Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ Է

Ապրիլ 16,2011 00:00

«ԱՄՀ-ն չի սիրում շահութահարկերի արձակուրդ: Սա լրացուցիչ ռիսկ է ավելացնում ցածր հարկահավաքի մակարդակի առումով»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիերմո Տոլոսան՝ անդրադառնալով նորարարական ընկերություններին մի քանի տարով շահութահարկից ազատելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը: Պարոն Տոլոսայի գնահատմամբ, Հայաստանի հարկային համակարգում դրական տեղաշարժեր կան, բայց դրանք հեռու են բարենպաստ լինելուց: Նա ոլորտում դրական քայլերից առանձնացրեց ֆինանսների նախարարության կազմում գործող գանգատարկման հանձնաժողովի ստեղծումն ու հարկ վճարողների վարչարարության հեշտացումը: Գ. Տոլոսան քննադատեց կառավարության որոշումը՝ որոշ ապրանքների գները կարգավորել վարչական լծակների միջոցով՝ սահմանելով առավելագույն գներ. «ԱՄՀ-ն կարծում է, որ գները վերահսկելու նմանօրինակ վարչական մոտեցումներն արդյունավետ չեն: Դրանք հանգեցնում են ապրանքների դեֆիցիտի, մաքսանենգ ճանապարհով ներկրմանը»: ԱՄՀ ներկայացուցչի կարծիքով՝ փոխարենը անհրաժեշտ է հասցեական սոցիալական օգնություն տրամադրել հասարակության այն խմբերին, որոնք առավելագույնն են տուժում գների նման բարձրացումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել