Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ՎԿԱՅԻ «ՄԵՐՍԵԴԵՍԻ» ՀԱՇՎԻՆ

Ապրիլ 15,2011 00:00

Ո՞վ պետք է փոխհատուցի գնորդին՝ դրամական եւ բարոյական վնասի համար

\"\"2010թ. հունիսի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, արագացված ընթացակարգով «լսվել» է մշտական բնակության վայր չունեցող, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի Ալբերտ Վոլոդյայի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Այս քրեական գործով կային 3 տուժողներ՝ Կարեն Խաչատրյան, Աղվան Շիրինյան, Արտակ Մելքոնյան:

Իսկ վկա Գուրգեն Մախմուրյանը Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, սպասել է դատական նիստերի դահլիճից դուրս (վկան չպիտի իմանա մեկ այլ վկայի ցուցմունքի մասին), մինչ իրեն կբարեհաճեն հրավիրել դատական նիստին: Որեւէ մեկը վկային չի տեղեկացրել նրա իրավունքների մասին, այն մասին, որ վկան իրավունք ունի դատարան ներկայանալ նաեւ իր փաստաբանի հետ: Դատական նիստը ավարտվել է, Ալբերտ Հովհաննիսյանը, որին երբեւէ չի տեսել վկա Գուրգեն Մախմուրյանը, դատապարտվել է 5, 5 տարվա ազատազրկման: Տուժողներից մեկի՝ Կարեն Խաչատրյանի սիրտը շահել են եւ Ալբերտ Հովհաննիսյանի կողմից խարդախությամբ տիրացած մեքենան, որը գնել էր վկան, տվել են Կարեն Խաչատրյանին: Սակայն արագացված ընթացակարգով դատական նիստի արդյունքի մասին վկան չի իմացել, որովհետեւ նա չի հրավիրվել նիստերի դահլիճ. ամբաստանյալը կամավոր ընդունել է իր մեղքը ու դրանով ավարտվել է դատական նիստը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Գուրգեն Մախմուրյանը մեկ անգամ՝ անցյալ տարվա փետրվարի 23-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին: Այնտեղ էլ իմացել է, որ հարուցվել է քրեական գործ, իսկ տարիուկես առաջ 8000 դոլարով ձեռք բերած իր մեքենան՝ 1997թ. արտադրության «Մերսեդես-Բենց Ե-320» մակնիշի 08 UL 394 պետհամարանիշի, մինչ այդ «գնել» է 6 անձ:

Գուրգենի մտքով ոչինչ չի անցել, եւ նախաքննության ժամանակ բացատրություն է տվել, որ մեքենայի շուկա գնալով՝ տեսել է վաճառքի հանված «Մերսեդեսը»: Գուրգեն Մախմուրյանը գնել է վերոհիշյալ մեքենան Գայանե Սարդարյանից, որի հետ 2009թ. մարտի 21-ին կնքել է առքուվաճառքի պայմանագիր: Ըստ այդ պայմանագրի, մեքենայի սեփականության իրավունքը հաստատվել է Կենտրոնի նոտարական գրասենյակի նոտար Մարինե Մանուկյանի կողմից: Մեքենան այդ պահին գնահատվել է 8000 դոլար: Վաճառողը հայտնել է եւ երաշխավորել, որ ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանել է վաճառողին, գրավ դրված չէ, վաճառված կամ նվիրատրված չէ, արգելանքի տակ չի գտնվել: Վաճառողը պարտավորվել է 1 օրվա ընթացքում ավտոմեքենան եւ դրա հետ առնչվող փաստաթղթերը հանձնել գնորդին: Չգիտես ինչու, դատարանում անընդհատ շեշտվել է, թե մեքենան ի պահ է տրվել Մախմուրյանին: Մեր տրամադրության տակ գտնվող իրավական ոչ մի փաստաթղթից չի երեւում, որ մեքենան «ի պահ է տրված», այսինքն՝ «ի պահ տրված» մեքենայի դիմաց մարդն այդպիսի գումար հաստատ չէր մուծի:

Գուրգեն Մախմուրյանը ընդհանուր իրավասության դատարանի վճռի մասին իմանում է այն ժամանակ, երբ իրեն են այցելում դատական ակտերի կատարման ծառայությունից եւ իր մեքենան տանում տուժողին: Վկա Գ. Մախմուրյանը բնականաբար չիմանալով ընդհանուր իրավասության դատարանի վճռի մասին, բաց էր թողել բողոք բերելու ժամկետը: Նա վերաքննիչ դատարան է դիմում, վերականգնում բողոք բերելու իր իրավունքը, սակայն վերաքննիչը բարեխիղճ գնորդին չի էլ լսում եւ անփոփոխ է թողնում նրա բողոքը:

Մախմուրյանը դիմում է նաեւ վճռաբեկ դատարան, սակայն նրա բողոքը վերադարձվում է, քանի որ, ըստ վճռաբեկ դատարանի, Մախմուրյանի որեւէ իրավունք՝ նյութական, դատավարական, չի խախտվել, եւ որեւէ էական վնաս չի հասցվել նրան:

Երեք դատական ատյանները չեն պատճառաբանել, թե ինչու տուժող չի ճանաչվել Գ. Մախմուրյանը, ինչո՞ւ ոմն Ալբերտ Հովհաննիսյանի խարդախության համար կամ Կարեն Խաչատրյանին ունեցած նրա պարտքի դիմաց պետք է հատուցի Մախմուրյանը: Ո՞վ պիտի տա Մախմուրյանի 8000 դոլարը, նաեւ հավելյալ 4000 դոլարը, որը 1, 5 տարվա ընթացքում ծախսել է իր գնած սեփական մեքենայի վրա: Ինչպե՞ս են Մախմուրյանի գնած մեքենան հաշվառել պետավտոտեսչության աշխատակիցները, երբ «չբացահայտված տուժողներ» են եղել, ինչո՞ւ է ոմն Գայանե Սարդարյան նոտարականում շեշտել, թե գրավ դրված չէ, որեւէ մեկին չի պատկանում վաճառվող մեքենան: Եվ վերջապես ո՞րն էր Մախմուրյանի մեղքը. նա չի ճանաչել, չի տեսել այս գործով անցնող, իր մեքենային տիրացած եւ ոչ մեկին:

Ի վերջո, վկայի կարգավիճակ ինչո՞ւ է տրվել մեկին, որն իրականում իսկական տուժողն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել