Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ

Ապրիլ 15,2011 00:00

ԵԽԽՎ-ն երեկ ուշ երեկոյան քննարկեց «Եվրոպայում խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների ամրապնդում» զեկույցը, որի ընթացքում Եվրոպական դեմոկրատների խմբի անունից ելույթ ունեցավ Դավիթ Հարությունյանը: Ելույթ ունեցավ նաեւ Նաիրա Զոհրաբյանը, որն առաջարկեց պատասխանատվության առավել կոնկրետ մեխանիզմներ մշակել ԵԽ անդամ այն պետությունների համար, որոնք վավերացնելով «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիան՝ շարունակում են ոտնահարել դրա դրույթները. «Եվ պատահական չէ, որ զեկուցողը նշել է Ադրբեջանի անունը, որը 1 տարի ուշացումով է միայն թույլատրել հրապարակել տվյալ հանձնաժողովի զեկույցը։ Ավելի՛ն, իրավացի է զեկուցողը, երբ արձանագրում է, որ իրականում այդ զեկույցները այսբերգի միայն երեւացող մասն են, իսկ իրականությունը շատ ավելի խորն է։ Իսկ իրականությունն այն է, որ ԵԽ անդամ որոշ պետություններում խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը մարդու նկատմամբ խրախուսվում են պետական մակարդակով։ Ուզում եմ Վեհաժողովին հիշեցնել, որ հոկտեմբերի 5-ին Ադրբեջանում իբր ինքնասպան էր եղել Հայաստանի սահմանամերձ գոտուց առեւանգված քաղաքացիական անձ՝ հովիվ Մանվել Սարիբեկյանը։ Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր տեսահոլովակ, որտեղ երեւում էին Սարիբեկյանի վրա անմարդկային խոշտանգման ակնհայտ հետքեր։ Հայաստանի խորհրդարանի բոլոր խմբակցությունները բաց նամակ հղեցին միջազգային բոլոր կառույցներ, այդ թվում՝ նաեւ ԵԽԽՎ, սակայն որեւէ հստակ արձագանք մենք այդպես էլ չստացանք»: Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ իբր հայ դիպուկահարի կրակոցից մահացած ադրբեջանցի երեխայի մասին պնդումներին՝ մասնավորապես նշելով. «Ցանկացած փորձաքննություն անմիջապես կպարզի, որ ԼՂՀ պաշտպանության բանակի առաջատար դիրքերից մինչեւ այդ երեխայի Օրթա Քարվանդ գյուղը հեռավորությունն ու ռելիեֆն այնպիսին է, որ ոչ մի դիպուկահար գնդակ հայկական դիրքերից չէր կարող հասնել նշանակետին։ Ուստի հատկանշական է, որ Ադրբեջանը հրաժարվում է այս դեպքի հետ կապված դիտարկում անցկացնելուց։ Չի բացառվում, որ երեխան դարձել է Օրթա Քարվանդի եւ Շխլար գյուղերի միջեւ գտնվող ադրբեջանցի դիպուկահարների կողմից արձակված կրակի զոհը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել