Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեսուչը թվե՞ր է նկարում

Ապրիլ 15,2011 00:00

Միայնակ կնոջ սպառած էլեկտրաէներգիայի գումարն անգամ  97 հազար դրամի է հասել

Չնայած «Հայաստանի էլեկտրական ցանցերն» («ՀԷՑ») արդեն քանի տարի է բարեփոխումներ է անում իր համակարգում՝ անբարեխիղճ տեսուչներին հանելով ու հանրապետության տարբեր շրջանների էլեկտրաէներգիայի մալուխները փոխելով, սակայն դրա արդյունքները քիչ նկատելի են: Օրինակ, Մարաշ թաղամասում ամեն թեթեւ քամուց էլեկտրամատակարարումը դադարում է: Իսկ Զովունի գյուղում երկու օր առաջվա ուժեղ քամու արդյունքում 17 ժամով լույսն անջատվել է, սակայն այդ մասին որեւէ պարզաբանում կամ զգուշացում բնակիչներին չի արվել: Քամին դադարել էր, իսկ էլեկտրամատակարարումը ժամեր շարունակ չէր վերականգնվում:

«ՀԷՑ»-ի Էրեբունի վարչական շրջանի մասնաճյուղի տեսուչ Արմեն Գյուրջյանն էլ իր ոլորտում չարաշահումներ անելու համար 3 տարի առաջ բնակիչների պահանջով հեռացվել է աշխատանքից, սակայն 2 տարի հետո նորից վերականգնվել է նույն աշխատանքին ու, նույն բնակիչների հավաստմամբ, սկսել իր սեւ գործերը: 7-8 տարի է, ինչ Կարինե Ադամյանը դժգոհում է «Հայաստանի էլեկտրական ցարցերի» Էրեբունի տարածքային մասնաճյուղի իրենց շենքը սպասարկող տեսուչ Արմեն Գյուրջանից, որը նրա վրա մեծ պարտքեր է գրում: Անգամ դեպք է եղել, որ 97 հազար դրամ էլեկտրաէներգիայի վարձ է գրել (2003 թվականի հունվար ամսվա համար), այն դեպքում, երբ այս կինը միայնակ է ապրում եւ ամբողջ օրն էլ տանը չի լինում: Այս տարվա հունվար եւ փետրվար ամիսների համար էլ մոտ 20 հազար դրամի սպառած էլեկտրաէներգիայի վարձ է գրել: Կ. Ադամյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացնում էր, որ ինքն իր օրն անց է կացնում աղջկա տանը եւ միայն երեկոյան ժամերին է տուն վերադառնում. «Երբ գալիս եմ, փոքրիկ պլիտա ունեմ, դա եմ մի 20 րոպեով միացնում սենյակումս, հեռուստացույցն ու լույսը, հնարավոր չէ, որ այդքան վարձ գա այդքան քիչ բան միացնելով: Երբ տեսուչին դժգոհում էի եւ ասում, որ շատ է գրում, ասում էր, բա Նոր տարի է, բան է, ձմեռվա ամիսներին միշտ էլ այդքան է լինում վարձերը: Փաստորեն, նա ոչ թե հաշվիչի ցուցմունքին է նայում, այլ դրսի ջերմաստիճանին, հետո էլ հաշվիչի տվյալները համապատասխանեցնում իր կանխատեսումներին»: Տիկին Կարինեն ասում է, որ իր եւ հարեւանուհու բողոքի հիման վրա, մի քանի տարի առաջ այս տեսուչին խարդախություններ անելու համար հեռացրել են աշխատանքից, սակայն նա վերջերս վերականգնվել է. «Չեմ հասկանում, երբ տարածքայինի պետը փոխվեց, նրան վերականգնեցին: Սկզբում իր եղբորն էր գրանցել, բայց ինքն էր աշխատում, իսկ հետո արդեն ինքն անցավ աշխատանքի: Ես տանս հաշվիչ էի դրել եւ տարբերությունը շատ էր, պարզ էր, որ նա ավելի է գրում, սակայն ասացին, որ իմ դրած հաշվիչի տվյալները հիմք չեն կարող լինել»: Կինն իր դժգոհություններով դիմել է նաեւ իրենց վարչական շրջանի դատախազություն, որտեղից նրա դիմում-բողոքն ուղարկել են վարչական շրջանի ոստիկանություն, սակայն արդեն մի քանի ամիս է ոչինչ չի փոխվում. «Միայն եկել են իբրեւ թե «ՀԷՑ»-ի վերահսկողությունից, որպեսզի ստուգումներ անցկացնեն: Նայեցին հաշվիչին, ասացին՝ ըհը, սա պլոմբը, սա էլ հաշվիչը, եւ վերջ: Մի բան էլ ինձ փորձեցին վախեցնել, որ եթե էլի բողոքեմ, կտեսնեմ իմ հալը: Ես տարիներ շարունակ տարել եմ այդ նկարած գումարները մուծել եմ, խնայողություններ եմ արել, որպեսզի հանկարծ ավելի կիլովատ չգրվի վրաս, բայց ինձ հետ նման ձեւով են խոսում: Մասնագետ էլ եմ բերել, որ ստուգումներ անի, տեսնի՝ հո ինձնից լույս չեն գողնում, հո հաշվիչս չի փչացել, բայց նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է, տեսուչն է ավել գրում»:

Այս առնչությամբ մենք դիմեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն, սակայն այնտեղից 2 օրվա ընթացքում մեզ որեւէ պարզաբանում չտվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել