՞ս են մասնակցում: Ընտրական համակարգը, որպես այդպիսին, Հայաստանում արդեն քանի տարի է՝ չկա: Այնպես որ՝ մի անհեթեթություն ավել, մեկը պակաս՝ բան չի փոխվում: Եթե Հայաստանում չկա իշխանություն, որն ուզում է օրինական ընտրություն, մնացած ամենն ածանցյալ են դառնում: Հայաստանի առջեւ կանգնած խնդիրը եւ դրա լուծումը ընտրությունների մասին օրենքով չէ, որ պետք է լուծվի: Մինչեւ ժողովուրդը խիստ չպարտադրի արդար ընտրություն, ընտրության մասին օրենքը չի աշխատելու, իդեալական օրենքն էլ սրանց ձեռքին կարող է փչանալ: Ես կարծում եմ, որ սա փոքր «տրյուկ» է՝ քաղաքական ուժերի ուշադրությունը շեղելու համար: Բայց մեր ուշադրությունը չի շեղվելու այն ուղուց, որով մենք գնում ենք»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ պաշտպանն անհրաժեշտ է համարում նաեւ վերանայել տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, եւ առաջարկվում է լրացում կատարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման կարգում, լրացուցիչ քննարկել հանրապետության նախագահի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության հարցը, ինչը, նրա գնահատմամբ, անհարկի սահմանափակում է քաղաքացիների ընտրական իրավունքը: Քննարկման թեմա է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու ինքնաառաջադրվելու հնարավորության բացակայության խնդիրը: Առաջարկվում է քննարկել ժամանակավորապես արտերկրում գտնվող ՀՀ բոլոր քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով քվեարկելու հնարավորություն ընձեռելու տարբերակը՝ որպես կամքի ազատ արտահայտման իրավունքի իրացում: Առաջարկություններ կան նաեւ ընտրական ցուցակներում կանանց ներկայացվածության կարգերի վերաբերյալ եւ այլն: