Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սնկային հիվանդությամբ մարզադահլիճներ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Լոռու մարզի մի շարք դպրոցների աշակերտներ զրկված են ֆիզկուլտուրա առարկայի դասերից

Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի մոլոկաններով բնակեցված Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցում 142 աշակերտ կա: Դպրոցը սպասարկում է նաեւ հարեւան Անտառաշեն համայնքին: Ռուսական եւ հայկական դասարաններում սովորում են նաեւ եզդիներ:

2005 թվականին «Դպրոցների վերանորոգում» ծրագրով դպրոցը հիմնանորոգվել է ու դրանից հետո փորձելով պահպանել արվածը, ամեն տարի հարդարման աշխատանքներ են կատարվում: 2007 թվականի առատ ձյան պատճառով Լերմոնտովոյի դպրոցի տանիքն էր վնասվել, որը վերանորոգել են պետբյուջեից հատկացված գումարով:

Բայց խնդիրներ դեռ կան: Դպրոցի կաթսայատունը շատ լավ վիճակում է, սակայն թիթեղյա տնակում է ու բարձր լեռնային գոտում, ծովի մակերեւույթից 1600 մ բարձրության վրա գտնվող գյուղում ձմռանը՝ հատկապես գիշերային ժամերին շատ շուտ սառչում է: Եթե կաթսայատան քարե շենք ունենալու համար դպրոցի տնօրեն Վահան Հովսեփյանը հույս է կապում գյուղապետի ու ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանի հետ, ապա սպորտդահլիճի հատակի հիմնահարցը մնում է անլուծելի:

Վերանորոգումից 2 տարի հետո շենքի դիրքի եւ նախագծի պատճառով սպորտդահլիճի հատակը սկսեց փտել, փայտը փոշիանալ: Ժամանակին շենքը նախագծվել եւ կառուցվել է, որ զինվորական հոսպիտալ դառնա, դպրոց է դարձել 1958-ին: Մի ամբողջ հարկաբաժին նկուղային հարկում է կառուցվել. «Պատերը 2 մետրից ավելի գտնվում են հողի մեջ, խոնավության արդյունքում տախտակը փտեց՝ դառնալով սնկային հիվանդության պատճառ»,- ասում է Վահան Հովսեփյանը: Լերմոնտովոն տեղումնաշատ ու խոնավ գոտում է, ինչն էլ իր հերթին է նպաստում սնկային հիվանդության տարածմանը:

Տաք եղանակին աշակերտները դպրոցի բակում եւ հրապարակում խաղերով են զբաղվում, մարզվում, իսկ ձմռանը ֆիզկուլտուրայի դասերը դասարանում են անցկացնում: «Սնկային հիվանդությունը տարածվող է: Ավելորդ խնդիրներից խուսափելու համար ես անձամբ թույլ չեմ տալիս, որ աշակերտները սպորտդահլիճ մտնեն»,- ասում է Վահան Հովսեփյանը:

Ըստ նախնական հաշվարկի, 2 միլիոն դրամ է անհրաժեշտ, որ մարզադահլիճի հատակը հիմնանորոգվի, սակայն դպրոցի տնօրենը մտավախություն ունի, որ անընդհատ աճող գները կստիպեն վերանայել նախահաշիվը: Տնօրենը դիմել է Լոռու մարզպետարան:

Հ. Գ. 2010 թվականին Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ վերանորոգվել եւ սնկային հիվանդությունից «բուժվել» է Վանաձորի թիվ 3 դպրոցը: Երկրաշարժից հետո Լոռու մարզում կառուցված դպրոցների մեծ մասը սպորտդահլիճ չունի: Իսկ սնկային հիվանդությունը Սպիտակի թիվ 2, Ստեփանավանի թիվ 6, Տաշիրի թիվ 2, Գյուլագարակ գյուղի միջնակարգ դպրոցներ էլ է հասել: Կրթօջախները կարողացել են իրենց ուժերով միայն մասամբ լուծել հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել