Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

GOOD BYE, «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ»

Ապրիլ 16,2011 00:00

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ուրբաթ օրը հայտարարել է, որ Հայաստանը այս պահին չի կարող նոր ծրագրի համար դիմել ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային, քանի որ ընտրությունների եւ մի շարք այլ պատճառներով Հայաստանի ցուցանիշները չեն համապատասխանում հիմնադրամի պահանջներին:
«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, այդ մասին ԱՄՆ դեսպանն ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի 5-ամյա ծրագիրը Հայաստանում ավարտվում է այս սեպտեմբերին: Կորպորացիայի տնօրենների խորհուրդը դեռ 2009թ. հունիսին որոշեց դադարեցնել Հայաստանում իրականացվող ծրագրի ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը (մոտ 68 միլիոն դոլար), որով նախատեսվում էր վերականգնել շուրջ 350 կիլոմետր գյուղական նշանակության ճանապարհներ: Հայաստանում շարունակեցին իրականացնել գյուղական վայրերում ոռոգման համակարգերի վերանորոգման ենթածրագիրը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահական վերջին ընտրություններից հետո՝ 2008թ. մարտի 11-ին (մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո), «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ էր ուղղել, որում, մասնավորապես, գրել էր, թե «կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, եւ այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»:
Դեսպանը երեկ ասել է, թե միգուցե հետագայում հնարավոր լինի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի նոր ծրագիր իրականացնել Հայաստանում. «Ամեն տարի քննարկվում է, թե տվյալ երկիրը կարո՞ղ է դիմել: Այս պահին Հայաստանը չի կարող դիմել երկրորդ ծրագրի համար՝ որոշ ցուցանիշների պատճառով: Կարծում եմ, սա նաեւ խթան պետք է լինի, որպեսզի աշխատանք իրականացվի այն ցուցանիշների մասով, որոնք չեն համապատասխանում [հիմնադրամի պահանջներին], մասնավորապես՝ լավ կառավարման ասպարեզում»:
Ռ/կ-ի հարցին ի պատասխան, դեսպանը ասել է, թե «լավ կառավարում» ասելով նկատի ուներ   այն ցուցանիշներիը, որոնք «առնչվում են տարբեր ոլորտներին, այդ թվում՝ ակնհայտորեն, ընտրություններին»: «Եվ հիմա, երբ Հայաստանը մուտք է գործում ընտրական նոր շրջան՝ գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են, 2013-ին՝ նախագահական ընտրություններ, ապա հնարավորություն կա բարելավելու այս ցուցանիշները: Իհարկե, ընտրությունների անցկացումը կարեւոր ցուցանիշ է, բայց կարեւոր են նաեւ մամուլի ազատությունը, հավաքների ազատությունը եւ այլ հարցեր, որոնք լավ կառավարման հիմք են կազմում»,- շեշտել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել