Կարծում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը՝ պարոն Բեռնար Ֆասիեին խորհուրդ տալով զերծ մնալ ադրբեջանական կողմից կազմակերպվող «թամաշաներին» մասնակցելու գայթակղությունից:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարության մեջ Ստեփանակերտի օդանավակայանի մասին ասվում է. «Համանախագահները նախազգուշացրել են, որ դեպի այդ օդանավակայան եւ օդանավակայանից թռիչքները չեն կարող փաստարկվել որպես միջազգային իրավունքով Լեռնային Ղարաբաղի ներկայիս կարգավիճակի փոփոխությանն ուղղված պահանջ»։ Համանախագահները հորդորել են կողմերին փոխըմբռնման հասնել՝ հետեւելով միջազգային համաձայնագրերին եւ կոնվենցիաներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների վրայով թռիչքների իրականացման ներկա վիճակին: Ինչպե՞ս են ընկալում ղարաբաղյան քաղաքական շրջանակներում այս կոչը, եւ ի՞նչ քայլեր, ըստ Ձեզ, պետք է իրականացնի ԼՂՀ իշխանությունը:
– ԼՂՀ իշխանությունը պետք է ավարտին հասցնի օդանավակայանի շահագործման հետ կապված հարցերի լուծումը: Այսինքն՝ օդանավակայանը, ինչպես եւ նախատեսված է, պետք է գործի: Իսկ համանախագահների հորդորը կարելի է հասկանալ «պոստֆակտում» սկզբունքով: Նրանք, ըստ էության, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ կապված խնդիր չունեն: Մնացածը դիվանագիտական լեքսիկոնին յուրահատուկ ձեւակերպումներ են, որոնց ուշադիր վերծանումն ընդամենը հաստատում է այն, ինչ արդեն ասացի:
– Ձեր կարծիքով՝ ի՞նչ նկատի ունեն համանախագահները, երբ հայտարարության մեջ գրում էին. «Եկել է Հիմնարար սկզբունքները ավարտին հասցնելու ու խրախուսելու եւ խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու ժամանակը»: Ի՞նչ քայլեր են հաջորդելու այս հայտարարությանը:
– Իրենց մանդատի բերումով համանախագահները «դատապարտված են լավատես լինել»: Ես ուրախ կլինեի, եթե նրանք այդ լավատեսությունը կիսելու առիթ տային: Ցավոք, այդպես չէ, քանի որ Ադրբեջանը խաղաղ կարգավորման հասնելու նպատակադրվածություն չի ունեցել եւ չունի: Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի միջնորդներն Ադրբեջանի հետ խոսեն խաղաղություն պարտադրելու լեզվով:
– Ի՞նչ է քննարկվելու ապրիլին՝ ԱՄՆ կառավարության պաշտոնյաների եւ համանախագահների վաշինգտոնյան հանդիպման ժամանակ:
– Կարծում եմ, որ համանախագահներն ամերիկյան պաշտոնատարներին են փոխանցելու Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ վերջին հանդիպմանը հաջորդած քննարկումների մասին իրենց գնահատականը: Սա, ըստ էության, Մոսկվայի նախաձեռնողականության հանդեպ Վաշինգտոնի հետաքրքրվածությունը բավարարելուն միտված քայլ է: Ինձ, համենայնդեպս, այդպես է թվում:
– Համանախագահների այս այցից հետո Ձեզ մոտ մտահոգություններ առաջացե՞լ են:
– Սկզբունքորեն՝ ոչ: Թեեւ կուզենայի, որ համանախագահները պատշաճ զսպվածություն ցուցաբերեին եւ չենթարկվեին ադրբեջանական կողմից կազմակերպվող «թամաշաներին» մասնակցելու գայթակղությանը: Խոսքս հատկապես վերաբերում է պարոն Ֆասիեի զեղումներին:
– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հայտարարությունում խոսք չկա տարածաշրջանում իրենց փաստահավաք առաքելությունը շարունակելու մասին:
– Ավելի վաղ նրանք ասել էին, որ մտադիր են այցելել հակամարտության գոտու այլ տարածքներ եւս: Այս հայտարարության մեջ մի անորոշ ակնարկ կա: Խոսվում է Թարթառ քաղաքից հարավ-արեւմուտք ընկած տարածքները դիտարկած լինելու մասին: Կարծում եմ, որ ԼՂՀ-ն իրավասու է համանախագահներից տեղեկանալ, թե նրանք եղե՞լ են Մարտակերտի շրջանի՝ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող հատվածում, ինչպես նաեւ խնդիր դնել, որպեսզի Շահումյանի շրջանում եւ Գետաշենում անցկացվի ԵԱՀԿ գնահատողական առաքելություն: