Կոլումբիայի Բրիտանական համալսարանի կանադացի հոգեբանները ենթադրում են, թե կրոնասեր մարդիկ ավելի լավ են հարմարվում կենսական դժվարություններին: Նրանց կարծիքով՝ հավատը համախմբում է, իսկ համախմբված մարդիկ ավելի ուժեղ են՝ փոխօգնության շնորհիվ, դրա համար էլ նրանք ավելի շատ շանսեր ունեն վերապրել դժվարին ժամանակներում, եւ, հետեւաբար, ժառանգաբար փոխանցել իրենց «կրոնասեր գեները»: Արդյունքում էվոլյուցիան հանգեցրել է այն բանին, որ գրեթե ամեն մարդու մեջ Աստծո կողմից դրված է հավատը: Այդպես են եզրակացրել գիտնականները՝ կատարելով XIX դարում ԱՄՆ-ում առաջացած տարբեր փակ կոմունաների եւ համայնքների համեմատական վերլուծություն: Դրանց թվում եղել են ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ համայնքներ՝ հիմնված, օրինակ, կոմունիզմի գաղափարների վրա. պարզվել է, որ կրոնական համայնքները հիմնականում շատ ավելի երկար են գոյություն ունեցել:
Ֆրանսիացի մարդաբան Պասկալ Բուայեն Սենտ-Լուիսին Վաշինգտոնյան համալսարանից նշել է մարդկային մտածողության եւս մեկ առանձնահատկություն, որը մարդկանց դարձնում է չափազանց ընկալունակ կրոնական գաղափարների հանդեպ: Դա տվյալ պահին բացակայող անձանց ենթարկվելու կարողությունն է: Առանց դրա չէին կարողանա գոյություն ունենալ կրոնական մեծ կոլեկտիվները:
«Բացակա մարդու «իդեալական կերպարի» հետ հարաբերությունների պահպանման ունակությունն օգտակարագույն ադապտացիան է, որը թույլ է տալիս պահպանել կարգուկանոնը եւ համակեցության կանոնները», – կարծում է Պ. Բուայեն: Ուսումնասիրությունները կատարվել են «Ինչո՞ւ են մարդիկ հավատում Աստծուն» նախագծի շրջանակներում, որի համար Ջորջ Թեմփլթոնի հիմնադրամը 2008թ. հատկացրել էր 3 միլիոն դոլարից ավելի գումար: