Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՄ ՄԱՍՆԱԿՑԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԻՆ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Բաց նամակ ՀՀ ԳԱԱ անդամներին

Հարգելի գործընկերներ, այսօր տեղի կունենա ԳԱԱ հերթական տարեկան ընդհանուր ժողովը, իսկ դրան նախորդող օրը՝ բաժանմունքների ժողովները: Կարող է թվալ, թե մենք հերթական անգամ մուտք ենք գործում ակադեմիայի բարձրագույն կոլեգիալ ղեկավարության իրավական դաշտ, ինչը մեզ երաշխավորում է ԳԱԱ կանոնադրության 11-րդ հոդվածը, եւ ակնկալվում է, որ մենք պիտի գնահատենք ԳԱԱ հիմնարկությունների եւ նախագահության տարեկան գործունեությունը: Իրականում մեզ հերթական անգամ բացեիբաց անտեսում եւ օգտագործում են վիճակագրի ստորացուցիչ դերում, վիճակագրի, որ պարբերաբար կնքում է նախագահությանն անհրաժեշտ ամենամյա վստահության քվեն: Ու, թերեւս, մենք կրկին կհանդուրժենք գիտության «ժողովրդավարական» կառույցների երեսպաշտ, զուտ խորհրդային գործելակերպի այս ակնհայտ վերապրուկը:

Արդարեւ, մենք այսօր կազմում ենք շուրջ 130 հոգի, բայց այդ թվի միայն կեսն է աշխատում ԳԱԱ համակարգում, որն էլ հիմնականում տեղյակ է լոկ սեփական ինստիտուտների գործերին: Միեւնույն ժամանակ, տարվա ընթացքում մենք միասին հավաքվում ենք մոտ 2-3 անգամ, իսկ հաշվետու ժողովը գումարվում է տարին մեկ: Մեր ձեռքն են տվել 270 էջանոց մի հաշվետվություն՝ ընդհանուր ժողովից ընդամենը տասն օր առաջ: Ըստ երեւույթին, նախագահությունը խիստ զբաղված էր եւ մոռացել է (կամ գուցե չի՞ ցանկացել) զետեղել այդ հաշվետվությունն իր կայքում շատ ավելի վաղ՝ նախքան դրա տպագրվելը: Իսկ հիմա մի հայացք գցեք ժողովի օրակարգին եւ հաշվեք, թե պաշտոնական զեկուցումների եւ գիտական հաղորդումների հետ մեկտեղ որքա՞ն ժամանակ է մեզ հատկացված՝ առարկայականորեն խոսելու այն մասին, թե ինչով են զբաղվել եւ որչափ արդյունավետ են գործել ԳԱԱ ինստիտուտներն ու նախագահությունը՝ ողջ անցյալ տարվա ընթացքում:

Իսկ խոսելու նյութ իրոք որ կա: Ուշադրություն դարձնենք հրապարակված հաշվետվությանը եւ նկատենք, որ ԳԱԱ-ն ներառում է 37 հաստատություն, իսկ նախագահության աշխատակազմը բաղկացած է 131 հոգուց (ԳԱԱ աշխատակազմի 3.2%-ը): Նրանցից 30-ը գիտնականներ են (ԳԱԱ գիտաշխատողների թվի 1.2%-ը), իսկ բյուջեն (չհաշված ԳԱԱ անդամների պատվավճարները) կազմում է 371 մլն դրամ (ԳԱԱ հիմնարկությունների ընդհանուր բյուջեի 11,4%-ը): Այստեղ հետաքրքիր է հիշել եւ նախագահության բազմաթիվ հայտարարությունները հայագիտության՝ երկրի համար ունեցած կարեւորագույն նշանակության մասին: Ահավասիկ նման մի «մտահոգության» արդյունք. պատմության ինստիտուտում աշխատում են գրեթե նույն քանակով մարդիկ (127), գիտաշխատողները 95-ն են, բյուջեն կազմում է 111 մլն դրամ: Խոսե՞նք այս ամենի մասին:

Շատերը կարծում են, որ մենք միայն ակադեմիական պատվավճարների մասին ենք մտածում եւ պատրաստ ենք ԳԱԱ նախագահ ընտրել ցանկացած ակադեմիկոսի, որ խոստանում է բարձրացնել պատվավճարը: Ասում են, որ մենք մարմնավորում ենք գիտական մաֆիան: Իսկ էլ ինչպե՞ս պիտի մեզ գնահատեր գիտական հանրությունը, եթե մենք գրեթե երկու տասնամյակ հլու-հնազանդ թույլ ենք տալիս նախագահությանը կամայականություններ գործելու եւ, ելնելով սեփական, կորպորատիվ շահերից, նույնիսկ դիմելու կոռուպցիոն քայլերի:

Հարց է ծագում՝ այդ ո՞ր գործունեության համար ենք ստանում հիշյալ վարձատրությունը, եթե փաստացի կտրված ենք Ակադեմիա ղեկավարելու լծակներից: Գուցե երկրի գիտական հաստատությունները համակարգելու կամ կառավարությանը փորձագիտական աջակցություն ցուցաբերելու համա՞ր: Տվյալ հաշվետվության մեջ ես չեմ գտել նույնիսկ միայն ԳԱԱ հաստատությունների միջեւ այդպիսի համակարգման լուրջ նշաններ: Ինչ վերաբերում է փորձագիտական աջակցությանը, ապա բավական է հիշել երկրի չորս գերակա գիտական ուղղությունների «սահմանման» գործընթացը, երբ դրանք ընտրվեցին՝ բացահայտորեն պայմանավորված հիմնականում նախագահության պաշտոնյաների շահերով, իսկ, օրինակ, աստղագիտությունը եւ աստղաֆիզիկան, որոնք համարվում են մեր գիտության այցեքարտը, մոռացության մատնվեցին: Արդյո՞ք մենք լրջորեն քննարկեցինք արդեն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունված «նորացված» օրենքը, որտեղ ԳԱԱ-ի համար (իմա՝ նախագահության համար) կրկին նախատեսվում է նախարարության «պատվավոր» կարգավիճակ, ինչպես նաեւ ակադեմիայի անդամի կոչման ցմահ բնույթը սահմանող անհեթեթ մի դրույթ:

Ես Ձեզ կոչ եմ անում վերջ տալ նախագահության կողմից ապօրինի իշխանազավթման գործընթացին աջակցելուն, ցույց տալով նրան իր իսկական տեղը եւ պահանջելով նորմալ, իրապես պատասխանատու տարեկան հաշվետվություն՝ գործունեության բոլոր ոլորտներում: Ժամանակն է ինքներս մեզ հարց տալու՝ արդյո՞ք մեր երկրին անհրաժեշտ է նման կերպ «գործող» ԳԱԱ կառուցվածք, արդյո՞ք այն վերջնականապես չի ժանգոտվել, արդյո՞ք այն չի խանգարում գիտության զարգացմանը:

Իսկ եթե մենք գերադասում ենք հանդես գալ պատասխանատու ղեկավարության դերում նման կառուցվածքի պայմաններում, ապա նախ եւ առաջ հարկ է նախապես ստեղծել համապատասխան հանձնաժողովներ (նախագահությունից անկախ), այդ թվում եւ՝ վերստուգիչ, եւ անցկացնել հաշվետու նստաշրջան՝ 2-3-օրյա աշխատանքային քննարկումներով: Եվ միայն արդյունքներն ի մի բերելուց հետո կարելի է գումարել ամփոփիչ նիստ՝ գիտական հասարակայնության, նաեւ պետության ու եկեղեցու առաջին դեմքերի մասնակցությամբ: Միայն այդ ժամանակ վերջիններս կտեսնեն գիտական հաջողությունների իրական պատկերը, ակադեմիայի սխալներն ու տապալումները, եւ հնարավոր է՝ ճիշտ հետեւություններ անեն:

Տարեկան ժողովի ծրագրից նաեւ տեղեկանում ենք, որ ԳԱԱ գործունեության արդյունքների մասին գիտական աշխարհը կիմանա ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատարի շուրթերից, մի մարդու, ով վարկաբեկված է բոլորի առջեւ, մի մարդու, ով, մի շարք ընդհանուր ժողովներ անցնելով, «հրաշքով» է խուսափել ակադեմիկոս-քարտուղարի ընտրությունների՝ օրենքով նախատեսված պարտադիր գործընթացից: Մի՞թե կծափահարեք նրան: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես մտադիր եմ բոյկոտել այդ տարեկան «հաշվետու» ժողովը, քանզի չեմ ցանկանում մասնակցել հերթական ֆարսին: Հուսով եմ՝ ինձ կհասկանաք եւ այս քայլը չեք համարի ընդհանուր ժողովի, բաժանմունքների անդամների կամ այն գիտնականների հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսեւորում, որոնց զեկուցումներն ընդգրկված են առաջիկա օրակարգում:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել