Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Ինքնահոս եղանակով ջուր ստացող տնտեսությունները մինչեւ մայիսի 1-ը կազատվեն ոռոգման ջրի վարձավճարներից: Ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին այս որոշումը երեկ կառավարության նիստում ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ու Ջրային պետական տնտեսության կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի տարաձայնությունների պատճառ դարձավ: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց՝ քանի՞ տնտեսություն կարող է օգտվել այդ հնարավորությունից: Ի պատասխան՝ Անդրեասյանն ասաց, որ պայմանագրային հարաբերությունների մեջ է մոտ 200 000 գյուղացիական տնտեսություն: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ հետաքրքրվեց, թե մեխանիկական եղանակով արտադրվող ջուրն է՞լ է անվճար տրամադրվելու: «Եթե դուք՝ պարոն Մովսիսյան, համաձայնեք՝ հոսանքի վճարը չվերցնել, ապա պարոն Անդրեասյանը հայտնում է իր պատրաստակամությունը»,- կատակեց վարչապետը: Միջամտեց նաեւ գյուղնախարարը. «Ձեր նախատեսած արտոնությունից, պարզվում է, գյուղում հարեւաններից մեկը օգտվելու է, մյուսը՝ ոչ: Այդպես ո՞նց կլինի: Եթե արտոնություն ենք տալիս, պետք է բոլորին տանք, եթե չենք տալիս, ուրեմն ոչ ոքի չենք տալիս: Գյուղացիների փոքրամասնությունն է օգտվելու ձեր արտոնությունից, որովհետեւ Հազարամյակի մարտահրավերներով նախատեսված ծրագրերի մեծամասնությունը դեռ չի ավարտվել, պոմպակայանները չեն աշխատում»: Պարոն Անդրեասյանն էլ նկատեց, որ շինարարական կազմակերպությունները ժամկետների առումով իրոք խախտումներ են թույլ տվել: Թեեւ նախատեսված էր աշխատանքներն ավարտել ապրիլի մեկին, սակայն արդեն ապրիլի կեսն է, բայց դեռ ոչինչ չի փոխվել: «Թղթի վրա մի բան է, բայց երբ գնում ենք, համայնքներում ուսումնասիրում աշխատանքները, լրիվ այլ բան ենք բացահայտում»: Պարոն Անդրեասյանն առաջարկեց այցելել ջրանցքներ ու համոզվել, որ դրանցով ինքնահոս ջրերն արդեն տեղափոխում են: Վարչապետն էլ մտահոգություն հայտնեց, թե ո՞վ է հատուցելու էլէներգիայի ծախսով տրամադրված ոռոգման ջրի համար, եթե այն գյուղացուն հասցվի անվճար. «Չեմ կարծում, որ մեր էներգետիկայի համակարգն այսօր ունի այդ ֆինանսական հնարավորությունները: Ունեցած կարողությունների հաշվին նվազեցրինք գազի սակագինը»:

Գյուղնախարարը նորից կրկնեց իր առաջարկը. «Եկեք բոլորին առաջին ջուրը ձրի տանք»: Ի՞նչ արժե նախարարի այս առաջարկը՝ հարցին պարոն Կարապետյանը հիշեցրեց պարոն Անդրեասյանի հաշվարկները. «Ներկայացրել են 800 միլիոն դրամ, չեմ կարող ասել՝ այդ գումարը ճիշտ է, թե չէ, բայց եթե ճշմարիտ հաշվարկներ կատարենք, այդքան գումար չի կազմի»: Ա. Անդրեասյանն էլ ասաց՝ պատրաստ է ճշմարիտ հաշվարկներ անել:

Հարցն առայժմ մնաց առկախ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել