Ներքաղաքական փխրուն «զինադադարը» Ճապոնիայում, որը փորձում է բնական եւ տեխնածին աղետից հետո «խելքի գալ», հինգշաբթի օրը նոր ճեղքեր է տվել: Երկրի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարն իր ժողովրդականությունը կորցրած վարչապետ Նաոտո Կանին հրաժարական տալու կոչ է արել: Reuters-ի փոխանցմամբ, ընդդիմությունը վարչապետին քննադատում է երկրաշարժի եւ ցունամիի, նաեւ միջուկային ճգնաժամի հետեւանքները վերացնելու ընթացքում նրա բացթողումների ու սխալների համար:
Կանը, որի վարկանիշը շարունակում է մնալ ճապոնացիների 30 տոկոսի վստահության մակարդակի վրա, փորձում է լայն կոալիցիա ձեւավորել՝ երկրի պատմության մեջ ամենախոշոր տարերային աղետի ենթարկված Ճապոնիան վերականգնելու համար: Այդ լայն կոալիցիան կարող է օգնել երկրի իշխանություններին՝ գումարներ հատկացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո պետության վերականգնման ամենախոշորամասշտաբ նախագիծն իրականացվելու համար:
Կանի գլխավորած Դեմոկրատական կուսակցությունը վերահսկողություն ունի խորհրդարանի ստորին պալատում, բայց վերին պալատում մեծամասնություն չունենալու պատճառով նրան պետք է ստանալ նաեւ ընդդիմության աջակցությունը. հակառակ դեպքում կառավարության ներկայացրած օրինագծերը խորհրդարանում կարող են արգելափակվել:
Բայց հինգշաբթի օրը լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդը, որը անցած շաբաթ հրաժարվել էր իր ջանքերը միավորել իշխող կուսակցության հետ, Կանին հրաժարական տալու կոչ է արել: «Ժամանակն է, որ վարչապետը որոշի՝ մնո՞ւմ է, թե՞ գնում»,- հայտարարել է Սադակաձու Տանիգակին, համարելով, որ Կանի հրաժարականը անհրաժեշտ պայման է ցանկացած կոալիցիա ձեւավորելու համար: Նույն պահանջն է ներկայացրել նաեւ Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի խոսնակ եւ Կանի հայտնի քննադատ Տակեո Նիսիոկան: