Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուբինյանն այլեւս կոնգրեսական չէ

Ապրիլ 16,2011 00:00

Երեկ նա հայտարարեց Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու իր որոշման մասին

Այսօր Facebook սոցցանցում «Առցանց ազատականների ալյանս»՝ «3Ա» խմբի նախաձեռնող ու ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը համացանցի իր էջում հայտարարեց. «Սույն հայտարարությունը հրապարակելու պահից դադարեցնում եմ իմ անդամությունը Հայ ազգային կոնգրեսին: Քաղբանտարկյալների հանդեպ իմ բարոյական պարտավորվածությունը, որը մինչ այս հետ էր պահում ինձ այս քայլից, շարունակելու է խայթել խիղճս: Բայց, մյուս կողմից, շուրջս ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մոլեռանդ շարքերի թշնամանքը, զրպարտելու, պիտակավորելու սկիզբ առած արշավը այլեւս անհնարին ու իմաստազուրկ են դարձնում այդ վերջին կամրջի պահպանումը: Կոնգրեսից իմ դուրս գալու հանգամանքը ոչ մի կերպ չի նվազեցնում իմ անկեղծ հիացմունքը՝ հանուն ժողովրդավարական Հայաստանի Հանրապետության երկարամյա պայքարի իմ ընկերների վճռականության ու նվիրվածության հանդեպ: Եվ, ինչ խոսք, ասվածը առաջին հերթին վերաբերում է իրենց համոզմունքների համար բանտերում հայտնված մեր ընկերներին: Չի նվազեցնում նաեւ իմ վճռականությունը՝ նույնպիսի նվիրումով, որպես Հայաստանի շարքային քաղաքացի, շարունակելու այդ պայքարը:
Հայաստանում ձեւավորված ներկայիս մարդատյաց, հակազգային, հանցավոր ռեժիմը հանդուրժելը հանցագործություն է մեր երկրի ու սերունդների նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ անհատ, որը չի հաշտվում այս ռեժիմի հետ ու պայքարում է, իմ դաշնակիցն ու պայքարի ընկերն է: Ազատություն քաղբանտարկյալներին: Կորչի երկիրը կործանող քրեաօլիգարխիկ ռեժիմը»:
Որ մի օր այս հայտարարությունը հնչելու էր՝ կանխատեսելի էր դեռ անցյալ տարվա հուլիսից, երբ Ռուբինյանը համարձակվեց բարձրաձայնել 2010թ. հուլիսի 17-ի ՀՀՇ համագումարում կուսակցության վարչության ընտրությունը կեղծելու մասին ու հրապարակավ ափսոսանք հայտնեց, որ «սա տեղի ունեցավ այնպիսի պայմաններում, երբ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ՀՀ իշխանությունների՝ Հայ ազգային կոնգրեսը ճղճիմաբար պառակտելու ծրագրերը խափանելու նպատակով ամբողջովին իր վերահսկողության տակ էր առել նախահամագումարյան ու բուն համագումարի գործընթացները»: Հիշեցնենք, որ նա այն ժամանակ հայտարարեց ՀՀՇ-ից դուրս գալու իր որոշման մասին: Ռուբինյանի այսօրվա քայլը կանխատեսելի էր նաեւ այն պատճառով, որ թեեւ ՀԱԿ վերնախավը հրապարակայնորեն նրան չէր «քլնգում» կամ մեղմ հակադարձումներով էր առարկում, բայց ՀԱԿ-ամետ մամուլը, բնականաբար, ողողված էր Ռուբինյանին քարկոծելով, պիտակավորելով՝ յուրաքանչյուր այն դեպքում, երբ նա փորձում էր առարկել Կոնգրեսի որդեգրած մոտեցումներն ու մարտավարությունը, կառավարման ոչ դեմոկրատական մեթոդները: Մի օր օղակը սեղմվելու ու հանգեցնելու էր նրան, որ Ռուբինյանն ընդունելու էր այն որոշումը, որը ժամանակին ընդունեցին նաեւ Արարատ Զուրաբյանը, Խաչիկ Քոքոբելյանը, Սուրեն Սուրենյանցը: Իսկապես, քաղաքական նույն միավորման մեջ «սպիտակ ագռավ» լինելը մարդկայնորեն դժվար է, առավել եւս, որ վերջին շրջանում հենց սոցցանցում Ռուբինյանի դեմ ՀԱԿ-ի ակտիվի կողմից հայհոյախառն արշավ էր ծավալվել:
Հիմա Կոնգրեսը հանգիստ շունչ կքաշի, որովհետեւ ՀԱԿ-ն էսպիսով շարունակում է զտվել «կասկածողներից», «դավաճաններից», «թիկունքից հարվածողներից», «վնասարարներից» ու «երրորդուժականներից» ու ամենակարեւորը՝ ներքին այլախոհներից: Կարծում ենք, ՀԱԿ-ի համար սա այնքան էլ վատ հանգուցալուծում չէ, մանավանդ որ՝ ՀԱԿ-ականների եւ կոնգրեսամետ լրատվամիջոցների ճնշումները Ռուբինյանի ու այլ այլախոհ ընդդիմադիրների նկատմամբ, թերեւս, հենց այդ նպատակով էլ բանեցվում էին:
Ինչեւէ: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ին նախ ասել է, թե տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, բայց հետո հավելել է, որ ՀԱԿ-ում որեւէ քննարկման, որին ինքը մասնակցում է՝ քաղխորհրդի, կենտրոնական շտաբի, բազմաթիվ այլ ձեւաչափերով քննարկումների, Ռուբինյանի անունը ընդհանրապես չի հնչել. «Եվ ես իսկապես զարմացած եմ, թե ինչի շուրջ է այս աղմուկը: Ես մի բան կարող եմ փաստել եւ վստահ եմ, որ մեր բոլոր 18 գործընկեր կուսակցությունները, որոնք կազմում են ՀԱԿ-ը, եւս կփաստեն դա, որ ՀԱԿ-ում տիրում է բացառիկ դեմոկրատական, առողջ մթնոլորտ, որում մենք քննարկում ենք բոլոր առաջարկները: Ինչքան էլ որ հակասություններ կամ տարաձայնություններ լինեն, ի վերջո կոնսենսուսով լուծում ենք բոլոր հարցերը: Բավականին լուրջ բանավեճ է ծավալվում, շատ հաճախ բավականին տաք բանավեճ, բայց ես դա շատ նորմալ եմ համարում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել