Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գիտնականները դժգոհ են

Ապրիլ 15,2011 00:00

ԳԱԱ տարբեր բաժանմունքներում զեկուցումներ եւ մեկնաբանություններ հնչեցին

\"\"ՀՀ ԳԱԱ-ն իր տարեկան ընդհանուր ժողովով ամփոփում է 2010թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները: Երեկ ակադեմիայի տարբեր՝ ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի, մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների, բնական գիտությունների, հայագիտության եւ հասարակական գիտությունների, քիմիական եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքներում ակադեմիկոս-գիտնականները ներկայացնում էին նախորդ տարում կատարած աշխատանքները: Բոլոր բաժանմունքներում գիտնականների մտահոգության թեման ընդհանուր էր՝ ֆինանսների ոչ ճիշտ բաշխում, ցածր աշխատավարձ, երիտասարդ գիտնականների պակաս եւ այլն:

Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի հաշվետու նիստում հիմնական շեշտադրումը տարբեր ինստիտուտներին տրվող ֆինանսավորման անհամամասնությունն էր: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Չիլինգարյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Ռադիոֆիզիկայի ինստիտուտին նախորդ տարի պետբյուջեից հատկացվել է 85 մլն դոլար ֆինանսավորում, բայց արտադրանքը գոհացուցիչ չի եղել. «Քենդլ» ծրագիրը, որին տարեկան 60 մլն է տրվում պետբյուջեից, պարզ չէ, թե ում է պետք, չի երեւում, թե ծախսվող գումարը ինչով է արդարացված: Ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ ֆինանսավորում են գործուղումները, գրանտային համակարգում երիտասարդների մասնակցությունը, երիտասարդներին աջակցելը՝ լավ է, բայց եթե փող ունեն, չի կարելի միայն Ֆիզիկայի ինստիտուտին տալ, իսկ մյուսներին չտալ, որովհետեւ ոչ մեկը չի կարող համոզել, որ ակադեմիայի համակարգի ֆիզիկական հետազոտությունների համակարգը, ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կամ Բյուրականի աստղադիտարանը ինչ-որ կերպ զիջում են մյուս ինստիտուտներին»: Յու. Չիլինգարյանը մտահոգիչ է համարում գիտական դաշտում երիտասարդների սակավ ներգրավվածությունը: Գտնում է, որ պետությունը պետք է քայլեր ձեռնարկի. «Շատ տաղանդավոր երիտասարդներ ավարտում են համալսարանները, մի մասը դառնում են գիտության թեկնածու, մասնագետ, հետո թողնում, երկրից գնում են կամ լավագույն դեպքում՝ ոչ իրենց մասնագիտությամբ են աշխատում տեղի մասնավոր ընկերություններում»:

Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքում, ներկայացնելով եւ քննարկելով 2010 թվականի գիտական եւ գիտակազմակերպական գործունեությունը, հնչեցին նաեւ զեկույցներ: ԳԱԱ թղթակից անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը եւ Աշոտ Մելքոնյանը հանդես եկան «Հայոց պատմության հարցերի խեղաթյուրումները՝ թուրքական եւ ադրբեջանական պատմագրության մեջ եւ մեր խնդիրները» թեմայով զեկուցմամբ: «Ո՞ւր են երիտասարդները, ինչո՞ւ երիտասարդների քանակը երկու անգամ շատ չէ, քան մեզ նման սպիտակածներինը…»,- տեղեկատվական պատերազմում մեր ոչ նպաստավոր դիրքը նկատի ունենալով՝ հարցնում էին ակադեմիկոսները, որոնցից շատերն այնքան ծեր էին, որ մի կերպ էին տեղաշարժվում, որոշներն էլ աթոռներին քնած էին: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վլադիմիր Բարխուդարյանը

մեզ հետ զրույցում նշեց, որ հայագիտական 10 ինստիտուտների կատարած աշխատանքն այնքան էլ մեծ չէ, հրատարակել են 132 աշխատություն, 913 հոդված եւ այլն: Հիմնական դժվարությունը, ըստ նրա, այն է, որ գրքեր հրատարակելու միջոցներ չկան: Մեր զրուցակիցը խնդիր է մատնանշում՝ հայագիտական բաժանմունքի աշխատողների աշխատավարձն ավելի ցածր է, քան մյուս բաժանմունքներինը, միջազգային կազմակերպություններին հայագիտությունը, հայոց լեզուն, պատմությունը չեն հետաքրքրում:

ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (ԱՄՆ) Ստեփան Եսայանը, ով Հայաստանում բացել է լազերային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ամերիկյան «Սպեկտրալուս» ընկերության մասնաճյուղ, նշում է, որ վերջին 2 տարում մեկ տասնյակ երիտասարդների են աշխատանքի ընդունել, ովքեր ակադեմիկոսների աշխատավարձից եռակի բարձր՝ 500-1000 ԱՄՆ դոլար աշխատավարձ են ստանում:

Նրա խոսքով՝ «Գիտությունը թանկ բան է: Տարբեր երկրներ գիտության վրա ծախսում են իրենց բյուջեի 2-4%-ը, ինչը նրանց պարագայում հսկայական թիվ է: Հայերը խելոք են, հենց Հայաստանից դուրս են գալիս՝ հաջողություններ են ունենում: Մարդկային ռեսուրսը Հայաստանում չի օգտագործվում, դրա համար կառավարությունը պետք է ջանք չխնայի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել