Թունիսի իշխանություններն այս երկրի Քրեական օրենսգրքի 18 հոդվածների ցանկ են հրապարակել, որոնց մեջ մեղադրվում է երկրի նախկին նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալին: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Նախկին նախագահը մեղադրվում է մասնավորապես սպանությունների, պետության դեմ դավադրության, ունեցվածքի ապօրինի յուրացման եւ թմրանյութերի մաքսանենգության մեջ:
Ընդհանուր առմամբ, Թունիսի արդարադատության նախարարի խոսքով, նախկին նախագահի, նրա ընտանիքի անդամների եւ մտերիմների դեմ 44 քրեական գործ է հարուցվել, որոնք քննվելու են առաջիկայում: Թունիսն արդեն դիմել է Ինտերպոլին՝ նախկին նախագահին եւ նրա մտերիմներին գտնելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ բեն Ալին Թունիսում սկսված հուզումներից հետո, հունվարի 14-ին փախել էր Սաուդյան Արաբիա եւ հաջորդ օրը զրկվել իշխանությունից: