Վրաստանի «Ժողովրդական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը մայիսի 2-ին Թբիլիսիում կայանալիք ցույցին կհրապարակի երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իշխանությունից հեռացնելու եւ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ նշանակելու գործողությունների ծրագիրը։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը:
«Մենք ծրագիրը կհայտարարենք մայիսի 2-ի ցույցին, որին կմասնակցեն Սահակաշվիլիի վարչակարգից դժգոհ մարդիկ»,- հայտարարել է «Ժողովրդական խորհրդի» առաջնորդ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Նրա խոսքերով՝ Վրաստանի ժողովուրդը ծայրաստիճան անհանգստացած է երկրում տիրող ներկայիս իրավիճակի կապակցությամբ եւ պատրաստ է պայքար սկսել վարչակարգի դեմ։
Բուրջանաձեն նշել է, որ իրականում վտանգ կա, որ իշխանությունների դեմ բնակչության զանգվածային ցույցերը կարող են հանգեցնել Լիբիայի սցենարի կրկնությանը իրենց երկրում, սակայն իրենք կփորձեն «դրա ռիսկը հասցնել նվազագույնի»։