Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՄԱ ԷԼ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ապրիլ 14,2011 00:00

Երաժշտական կոլեկտիվները՝ մեկ կառույցի ներքո

Արեւմուտքում համերգային եւ ստեղծագործական կառույցների գործունեությունը կազմակերպելու նպատակով 19-րդ դարից հիմնվեցին պրոդյուսերների եւ իմպրեսարիոների ինստիտուտները, որոնց փորձը վերջին շրջանում սկսել են կիրառել նաեւ Հայաստանում: Ասվածի վկայությունը ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2010թ. վերջին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ստեղծումն է՝ 6 պետական կոլեկտիվներով (Հայաստանի պետական կամերային նվագախումբ, Մենակատարների անսամբլ, 3 կամերային երգչախմբեր, «Տաղարան» անսամբլ): Թե ինչ մեթոդաբանություն է մշակվել կոնկրետ այս կենտրոնի գործունեության համար՝ չգիտենք:
Մեկ ամիս առաջ ստեղծվեց նաեւ Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնը, ներառելով երկու պետական կոլեկտիվներ՝ Ազգային նվագարանների նվագախումբ (ղեկավար՝ Ն. Դավթյան) եւ Գուսանական անսամբլ (ղեկավար՝ Գ. Մանասյան): Նոր կառույցի արդյունքում էլ չեն լինի մասնատված, բաժան-բաժան գործող կոլեկտիվներ, որոնք երբեմն ունենալով հաստիքային ուռճացումներ, կանգնում են ֆինանսական ու կազմակերպական լուրջ խնդիրների առջեւ:
«Առավոտը» զրուցեց Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Գրիգոր Կուզիկյանի հետ, առաջին հերթին հետաքրքրվելով՝ ի վերջո ինչ է ենթադրում կոլեկտիվների միավորվելը, մանավանդ՝ չունեն վարչական տարածք, փորձատեղի եւ այլն: Պարոն Կուզիկյանը հայտնեց, որ միավորման ստեղծման նախապատրաստական փուլում նախարարության հետ փորձել են մշակել ստեղծագործական եւ այլ ուղիները, որոնց միջոցով միմյանց լրացնելով եւ օժանդակելով՝ երկու կոլեկտիվների ծրագրային, համերգային, հյուրախաղային գործունեությունը կաշխուժանա: Հետո էլ հավելեց. «Ամենակարեւորը՝ շատ շուտով ժողովրդական երաժշտության երկրպագուները հնարավորություն կունենան յուրաքանչյուր հինգշաբթի «Առնո Բաբաջանյան» համերգային սրահում ըմբոշխնել ազգային, ժողովրդական, գուսանական երաժշտություն: Կարծում եմ, սա մեծ օգնություն է մեր հանդիսատեսին, քանի որ նա այլեւս ժամանակ չի վատնի փնտրելու եւ գտնելու, թե որ համերգասրահում կարելի է ունկնդիր լինել նախընտրած ժանրին»: Գ. Կուզիկյանը սկզբնական շրջանում չբացառեց նաեւ դժվարությունները, օրինակ՝ հանդիսատեսի ապահովումը, նշեց, որ շուտով կսկսվեն իրենց կենտրոնի գովազդները հայաստանյան TV-ներով եւ ռադիոկայաններով:
Հետաքրքրվեցինք՝ եթե տնօրենը իրավասու չէ առաջադրել ստեղծագործական պահանջներ, ինքնուրույն տնօրինել կենտրոնի ստեղծագործական քաղաքականությունը, չի՞ ստացվում, որ դարձյալ գործ ենք ունենալու «երկիշխանության» հետ, երբ կոլեկտիվներից յուրաքանչյուրի գեղարվեստական ղեկավարը առաջադրելու է սեփական դիրքորոշումներն ու հայեցադրույթները, այսպիսով տնօրենին վերածելով սովորական ադմինիստրատորի: Այս առիթով պարոն Կուզիկյանի պատասխանը հակիրճ էր. «Տնօրեն, թե գեղարվեստական ղեկավար՝ ունի իր հստակ ֆունկցիաները: Տնօրենը պետք է եւ անհրաժեշտ, որ նպաստի գեղարվեստական ղեկավարների մտահղացումների իրականացմանը»: Իսկ հնարավո՞ր է, որ կենտրոնում ստեղծվի գեղարվեստական խորհուրդ, որին տրվեն գեղարվեստական խնդիրները լուծելու իրավասությունները: Գ. Կուզիկյանն ասաց, որ հնարավոր է. «Միավորման դեպքում ունենք եւ կլինեն ընդհանուր խնդիրներ եւ դրանց արդյունավետ լուծմանը կնպաստեն խորհրդում ընդգրկված պրոֆեսիոնալ երաժիշտները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել