«Տաշիր 2011»-ի մրցանակները 10-10000 անգամ գերազանցում էին ՀՀ-ում ընդունված գիտական, մշակութային եւ այլ պետական մրցանակները:
«Տաշիր 2011»-ից շուրջ 10 օր է անցել, սակայն չեն դադարում տարատեսակ քննադատություններն ու արդարացումները: Մի քանի ասպեկտների մասին եմ ուզում նշել, որոնք, իմ կարծիքով, որեւէ մեկի կողմից դեռեւս չեն ցուցանվել (կամ ես չեմ հանդիպել), այնինչ՝ հենց այդպիսիք էին իրական այն պատճառները, որոնք էլ առիթ տվեցին տարբեր խոսակցությունների: Դրանք են:
Առաջին. ոչ մի խոսք չեղավ համերգի պրոդյուսերի(ների) մասին, ովքեր, կարծում եմ, մրցանակաբաշխության մասնակիցների «աստղաբույլը» կազմելիս առաջնորդվել էին կամայականության եւ անձնական հաճոյության սկզբունքներով, չմոռանալով նաեւ սեփական քաղաքական ու ցեղակլանային նկրտումները: Այդ մոտեցումները վաղուց են դարձել հայկական «շոու-բիզնեսի» առանցքը, եւ չնայած գրանցած առանձին հաջողությունների, մարդկանց մեջ արգահատանքի առաջացման պատճառ են դառնում: Ոլորտի տերերին մաղթում եմ ավելի օբյեկտիվ լինեն ու չափը չանցնեն:
Երկրորդ. «Աստղերի» ցանկում մարդիկ կային, որ ժամանակին իրենց բուն գործերից դուրս ոչ հարիր կոչերով ու ելույթներով օգտագործվել էին քաղաքական խաղերում: Նրանք հասարակության մի զգալի մասի մոտ իրենց անձի վերաբերյալ (ոմանց նաեւ ամուսինները) չարություն առաջացնող հիշողություններ են թողել: Ցավոք, հենց իրենք էլ համերգից հետո, ստացած անակնկալ ճոխ նվերներից զարմացած, ամենաակտիվ «պաշտպանվողներն» էին եւ քննադատություններին արձագանքողները:
Մի անգամ նման պահվածքի համար Մոսկվայի օդանավակայանում Արմեն Բորիսիչին (97-ի նոյեմբերին) եւ նույն բանը Ջիվան Գասպարյանին (Աբրահամյան եղբայրների մայրիկի հոգեհանգստի օրը, Եղեգնաձորում) ասացի՝ ինչո՞ւ եք խառնվում ընտրություններին, քաղաքականությանը, չէ՞ որ ձեր արվեստով հիանում են 10 միլիոն հայեր ամբողջ աշխարհում, ինչո՞ւ եք նեղացնում ձեր երկրպագուների այն մասին, ովքեր ձեր կարծիքը չեն կիսում: Ի պատիվ նրանց, հաջորդ ընտրություններին այս երկուսն էլ ձեռնպահ մնացին հրապարակային կարծիք հայտնելուց, եւ լավ հիշում եմ, հերթական անգամ Ջ. Գասպարյանին թուղթ ստորագրել տալու համար նրա տուն գնացած «մշակութայիններին» ասել էր՝ «դե ռադներդ քաշեք, ես ոչ մի թուղթ էլ չեմ ստորագրի»:
Երրորդ. հրավիրյալների թվում կային համաշխարհային մեծության աստղեր (Կուտունյո, Ֆաբիան): Նրանց հոնորարները չէին կարող շատ մեծ չլինել, եւ բարեգործ Սամվել Կարապետյանի մեղքը չէ, որ մերոնց էլ նույն «սանդղակով» պարգեւատրեց: Հաջորդ մրցանակաբաշխություններին, կարծում եմ, ճիշտ կլինի բավարարվել նոմինացված հուշանվեր բաժանելով, որին կից դրամական մրցանակը չպետք է գերազանցի Երեւան-Մոսկվա-Երեւան տրանսպորտային, հյուրանոցային եւ օրապահիկային ծախսերը միասին վերցրած, քանի որ իսկական արվեստագետին գլխավոր մրցանակ կծառայի Կրեմլյան բեմելով ճանաչում վաստակելը:
Չորրորդ. «Տաշիր 2011»-ի պարգեւավճարանվեր մրցանակները 10-10000 անգամ գերազանցում էին ՀՀ-ում ընդունված ու գործող գիտական, մշակութային եւ այլ պետական մրցանակները, պարգեւավճարներն ու գրանտները: Բավական է հիշել, որ դրանից ընդամենը մի քանի օր առաջ մշակույթի վաստակաշատ՝ 40 եւ ավելի տարիների գործունեություն ծավալած մի շարք գործիչների բաժանվել էին 50-հազարական դրամ պարգեւավճարներ: Ահա այս վիճակն է, որ նեղության մեջ ապրող-գործողների եւ չգնահատվողների մեջ բնական զայրույթ, երբեմն էլ նախանձ ու չարություն է առաջացնում:
Հայաստանի համար շատ բան արած Սամվել Կարապետյանի հետ 10 տարուց ավելի ծանոթ եմ եւ մի շարք անգամ եմ շփվել: Նա երբեք ինձ չի վերաբերվել որպես ընդդիմության ներկայացուցչի: Հայրենասեր այդ մարդու համար հայաստանցի հյուրերը Մոսկվայում միշտ էլ հարազատ ու հավասար են եղել: