Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐԲ ԵՆ, ԲԱՅՑ ԾՆՈՂ ՈՒՆԵՆ

Ապրիլ 15,2011 00:00

16-ամյա Օֆելյա Մամիկոնյանն ու իր 2 անչափահաս քույրերը ծնողազուրկ չեն, բայց ապրում են մենակ

\"\"
Երեխաների մայրը:

Երեխաների հայրը՝ Մարատ Մամիկոնյանը, հրաժարվել է երեխաների խնամքից ու նրանց զրկել իրենց մոր՝ Անուշ Օհանյանի հետ ապրելու իրավունքից: Հիմա Անուշի ու Մարատի երեխաներն ապրում են Բյուրականում գտնվող հայրական տան մի սենյակում, որտեղ նույնիսկ մի լուսամուտ չկա: Դասերն անում են մութ ու ցուրտ սենյակում: Երեխաներից ավագը՝ Օֆելյան, քույրերին խնամելու համար դպրոցից դուրս է եկել, ու թեեւ ինքն էլ մոր կարիք ունի, բայց քույրերի համար իսկական մայր է դարձել:

Ամեն ինչ սկսվել է 5 տարի առաջ, Մարատի ու Անուշի ամուսնալուծվելուց: Տիկին Անուշի պատմելով, ամուսնալուծությունից մի քանի օր չանցած, Մարատը դիմել է դատարան՝ կնոջն ու հարազատ երեխաներին իր տնից վտարելու հայցով, որը մասամբ բավարարվել է. «Դա որոշվեց առաջին ատյանի դատարանում, որը, չգիտես ինչ հիմնավորմամբ, որոշեց երեխաներին իրավունք տալ ապրել հոր տանը, իսկ ինձ զրկել՝ այդ տանը երեխաներիս հետ ապրելու իրավունքից: Հետո ես դիմեցի վերաքննիչ դատարան, հայցս մերժեցին: Հիմա երեխաներս երկու ծնողով որբ են դարձել: Հայրը չի խնամում, ես էլ զրկված եմ խնամելու իմ իրավունքից»: Անուշ Օհանյանի ապրուստի միակ միջոցը ամսական 30 հազար դրամ սոցիալական նպաստն է ու սեզոնային աշխատանքը: «Գնում եմ դաշտեր՝ ալոճ ու ծաղիկ հավաքելու, բերում եմ գյուղում կամ մայրուղիների վրա վաճառում, որ երեխաներիս համար հաց առնեմ՝ սոված չմնան,- նեղսրտած ասում էր 3 երեխաների մայրը: – Ամեն անգամ երեխաներին այցելությունը իսկական պատուհաս է դառնում գլխիս: Երեխաներս շաբաթներով կարոտով են մնում, երբ գնում եմ այցելելու՝ նախկին ամուսինս ու սկեսուրս հարձակվում են վրաս: Անցած անգամ նույնիսկ քարերով զինված դեմս դուրս եկան, ծեծեցին, ջարդեցին, երեխաներս էլ ինձ պաշտպանելու համար նրանց հարվածների տակ ընկան»: Անուշի պատմելով, հերիք չէ, որ մայր ու տղա իրեն ծեծի են ենթարկել, հաջորդ օրն էլ ոստիկանական բաժանմունք են ներկայացել դիմումով՝ իբրեւ թե Անուշն ու երեխաներն են ծեծի ենթարկել իրենց տատին: Ա. Օհանյանն ասում է, որ Մարատը ամուսնության առաջին իսկ օրվանից լավ ամուսին չի եղել. «Աշխատելու հետ սեր չուներ, ամբողջ ընտանիքի հոգսն իմ ուսերին էր: Ամուսնության առաջին իսկ օրվանից հարբած տուն էր գալիս ու ինձ այնքան ծեծում, մինչեւ ուշագնաց էի լինում: Հետո էլ երեխաներին էր ծեծում՝ առանց հոր դաստիարակություն կամ գուրգուրանք ցույց տալու: Ձմռան ցուրտ օրերին գերանն իմ ուսերին դրած եմ բերել, հասցրել երեխաներիս, որ վառենք, իրենք էլ տաքանան: Հիմա ինչքա՞ն կարող եմ ապրել առանց երեխաներիս, մինչեւ ե՞րբ: Փոքր աղջիկս 11 տարեկան է, մոր կարոտից հիվանդացել էր, ես ինձ էի մեղադրում, թե լավ մայր չեմ, երեխաս ջերմության մեջ վառվում է, իսկ ես նրան տեսնելու, կողքին նստելու հնարավորություն չունեմ»:

Քույրերին խնամող Օֆելյան էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ստիպված է դպրոցից դուրս եկել՝ հոր պատճառով. «Դպրոցից դուրս եմ եկել, քանի որ ինձ ծաղրում էին, հորս մասին կատակներ պատմում, ամաչում էի: Մյուս կողմից էլ մորս չեն թողնում մեզ այցելի, ստիպված եմ ինքս ճաշ եփել, լվացք անել, քույրերիս էլ դպրոց ճանապարհել»: Հոր ծեծ ու ջարդից ու անմարդկային վերաբերմունքից նա շատ է վիրավորված, որ հայրն ավելն առած իր հետեւից է վազել, որ ծեծի. «Խփեց ոտքիս ու շրջվեց մորս կողմը, թե՝ աղջկադ թոփալ պետք է սարքեմ, որ տանը մնա: 16 տարեկան եմ, բայց հորիցս 16 դրամի օգնություն, էլ ուր մնաց հայրական սեր չեմ տեսել»: Փոքր քույրը՝ Աննան էլ պատմում էր, թե օրերով մոր կարոտով է ապրում. «Քնում ու արթնանում ենք մեր մորը տեսնելու երազանքով: Ոչ մի դատարան չի կարող որոշել, թե մենք ում հետ պետք է ապրենք, մենք մեր մայրիկին ենք ուզում»:

Զրուցեցինք նաեւ երեխաների հոր՝ Մարատ Մամիկոնյանի հետ: Ըստ նրա, կինն անբարոյական է ու դեռ համատեղ կյանքի ժամանակ էր դա նկատել. «Երեխաներիս շատ եմ սիրում, բայց նրանք են ինձ ատում, նախկին կինս է նրանց իմ դեմ տրամադրել: Մոտենում եմ, որ հետները խոսեմ, փախչում են, ինձ ամենաստոր վիրավորանքները հասցնում: Նույնիսկ երբ երեխաներն իրար հետ կռվում են, ասում են՝ թաղեմ հորդ գլուխը»:

Չնայած ամուսնու պնդումներին ու մեղադրանքներին, որ Անուշն անբարոյական է, նրանց հարեւանները «Առավոտի» հետ զրույցում պնդեցին, որ Անուշը բարոյական ու հոգատար մայր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել