Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՐՋԱՊԵՍ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Արտակ Ոսկանյանն արդեն ՀՀ քաղաքացու անձնագիր ունի

2009 թվականի մայիսի 20-ին, 2010-ի մայիսի 26-ին, նոյեմբերի 19-ին եւ դեկտեմբերի 9-ին գրել ենք Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ՝ 35-ամյա Արտակ Ոսկանյանի մասին: Պետական կառույցների անտարբերության արդյունքում նրա անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության՝ ԽՍՀՄ անձնագիրն է: 25 տարեկանում Արտակն առանց ծնողների է մնացել: 19 տարեկանում կամավոր ներկայացել է Իջեւանի զինկոմիսարիատ, որպեսզի իրեն զինվորական հաշվառման վերցնեն: Սակայն, չգիտես ինչու, չեն հաշվառել: Արտակը երբեք ծառայությունից չի խուսափել, այդ պատճառով քրեական հետախուզման մեջ չի գտնվել: Ու հիմա նրան անձնագիր չեն տալիս, այն պատճառաբանությամբ, որ զինկոմիսարիատում հաշվառում չունի: Վարչական դատարանը 2010-ի նոյեմբերի 10-ին վճռել է՝ պարտավորեցնել անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի բաժանմունքին՝ ՀՀ քաղաքացու անձնագիր տալ Խաշթառակ գյուղում հաշվառված, Իջեւան քաղաքի 35-ամյա բնակիչ, երկու երեխաների հայր Արտակ Ոսկանյանին: Արտակ Ոսկանյանի անձնագրի բացակայության արդյունքում նրա ավագ երեխան մոր ազգանունն է կրում՝ Եգանյան, իսկ կրտսերը՝ հոր, Ոսկանյան:

Անձնագրերի եւ վիզաների վարչությունը, սակայն, վարչական դատարանի վճռի դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել: Դատարաններում Արտակ Ոսկանյանի շահերը ներկայացրել է Իջեւանի շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի (ՇՊԱԿ) իրավաբան Արփինե Եղիկյանը: Դատարանի վճիռը սպասվում էր ապրիլի 19-ին: Անձնագրերի եւ վիզաների վարչությունը, հավանաբար, կռահելով, որ վճիռն իր օգտին չի լինելու, որոշել է «մարդասիրություն» դրսեւորել: Ապրիլի 11-ին ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի խմբի մասնագետ Մեդորա Չապուխյանը 36-ամյա Արտակ Ոսկանյանին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագիր:

«Արտակն արդեն չէր հավատում, որ երբեւէ ՀՀ անձնագիր կստանա»,- ասում է Իջեւանի ՇՊԱԿ-ի ղեկավար Վահագն Թամրազյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել