Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈ՞ԳՍ, ԹԵ՞ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 15,2011 00:00

Գիտություն-պետություն հարաբերությունները շարունակ քննարկվող եւ հանրային ջիղ գրավող թեմաներից են, եւ սա շատ բնական է

\"\"Գիտության եւ պետության կողմից գիտության ֆինանսավորման ու կազմակերպման խնդիրը գրեթե մշտապես արծարծվող ու շահարկվող հիմնահարց է, ուր փոխադարձ մեղադրանքների ու արժեզրկումների շարանում ոչ պետությունն է շահել, ոչ էլ գիտությունն ու գիտության մարդը։ Վկան գրեթե ամեն օր մամուլի տարբեր միջոցներում ինքնաոչնչացման հասնող հրապարակումներն են՝ գիտությանը հատկացված գումարների շորթման կամ անարդյունավետ ծախսման, գիտնականին նվաստացնող ցածր աշխատավարձի, անարդար մրցույթների, գիտության կառավարման բնագավառում կոռուպցիայի ու հովանավորչության մասին։ Իսկապես, այս ամենից հավասարապես չեն շահում բոլոր կողմերը, ավելին՝ հասարակությունն իր բարոյական կողմնորոշիչներում ավելի է հուսահատվում եւ մոլորվում, իսկ երիտասարդ գիտնականն առհասարակ փորձում է կամ պարտադրված է իր ապագան Հայաստանից դուրս փնտրել:

ԱԺ քննարկմանն էր ներկայացված մի օրինագիծ, որը պիտի փորձեր օբյեկտիվ գնահատական տալ գիտության շուրջ ստեղծված իրավիճակին, իրավական հիմնավորումներ տալ Գիտությունների ազգային ակադեմիայի նկատմամբ պետության որդեգրած վերաբերմունքին, ակնկալիքներին ու պահանջներին:

Հայեցակարգային առաջնահերթությունները երկուսն են՝ Գիտությունների ազգային ակադեմիայի հատուկ կարգավիճակ, այդ կարգավիճակի հիմնավոր եւ իրավական ձեւակերպումը, երկրորդը՝ ԳԱԱ-ի ֆինանսավորման խնդիրը։

Առհասարակ գիտության ֆինանսավորման առնչությամբ տեսակետները երկու խմբի կարելի է բաժանել։ Կառավարության կամ քաղաքական մեծամասնության վերաբերմունքը մոտավորապես այսպիսին է՝ շուկայական տեսք տալ գիտությանը եւ նրա արդյունքներին եւ մրցակցության պայմաններում, գիտական արդյունքների շուկայացման ճանապարհով ֆինանսավորման նոր աղբյուրներ բացել։ Միանգամից արձանագրենք, որ այս տրամաբանությունն իր դրական կողմերն ունի։ Բայց արդյո՞ք այն անվերապահորեն կիրառելի է մեր ներկա կացության պայմաններում, երբ երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով՝ բառիս բուն իմաստով ծերացրել ենք գիտությունը, երբ թերֆինանսավորման ու անարդյունավետ կառավարման արդյունքում գիտության նյութատեխնիկական բազան բարոյական ու ֆիզիկական լուրջ մաշվածքի է ենթարկվել, ակամայից զրկվել մրցունակությունից։ Եվ այս պայմաններում գիտության շուկայականացման ու մրցունակության մասին, գիտության նկատմամբ բիզնեսի տրամաբանությամբ մոտենալը գրեթե համազոր է նրան ինքնասպանության դրդելուն։ Ներկայացվող նախագիծը որդեգրել էր հենց այս մոտեցումը։

Ես պատկանում եմ երկրորդ կամ այն խմբին՝ որն այն համոզումն ունի, որ գիտնականի գործը գիտությամբ զբաղվելն է, իսկ պետության խնդիրը՝ առաջնահերթություններ ու գերակայություններ սահմանելն ու գիտական պատվեր իջեցնելը։ Եվ հենց այս մեկնակետով է պայմանավորված տարեկան ՀՆԱ-ՀՀ ԳԱԱ հարաբերակցությամբ պայմանավորված ֆինանսավորում ամրագրելու մոտեցումս։

Բարոյական կամ ազնի՞վ է, արդյոք, մրցունակ գիտություն պահանջելը, երբ մրցունակ ֆինանսավորում չենք ապահովում։ Համեմատության համար փաստենք, որ Հայաստանի Հանրապետությունում գիտության ֆինանսավորումը 200-300 անգամ ցածր է միջին եվրոպական ցուցանիշներից։

Եթե իսկապես շահագրգիռ ենք ունենալու բարձրակարգ կրթական համակարգ, զարգացող տնտեսություն, իսկապես էլիտար ու բարոյական արժեքներ կրող գիտական մտավորականություն, ապա գիտության կայուն ֆինանսավորումն ու պետության հոգածությունն անհրաժեշտություն են։ Առաջին հայացքից սա կարող է չարդարացված շռայլություն թվալ, բայց այս է պահանջում պետության ու հասարակության շահը, երկրի անվտանգության հեռանկարը։ Գուցե եւ, ինչպես կրթության մեջ, գիտության մեջ ներդրումը դանդաղ է հատուցվում, բայց այն անվրեպ է եւ տարածվող ողջ հասարակության վրա։ Շատ հաճախ են վերեւներից գիտնականներին հորդորներ տրվում՝ գտնել ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ։ Բայց ո՞ւմ դիմի խեղճ գիտնականը ներդրման պահանջով՝ ալյուր ու շաքար ներկրող օլիգարխի՞ն, որ գիտական նորարարության կարիքն էլ չունի, թե՞ հումք արտահանող մոնոպոլիստին։ Մի՞թե հստակ չէ, որ սեփական արտադրությունը չխրախուսող ու լավագույն դեպքում հումք արտահանող երկիր ենք եւ այսպիսի ձախողված տնտեսական քաղաքականության պայմաններում, երբ արտադրություն-գիտություն-բիզնես շղթան անդամալույծ է, չես կարող մասնավորից ներդրում կամ պատվեր ակնկալել։ Եվ նաեւ սա է պատճառը, որ պետության կողմից կայուն եւ հաստատագրված ֆինանսավորումը այդչափ կարեւորվում է։ Պարզապես՝ այդ է պահանջում պետության կարգավորիչ դերակատարությունը։

Չմոռանանք, որ մի շարք փաստաթղթերով եւ հայեցակարգերով ամրագրել ենք, որ գիտությունը ՀՀ ազգային անվտանգության ապահովման ռազմավարական գործոններից մեկն է եւ միայն կայուն ֆինանսավորման եւ ազգի գիտական ներուժի արդյունավետ կառավարմամբ կարելի է հասնել գիտատար ու առաջատար տեխնոլոգիաներով զինված մրցունակ տնտեսության։ Եվ ինչպես շատ ոլորտներում՝ թղթի վրա հաստատումներն այլ են, իրական կյանքում՝ այլ։ Մեր կողմից գիտության եւ հատկապես ԳԱԱ-ի նկատմամբ թույլ տված կաղ քաղաքականության արդյունքում զգալիորեն տուժել է հիմնարար կամ ֆունդամենտալ գիտությունների բնագավառում մեր ակադեմիական գիտության վարկը։ Մենք աններելի անտարբերություն ենք ցուցաբերում նաեւ հայագիտության, գիտության ժառանգականության ու մտավոր ներուժի փոխանցման ուղղությամբ՝ հեռանկարում հանգեցնելով որոշ ճյուղերի կորստի։ Եվ հենց այս իրականությունն է պատճառը, որ կարեւորելով Ազգային ակադեմիայի դերակատարությունն ու առաքելությունը, կարծում եմ, որ ճիշտ պահն է իրավական եւ ֆինանսական լիարժեք երաշխիքներով ապահովել դրանք՝ ամրագրելով ԳԱԱ-ի մասին օրենքում։ Առանց պետության կողմից ֆինանսական պարտավորությունների ամրագրման՝ օրինագիծը պարզ կանոնադրության արժեք ունի։

Իսկ խնդիրը նաեւ ԳԱԱ իրական դերակատարության եւ մեր պետության անվտանգության համատեքստում նրա առաքելության իրավական վավերացումն է՝ ինչը արտահայտված է նրա կարգավիճակի առանձնահատկություններով։ Ակադեմիայի հատուկ կարգավիճակը պիտի բխի եւ արտահայտվի ոչ այնքան ԳԱԱ նախագահի՝ կառավարության նիստերին մասնակցելով կամ վարչական ենթակայությամբ, ինչն ինքնին հասկանալի է եւ ընդունելի, այլ ակադեմիական գիտության զարգացման մեջ եւ պետության հեռանկարում Գիտությունների ազգային ակադեմիայի ունեցած բացառիկ դերակատարությամբ։ Դերակատարություն, որն արդեն ամրագրված է պաշտոնական անվան մեջ ունեցած ազգային արտահայտությամբ։

Ներկայացված նախագիծը թեեւ բավական բարեփոխված է, բայց այն կդառնա սոսկ իրավիճակային, ԳԱԱ ներկա կացությունը վավերացնող օրենք, եթե այն չի արտացոլում ակադեմիական գիտության նկատմամբ պետության փիլիսոփայությունը եւ համապատասխան ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում։

Տեղին է Կյուրիի հայտնի արտահայտությունը՝ իր գիտության մասին չհոգացող երկիրը վերածվում է գաղութի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել