Իսկ հավկիթ՝ պարտադիր ներկվելու է
Օրերս հասարակության մեջ լուրեր էին շրջանառվում, թե Սուրբ Հարության տոնի՝ Զատիկի օրվա հետ կապված փոփոխություն է եղել, եւ Հայ առաքելական եկեղեցին այս տարի այն նշելու է ոչ թե ապրիլի 24-ին, այլ 17-ին:
Ինչպես տեղեկացանք Սուրբ Սարգիս եկեղեցու մամլո դիվանից, տարածված լուրերը ապատեղեկատվություն են եւ ոչ մի հիմնավոր բացատրություն չունեն:
Ոմանք պնդում են, որ այդպես հաղորդվել է հեռուստատեսությամբ, մի մասի խոսքով էլ եկեղեցին է տարածել այդ տեղեկատվությունը, մարդիկ մտածում էին՝ քանի որ այդ օրը համընկնում է Հայոց ցեղասպանության օրվա հետ, Զատիկ նշել չի կարելի:
Ըստ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու ծիսակատար քահանա տեր Վարդան Գափոյանի, Զատիկի օրը չի փոխվել. «Սուրբ Հարության տոնն այս տարի նշվում է ապրիլի 24-ին, ինչպես հայտարարել էր եկեղեցին: Հազարամյակներ շարունակ այն բազում անգան նշվել է այդ օրը: 20-րդ դարի սկզբում տեղի ունեցած մեծ արհավիրքը՝ Հայոց մեծ եղեռնը այսօր մտորելու առիթ է տալիս՝ արդյոք ուրախությունն ու վիշտը կարո՞ղ են հանդիպել իրար: Սակայն Քրիստոսի տնօրինականը հավիտենական է: Կյանքը հաղթեց մահվանը: Սուրբ Հարության փաստը մեծ մխիթարություն էր առաքյալների համար: Այդպես էլ այն մխիթարում է մեզ բոլորիս եւ սգո խավարի ճիրաններից մենք կարողանում ենք արտաբերել «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսը»:
Քահանան նշեց, որ այս օրերին մոլորված հասարակությունը անդադար զանգում է եկեղեցի եւ պարզաբանում պահանջում: Հավելեմ, որ ոմանց կարծիքով էլ Զատկի օրվա փոփոխության լուրը հասարակության շրջանում տարածվել է աղանդավորների կողմից: Մեր զրույցի ընթացքում ինքս ականատես եղա, թե ինչպես չէին դադարում եկեղեցու հեռախոսազանգերը:
«Զանգում են ճշտելու, ասում են՝ հեռուստացույցով են լսել: Բայց հետո միանգամից ուղղում են իրենց, որ ոչ թե իրենք են լսել, այլ իրենց բարեկամը, հարեւանը, եւ ոչ ոք հստակ չի նշում, թե որ հեռուստաալիքով եւ կոնկրետ ով է ասել: Ես ինքս տեղեկություն չունեմ, թե ինչ աղբյուր ունի լուրը՝ իսկապե՞ս հեռուստաեթերով է հնչել, թե՞ դա ենթադրություն է մեկի կողմից»:
Նշենք նաեւ, որ տարակարծություններ կան նաեւ այդ օրը հավկիթ ներկելու հետ: Այս ասեկոսեներին անդրադարձավ նաեւ քահանան: Նա ասաց. «Բացի օրվա ճշտումներից, զանգում- հարցնում են՝ հավկիթ ներկելո՞ւ են, թե՝ ոչ: Ասեմ, որ ներկվում է, որովհետեւ Սուրբ Հարության տոնին պարտադիր ներկում են հավկիթը, քանի որ Քրիստոսի արյունը թափվեց թե ննջեցյալների հոգիների եւ թե տիեզերքի փրկության համար: Հավկիթը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Սուրբ Գրիգոր Տաթեւացին հավկիթը կարմիր ներկելու մասին ասում է, որ միայն Զատիկին ենք ձու ներկում: Դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով՝ հռչակում ենք մեր փրկությունը: Այսինքն՝ հավկիթը մահվան նկատմամբ հաղթանակի խորհրդանիշն է: Այնպես որ, հարկավոր է, որ ներկվի: Երբեմն հարցնում են՝ եթե տանը ննջեցյալ կա, ներկե՞նք ձուն, թե՝ ոչ, այս պարագայում էլ է պարտադիր ներկելը, որովհետեւ հարության խորհուրդ ունի իր մեջ: Բոլոր ննջեցյալներն են հարություն առնում, Զատկին հաջորդող մեռելոցին գերեզմաններ գնալիս այնտեղ իրենց էլ ենք ավետիս տալիս, ասելով՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց, սա նշանակում է, որ իրենք էլ պետք է հարություն առնեն: Ինչպես հաջորդ օրը գերեզմաններում Հարության բարի լուրը տալիս ենք մեր ննջեցյալներին, այնպես էլ այդ օրը՝ ապրիլի 24-ին, բարի լուրը կտանք Եղեռնի նահատակներին»: Տեր Վարդանը նկատեց, որ պետք չէ մտածել երկու տարբեր տրամադրությունների միախառնվելու մասին. «Հարությունը ոչ միայն ողջերին է վերաբերվում, այլեւ ննջեցյալներին: Այս տոնը բոլորի համար է: Ննջեցյալների համար է, որովհետեւ իրենք էլ պետք է հարություն առնեն: Խնդիրն այն է, որ եթե գնում ես Եղեռնի զոհերի հուշարձան, սխալ չէ, որ իրենց էլ ասես՝ Քրիստոս հարյավ ի մեռելոց: Այս օրը հաղթանակի, հույսի օր է»:
Քահանան նկատեց, որ պետք չէ ապրիլի 24-ի՝ Եղեռնի օրվա եւ Սուրբ Հարության տոնի համընկնումը խորհրդանշական եզրերով կապել. «Գուցե շատերը փորձեն եզրեր գտնել, բայց նման երեույթներին խորհրդաբանորեն չեմ մոտենում եւ չարժի էլ փնտրել»:
Նշենք, որ Սուրբ Հարության տոնը այս տարի սկսվում է ապրիլի 23-ի երեկոյան: Ինչպես ասաց քահանան. «Եկեղեցական օրացույցով օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո՝ 5:30-ին: Եթե գրված է ապրիլի 24-ին, նշանակում է, մենք Հարության տոնը նշում ենք ամսի 23-ի երեկոյան: Այսինքն՝ ձուն ներկելը, փլավը, կանաչեղենը, այդ զատկական սեղանը, որ պատրաստում են, դրվում է ամսի 23-ի երեկոյան: Կարգն է այդպես: Այդ օրը պահքը ավարտվում է, ժողովուրդը հաղորդություն է ստանում եւ գնում տուն Զատիկ նշելու: Այդ օրը երեկոյան ճրագալույցի պատարագ է լինելու: Այս ամենը նշանակում է՝ Զատիկը նշեցին, բայց դեռեւս ամսի 24-ը չէ: Իսկ արդեն Մեծ եղեռնի օրը՝ Հարության պատարագ է տեղի ունենալու»:
Ի դեպ, Քահանան նաեւ շեշտեց, որ սովորաբար եկեղեցական տաղավար տոներին, այդ թվում նաեւ Զատիկի հաջորդ օրը՝ մեռելոց է. «Մարդիկ գալիս են եկեղեցի եւ մասնակցում մեռելոցի Սուրբ պատարագին: Այս տարի Սուրբ պատարագի ավարտին բացառության կարգով կատարվելու է հոգեհանգիստ՝ նվիրված Մեծ եղեռնի նահատակների հիշատակին»: