Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւր են տանում ճանապարհները

Ապրիլ 15,2011 00:00

«Արմավիան» առաջարկում է չվերթներ դեպի աշխարհի 40 քաղաքներ

Արդեն մարտ-ապրիլից նրանք, ովքեր հանգստանալու ժամանակ եւ հնարավորություններ ունեն, կանգնում են մշտական հարցի առաջ՝ ո՞ւր գնալ ամռանը: Եվ կախված հնարավորություններից՝ սկսում են իրենց փնտրտուքը՝ սկսած տատիկի գյուղից, վերջացրած Մալդիվյան կղզիներով:

Բարեբախտաբար, հիմա արդեն խորհրդային տարիները չեն, որ Կանարյան կղզիները կամ Թաիլանդը մեզ թվում էին մեկ այլ մոլորակ եւ անհասանելիության առումով Սատուրնին կամ Մարսին չէին զիջում: Այսօր փող ունենալու դեպքում Երկրագնդի ցանկացած վայր հասանելի է մեզնից յուրաքանչյուրին: Մեկ վերապահմամբ՝ եթե տվյալ երկրի դեսպանատան հետ խնդիր չունենա: Իսկ որ նման խնդիրներ ՀՀ-ում գործող օտարերկրյա գրեթե բոլոր հյուպատոսություններն էլ այս կամ այն չափով առաջացնում են մեր քաղաքացիների, նույնիսկ՝ ունեւոր քաղաքացիների առջեւ՝ փաստ է, որին բազմաթիվ անգամ անդրադարձել է մեր թերթը: Բողոքներն ու դժգոհությունները եղել են տարբեր սոցիալական խավերի, տարբեր կենսամակարդակով ապրող մարդկանցից՝ ամենատարբեր հյուպատոսություններից ստացված մերժումների կապակցությամբ:

Սակայն եթե մի պահ մոռանանք այդ խոցելի պահը, ապա հաջորդ հարցը, որ կանգնում է «ո՞ւր գնալ» հարցի պատասխանն արդեն գտած միջին հայաստանցու առջեւ՝ «ինչպե՞ս գնալն» է: Երկաթուղային ճանապարհներից, ըստ էության, զուրկ, շրջափակման մեջ գտնվող Հայաստանից դուրս գալու գրեթե միակ ճանապարհն օդայինն է: (Հանգստի նպատակով օգտագործվող միակ, բայց մեծ ՕԳԳ ցուցաբերող երկաթուղային ճանապարհը մեզ մոտ Երեւան-Բաթումի-Երեւանն է):

Բարեբախտաբար, այսօր մեր երկրից դեպի աշխարհի տարբեր կետեր հասնելու համար հնարավորությունները փոքր չեն, ավելին՝ տարեցտարի շատանում են: Մի կողմ թողնելով տրանզիտ թռիչքները՝ պետք է նկատենք, որ Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերության կողմից իրականացվող հետեւողական քաղաքականության շնորհիվ հնարավոր է դարձել Երեւանից ուղիղ չվերթ իրականացնել աշխարհի քսան երկիր՝ ավելի քան 40 ուղղությամբ, շաբաթական 100-ից ավելի թռիչքով:

Հալեպ, Ամստերդամ, Աթենք, Բեյրութ, Դուբայ, Մարսել, Փարիզ, Ստամբուլ… Աշխարհի տարբեր ծագերն ընդգրկող այս չվերթները (դեռ չենք հիշատակում ՌԴ եւ Ուկրաինայի տարբեր քաղաքներ) վերջին երկու տարում համալրվեցին եւս մի քանիսով՝ թույլ տալով հայաստանցիներին ավելի արագ հասնել իրենց հարկավոր նպատակակետերը:

2009-ին «Արմավիան» սկսեց իրականացնել ուղիղ եւ պարբերական չվերթներ դեպի Բեռլին, Ցյուրիխ, Հռոմ, Թբիլիսի, Բաթում, Խարկով, Վլադիկավկազ եւ Բահրեյն, իսկ 2010-ին վերականգնեց դեպի Լառնակա թռիչքները՝ Բեյրութով (Երեւան-Բեյրութ-Լառնակա), բացեց նոր չվերթներ՝ Երեւան-Թել-Ավիվ-Երեւան, Երեւան-Դելի-Երեւան, Երեւան-Թեհրան-Երեւան, Երեւան-Բարսելոնա-Երեւան: 2010թ. աշնանը «Արմավիան» չվերթ բացեց դեպի Անգլիա՝ Երեւան-Բիրմինգհեմ-Երեւան՝ այսպիսով այլընտրանք դառնալով «Բրիթիշ Էյրվեյզին»՝ Մեծ Բրիտանիա թռչող հայաստանցիների համար:

Աշնանը բացվեց նաեւ Երեւան-Պեկին չվուղին՝ Ալմաթի կանգառով: 10 ժամ տեւող թռիչքը Երեւան-Ալմաթի-Պեկին իրականացվում է ամենշաբաթյա պարբերականությամբ:

2011-ը դեռ չի կիսվել, սակայն արդեն եւս երկու նոր չվուղի է հայտնվել «Արմավիայի» թռիչքների ցանկում՝ Երեւան-Բրատիսլավա-Երեւան, իսկ ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 21-ին, կկայանա Երեւան-Մյունխեն-Երեւան նոր պարբերական չվերթի առաջին թռիչքը: Իսկ այս ամռանը նախատեսվում են պարբերական թռիչքներ նաեւ դեպի Մադրիդ, Լիոն եւ Վենետիկ:

Այս ամենից բացի՝ «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը բազմիցս խոսել է «Արմավիայի» պլաններից, որոնց մեջ մտնում են դեպի ԱՄՆ նոր չվերթներ, ինչպես նաեւ քննարկվում է դեպի Կանադա թռիչքների հավանականությունը:

Ինչպես արդեն նշեցինք՝ շաբաթական 100-ից ավելի թռիչք են կատարում «Արմավիայի» ինքնաթիռները, որոնք այսօրվա դրությամբ 9-ն են, այդ թվում՝ երեք հատ A320, երեք հատ՝ A-319, մեկական՝ CRJ-200, շԽ-42-VIP, Լխ-86:

Այս տարվա մեջ ավիաընկերությունը նախատեսում է իր օդանավերի կազմը համալրել եւս երկուսով. ընդամենը մի քանի օրից՝ ապրիլի 19-ին, Երեւանում կկայանա նոր «Սուխոյ Սուպերջեթ» ինքնաթիռի շնորհանդեսը, որն առաջինն է իր տեսակի մեջ: Այս ինքնաթիռներից «Արմավիան» ձեռք է բերել երկու հատ, որոնք կիրականացնեն չվերթներ դեպի Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի եւ Ուկրաինայի քաղաքներ:

Ընկերությունը ծրագրում է նաեւ հետագայում ձեռք բերել եւս երկու CRJ-200, ինչպես նաեւ տրանսատլանտյան թռիչքների համար նախատեսված մի ինքնաթիռ:

Մեզ մնում է միայն «Արմավիային» մաղթել անփորձանք եւ անխափան թռիչքներ, իսկ մեր համերկրացիներին՝ բարեկեցություն եւ միջոցներ՝ ազգային փոխադրողի ընձեռած բոլոր հնարավորություններից օգտվելու համար:

Հ. Գ. Ի դեպ, եթե 2009-ին «Արմավիան» տեղափոխել էր ավելի քան 700 հազար ուղեւորի, ապա 2010-ին տեղափոխեց 800 հազար ուղեւորի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել