Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՈՒԺԵՂ Է, ԵՎ ԴԱ ԱԿՆՀԱՅՏ Է»

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Վստահեցնում է ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը:

– Ընդդիմությունը իր պահանջներում կոնկրետ խնդիրներ է դնում, որոնք այսօր իրոք հասարակության համար կարեւոր են եւ լուծման կարիք ունեն: Ձեր կարծիքով՝ կոալիցիայի, իշխող քաղաքական ուժի տրամադրվածությունը ինչպիսի՞ն է, մտադի՞ր եք դրանք լուծել:

– Թույլ տվեք չխոսեմ ամբողջ կոալիցիայի անունից, որովհետեւ չգիտեմ բոլորի դիրքորոշումը այս կապակցությամբ, բայց թույլ տվեք խոսեմ իմ անունից՝ որպես քաղաքական գործիչ, եւ խոսեմ այն մարդկանց անունից, ովքեր կոալիցիայի մեջ կիսում են իմ համոզմունքները եւ գաղափարները:

– «Բարգավա՞ճը» նկատի ունեք:

– Ոչ, ես նկատի ունեմ իմ կոալիցիոն այն գործընկերներին, որոնց հետ բազմաթիվ քննարկումների արդյունքում ընդհանուր մոտեցումներ ենք ձեւավորել: Այդ մոտեցումները հետեւյալն են՝ ելակետային սկզբունքներից կարեւորագույնն այն է, որ 2012-ի գարնանային խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել միջազգային նորմալ չափանիշներով, եւ դա պետք է մեր ժողովրդի շրջանում ընդունելություն, ընկալում եւ բավարարություն գտնի: Սրա համար աշխատելու ճանապարհը երկխոսությունն է իշխանության եւ ընդդիմության միջեւ՝ քաղաքական հանդուրժողականության դիրքերից: ԲՀԿ-ն դեռ մարտիմեկյան իրադարձություններից հետո մշտապես կրկնում է նույն բանը, որ մեզ անհրաժեշտ է մի միջավայր, որը հիմնված լինի քաղաքացիական համերաշխության եւ ազգային միասնության գերակայությունների վրա: Այս ելակետից ելնելով՝ մենք միշտ էլ պատրաստ ենք եղել եւ հիմա էլ պատրաստ ենք մասնակցել ցանկացած երկխոսության, որը ուղղված է լինելու այս նպատակների իրականացմանը: Ես անկեղծորեն ուրախ եմ, որ ընդդիմության վերջին հանրահավաքում վերջապես ձեւավորվեց մի միտք, որին մենք վաղուց սպասում էինք, որ ընդդիմությունն ասեր, այն է՝ ցանկացած ներքին խժդժություն, ցանկացած ներքին առճակատում, թշնամանք, բացի մեր թշնամիներին ուրախացնելուց, երկրի ներսում բան չի փոխելու: Հետեւաբար սա այն ելակետն է, որը կարելի է ընդունել որպես ձեւակերպված հիմք երկխոսությունն առաջ մղելու համար: Ինչ վերաբերում է ընդդիմության պահանջներին, ապա իմ անձնական կարծիքով՝ այնտեղ բաներ կան, որոնց կարող ենք համաձայնել, բաներ կան, որոնց չենք կարող համաձայնել: Հիմա չեմ էլ ուզում ասել, թե մեր տարաձայնությունները ինչքան խորն են եւ գալիս են դեռեւս նախորդ ընտրություններից: Եթե հիմա սկսենք նորից վերլուծել այդ տարաձայնությունները, գալու ենք նորից առճակատման ելակետին: Դրա համար հիմա գլխավորը ոչ թե պարզելն է, թե ով է ավելի ճիշտ եւ ով՝ սխալ, այլ այս պահին ավելի կարեւոր է, թե ով ինչ աստիճանի զիջման է պատրաստ՝ հանուն երկխոսության մթնոլորտի եւ հանուն քաղաքացիական համերաշխության:

– Իսկ ով ինչքա՞ն է պատրաստ զիջման՝ ըստ Ձեզ:

– Ուզում եմ ասել, որ մեր կոալիցիոն իշխանությունը 2008-ից ի վեր կատարել է հետեւողական լուրջ քայլեր ԵԽ-ի բանաձեւերը կատարելու ուղղությամբ եւ արել է երկրում ակնհայտ քայլեր քաղաքական լարվածությունը փոքրացնելու եւ ընդհանուր համաձայնության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Եթե համեմատենք քաղաքական դաշտում տիրող այսօրվա տրամադրությունները 2,5 տարի առաջվա տրամադրությունների հետ, ապա կտեսնենք, որ հիմա բոլորովին ուրիշ մթնոլորտ է:

– Ես Ձեզ հարցնեմ՝ մի՞թե դա բավարար է, եթե բավարար է, ուրեմն ինչո՞ւ են մարդիկ միտինգներ անում:

– Միանգամից ես Ձեզ պատասխանում եմ՝ ոչ, բավարար չէի, որովհետեւ եթե հասարակության մի մասը գտնում է, որ կան խնդիրներ, որոնց համար ինքը պատրաստ է փողոցներում ցրտի տակ, անձրեւի տակ ժամերով կանգնել, ուրեմն սրանք ցանկացած իշխանության համար ազդանշան են, որ պետք է քայլեր անել: Բայց իրականությունը այնպես չի, որ մենք ձեռքներս ծալած նստել ու սպասում ենք, թե ընդդիմությունը ինչ է հուշելու կամ հորդորելու, ստիպելու, որ մենք քաղաքական դաշտում իրականացնենք, որպեսզի մեր հեղինակությունը, որպես իշխանություն, պատշաճ մակարդակի վրա լինի: Դա այդպես չի, մեր իշխանությունը արդեն ուժեղ է, եւ դա ակնհայտ է, ցանկացած պաշտոնական, էլ ավելին, շատ ասեմ՝ ոչ պաշտոնական հարցում ցույց կտա, որ այսօր երկրի իշխանական կուսակցություններն ունեն հեղինակություն եւ ազդեցություն՝ մեր հասարակության մեջ լիաթոք արտահայտելու իրենց քաղաքական տեսակետները 2012-ի նախօրյակին: Ավելին չեմ ուզում ասել, որովհետեւ կարող է ներքին վեճեր սկսվեն, բայց ուզում եմ ընդամենը արձանագրել, որ մենք լիքը ասելիք ունենք, եւ մենք մեր ասելիքը ասելու ենք, մենք պատրաստում ենք մեր նախընտրական պլատֆորմը եւ ծրագրերը, եւ կոնկրետ ԲՀԿ-ն տարվա վերջում դրանք ներկայացնելու է: Եվ համոզված եղեք, որ այդ նախընտրական պլատֆորմը, ինչպես 2007-ին մերը եղել է ամենաուժեղը, չասեմ՝ ամենաուժեղներից մեկը՝ իր ընդգրկման եւ ռեալ իրականանալիության տեսանկյունից, այս անգամ էլ այդպիսին է լինելու:

– Երբ Դուք ասում եք, թե լիքը ասելիք եւ անելիք ունեք, ենթադրում եմ՝ նկատի ունեք միայն ԲՀԿ-ն, եւ այս ենթատեքստում ուզում եմ Ձեզ հարցնել՝ արդյոք օրակարգից դո՞ւրս է եկել ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալու հեռանկարը, որովհետեւ, ըստ որոշ կասկածների, ընտրություններից որոշ ժամանակ առաջ ԲՀԿ-ն այդուհանդերձ ընդդիմություն է դառնալու:

– Ես ասելու եմ նույն բանը, ինչ ասել եմ հենց Ձեզ սրանից երկու տարի առաջ: Նույն բառերը կրկնում եմ՝ մեզ համար ոչ իշխանություն լինելն է սկզբունք եւ ոչ էլ ընդդիմություն դառնալն է սկզբունք: Մենք ունենք ծրագիր, ունենք շահեր, մեր կողմնակիցների համոզված բանակը, որի մոտեցումներն էլ իրականացնում ենք քաղաքական դաշտում: Այս պահին վստահաբար կարող եմ ասել, որ մենք կիսում ենք քաղաքական պատասխանատվությունը երկրի նախագահի եւ Հանրապետական կուսակցության հետ, որովհետեւ գաղափարախոսական տարբերություններ քաղաքական մոտեցումներում չունենք: Մեր ստորագրած վերջին հուշագիրը կյանքի ենք կոչել այն պարզ տրամաբանությամբ, որ հանրապետության նախագահին գործելու ազատություն է պետք երկրի առջեւ ծառացած քաղաքական, տնտեսական, ռազմական, ֆինանսական բարդագույն խնդիրները լուծելու համար: Հետեւաբար մենք քաղաքական պատասխանատվության մեր մասով ամբողջությամբ կիսում ենք այսօրվա իրավիճակի համար: Իսկ մեր կուսակցությունը, սեպտեմբերից սկսած, շարադրելու է իր քաղաքական պլատֆորմը: Դա էլ ենք անելու թափանցիկ, որպեսզի մեր բոլոր կողմնակիցները իմանան, թե ինչ մոտեցումներով է ԲՀԿ-ն գնալու 2012-ի ընտրություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել