Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մուբարաքները կալանավորվել են

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Եգիպտոսի հանրային մեղադրողը որոշում է ընդունել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին 15 օրով կալանելու մասին։ «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը այդ մասին հայտնել է Եգիպտոսի պետական հեռուստաընկերությունը: BBC-ի մատուցմամբ, 82-ամյա Մուբարաքը երեքշաբթի օրը հարցաքննության ժամանակ իրեն վատ է զգացել ու տեղափոխվել է Շարմ էլ-Շեյխի հիվանդանոց, որտեղ նրան սրտի կաթված են ախտորոշել:
Չորեքշաբթի առավոտյան հարցաքննվել ու 15 օրով կալանավորվել են նրա երկու որդիները՝ Ալաա ու Գամալ Մուբարաքները (նկարում): Նրանք արդեն տեղափոխվել են Կահիրեի մեկուսարան: Եղբայրներին տեղափոխող ոստիկանության մեքենայի վրա հավաքվածները քարեր, ջրի շշեր ու կոշիկներ են նետել, ինչը արաբական աշխարհում արհամարհանքի նշան է:
Ոստիկանությունը հաղորդել է, որ նրանք կասկածվում են կոռուպցիայի՝ յուրացումների, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ինչպես նաեւ ցուցարարների սպանություններին առնչություններ ունենալու մեջ:
Հոսնի Մուբարաքի ավագ որդին գործարար է, իսկ կրտսերը՝ Գամալ Մուբարաքը, բարձր դիրք էր զբաղեցնում իշխող կուսակցությունում, եւ համարվում էր նախագահի պաշտոնում հոր ժառանգորդը:
Հիշեցնենք, որ ավելի քան 30 տարի իշխելուց հետո Հոսնի Մուբարաքը նախագահի պաշտոնից հրաժարվեց փետրվարի 11-ին՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող անընդմեջ ակցիաների, ցույցերի ճնշման արդյունքում: Անկարգությունների ժամանակ Եգիպտոսում բախումների հետեւանքով մոտավորապես 800 մարդ էր սպանվել:
Հոսնի Մուբարաքին եւ նրա ընտանիքի անդամներին ավելի վաղ արգելվել էր լքել երկիրը, սառեցվել են նրանց բանկային հաշիվները: Մուբարաքը անցած կիրակի օրը հրաժարականից հետո առաջին անգամ հրապարակային իր ելույթում հայտարարել էր, թե իր դեմ հարուցված մեղադրանքներն անհիմն են, եւ այդ ամենը զրպարտիչ արշավ է իրեն եւ իր ընտանիքի անդամներին վարկաբեկելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել