Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կմխիթարվի ԱՄ-ն

Ապրիլ 15,2011 00:00

Արտաշես Գեղամյանը լիովին վստահում է  Ռուսաստանին

Սկիզբը՝  

– Ո՞ր ուժերին եք տեսնում հաջորդ խորհրդարանում:

– Բոլոր այն ուժերին, որոնք իրենց տեսլականը վաղվա օրվա Հայաստանի մասին կկարողանան հասու կերպով ներկայացնել ժողովրդին, ովքեր հայոց պետականության ամրապնդման խնդիրներն ավելի վեր են դասում այժմեական քաղաքական կոնյունկտուրայից բխող խնդիրներից: Մեր ժողովուրդն առաջիկայում հետեւելով բոլորի վարքագծին, կարծում եմ, կհասկանա, որ ապագայի տեսլական պետք է ունենալ, որը պետք է պայմանավորված լինի պետության ամրապնդմամբ: Եթե դա հաջողվի՝ ԱՄ-ն ԱԺ-ում իր տեղը կունենա: Եթե ոչ՝ մենք մեզ կմխիթարենք հայտնի ասացվածքով՝ մեծ քաղաքական ուժերի պահանջվածությունը պայմանավորված է մեծ ճշմարտությունների հաղթանակով:

– Նախորդ օրը խորհրդարանը ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգեց մինչեւ 49 տարի: Ինչո՞ւ ենք սերունդներին խնդիրներ թողնում: Չե՞ք կարծում, որ այդպիսով Ռուսաստանին հնարավորություններ են ընձեռվում Հայաստանի ներքին գործերին միջամտելու:

– 2010թ. օգոստոսի 16-ին Բաքվում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Աբդուլա Գյուլը եւ Իլհամ Ալիեւը ստորագրեցին ռազմավարական դաշնության եւ փոխօգնության պայմանագիր, որը Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսը վավերացրեց անցած տարվա դեկտեմբերի 29-ին: Մի՞թե ոչ մի բանի մասին չի խոսում այն, որ հայ-ռուսական՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը ստորագրվել էր ՌԴ-ի եւ ՀՀ-ի պաշտպանության նախարարների կողմից ադրբեջանաթուրքական պայմանագրի ստորագրումից 4 օր անց: Միգուցե անհրաժեշտություն կա հիշեցնել, որ Գյուլի եւ Ալիեւի կողմից ստորագրված պայմանագրի 5 բաժիններից երկուսն են՝ «Ռազմաքաղաքական հարցեր եւ անվտանգության հարցեր», «Ռազմական եւ ռազմատեխնիկական գործընկերություն»: Կարծում եմ՝ արդարացված կլիներ, որ հայ-ռուսական պայմանագրի քննադատները, նախքան իրենց դատողությունները հրապարակելը, ծանոթանային վերը հիշատակած բաժինների բովանդակության հետ: Ըստ որում՝ այդ հարցերը այնքան լուրջ էին, որ Ադրբեջանի Միլի մեջլիսի այդ պայմանագրի վավերացման հաջորդ իսկ օրը՝ դեկտեմբերի 30-ին, դրանց անդրադարձավ «Առավոտ» օրաթերթը: Մեջբերեմ նաեւ 2010 թ. օգոստոսի 20-ին խնդրո առարկայի վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի արած հայտարարությունը. «Մենք ծայրաստիճան լուրջ ենք վերաբերվում Հայաստանի առջեւ ստանձնած պարտավորություններին»:

Եվ վերջապես, ես ձեր հարցին հանդիպակաց հարցով պատասխանեմ. արդյոք անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆրանսիան միջամտո՞ւմ է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի կամ Իտալիայի ներքին գործերին եւ հակառակը. ի դեպ, Իտալիայում եւ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմակայաններ են տեղակայված: Չէ՞ որ այդ երկրները միջպետական եւ ռազմական հարաբերություններում առաջնորդվում են դեռ 1949 թ. ապրիլի 4-ին Վաշինգտոնում կնքած «Հյուսիսատլանտյան կազմակերպության պայմանագիր» հիմնարար փաստաթղթերով, որտեղ կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ այդ պայմանագիրը կազմված է ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան: Այնպես էլ Հայաստանի պարագայում: Մեր երկրի եւ ՌԴ հարաբերությունները ռազմական համագործակցության ոլորտում հստակ ձեւակերպված են մի կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, մյուս կողմից՝ օրերս ԱԺ-ի կողմից հաստատված խնդրո առարկա թիվ 5 արձանագրությամբ, որը համապատասխանում է թե՛ ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ թե՛ ՀՀ Սահմանադրությանը (ս/թ փետրվարին ՀՀ Սահմանադրական դատարանը հաստատել է դա):

Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջամտությանը մեր ներքին գործերին, ապա, այո, կա այդպիսի միջամտություն: Նրանք կողմնակիորեն միջամտում են, մասնավորապես, Հայոց բանակին նորագույն ռազմական տեխնիկայով մատակարարելու գործում: Երբ հարյուրավոր միլիոն դոլարների արժողությամբ ռազմական տեխնիկան ՀՀ զինված ուժերը ձեռք են բերում ճիշտ այն նույն գներով, որով դրանք վաճառվում են ՌԴ-ի բանակին, դա, ինչ խոսք, միջամտություն է: Եվ նման միջամտությունը, տա Աստված, գնալով խորանա: Այդ հարցերը աղավաղված մեր հանրությանը ներկայացնողներին պարզապես հիշեցնեմ, որ 2011 թվականի բյուջեով Ադրբեջանի Հանրապետության ռազմական ծախսերը կազմելու են 3,1 մլրդ դոլար, իսկ ռազմաարդյունաբերության հետ միասին գերազանցելու են 4,6 մլրդ դոլարը: Համեմատության համար նշենք, որ Վրաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմել է ավելի քան 600 մլն դոլար, իսկ Թուրքիայինը՝ 15 մլրդ 634 մլն դոլար՝ Հայաստանի Հանրապետության 402,8 մլն դոլարի դիմաց:

Մինչեւ սերունդների վրա թողնված խնդիրների մասին փիլիսոփայելը՝ այսօր նախ մտածենք նրանց վաղվա անվտանգության հարցերը ապահովելու մասին: Այո, ես համաձայն եմ՝ արժանապատվորեն ապահովելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել