Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆ ԲԱՆԸ ԿՐԿՆԵՑԻՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ

Ապրիլ 16,2011 00:00

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը երեկ տարածել են գրեթե բառացիորեն նույն հայտարարությունը, որն արել էին նաեւ մարտի 16-17-ը Երեւան կատարած իրենց փաստահավաք այցից հետո: Ինչպես եւ մարտի 23-ի այդ հայտարարությունում՝ ապրիլի 14-ին էլ համազեկուցողներն, ըստ ԵԽԽՎ կայքէջում երեկ տեղադրված հայտարարության՝ դարձյալ ողջունել են ընտրական, արդարադատության եւ ոստիկանության բարեփոխումների առումով Հայաստանի իշխանությունների բազմաթիվ նախաձեռնությունները եւ հայտարարել. «Այժմ այդ նախաձեռնությունները գործողությունների վերածելու ժամանակն է»: Հրապարակված տեղեկատվական գրառման մեջ նրանք վերստին ընդգծել են, որ «միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, եւ դրանք պետք է ուղեկցվեն գործող պրակտիկան եւ մտածելակերպը փոխելուն ուղղված քաղաքականությամբ»: Սեփական հայտարարությունից այս copy-paste գրառման մեջ Պրեսկոտն ու Ֆիշերը դարձյալ նշել են, թե 2008-ի մարտի իրադարձություններում դերակատարություն ունենալու համար որոշ մարդկանց դեռ անազատության մեջ պահելը եւ 10 անձանց մահվան հանգամանքների ոչ բավարար հետաքննությունը «շարունակում են թունավորել Հայաստանում քաղաքական միջավայրը» եւ կարող են «բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարի կայանալիք ընտրությունների վրա»: Սակայն այս երկու հայտարարություններից եւ ոչ մեկում համազեկուցողները չեն նշել, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, եթե, ասենք, շարունակեն անազատության մեջ պահել նշված մարդկանց:
Միակ տարբերությունն այն է, որ այս անգամ նրանք նաեւ նշում են, թե բարեփոխումների առումով «ներկայիս ստատուս-քվոն պահպանելը՝ զուգորդված քաղաքական բեւեռացմամբ եւ սոցիալական ու տնտեսական միջավայրի վատթարացմամբ՝ կարող են հանգեցնել սոցիալական խռովության վերսկսմանը, եթե իրավիճակը չկարգավորվի, եւ չհետեւեն իրապես ժողովրդավարական ընտրություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել