Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՍԿԻ ՄԵՏՐՈՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Ապրիլ 14,2011 00:00

\"\"Երկուշաբթի գիշերը Մինսկի մետրոյի «Օկտյաբրսկայա» կայարանում տեղի ունեցած ահաբեկչությանն առնչություններ ունենալու համար ձերբակալվածները խոստովանել են իրենց մեղքը: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, չորեքշաբթի օրը, ուժայինների մասնակցությամբ խորհրդակցությունից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Վերջինիս ասելով, ձերբակալվածները խոստովանել են նաեւ իրենց առնչությունը նախկինում տեղի ունեցած երկու պայթյուններին, որոնցից մեկը տեղի էր ունեցել 2008թ. Մինսկում՝ Անկախության օրը, մյուսը՝ ավելի վաղ, Վիտեբսկում: 
«Այսօր, առավոտյան ժ. 5-ին հանցագործությունը բացահայտվել է: Չեկիստներին ու ոստիկանությանը մեկ-երկու օր է պահանջվել փայլուն օպերացիա իրականացնել ու առանց աղմուկի եւ ցնցումների կատարողներին կալանավորելու համար: Այսօր առավոտյան ժ. 5-ին նրանք ցուցմունքներ են տվել»,- հայտարարել է Բելառուսի առաջնորդը՝ շնորհակալություն հայտնելով ՊԱԿ-ի ու ոստիկանության, նաեւ դատախազության աշխատակիցներին, ուժային բոլոր կառույցներին՝ նրանց կատարած աշխատանքի համար:
Լուկաշենկոն ասել է, թե ՆԳՆ-ն կշարունակի ծառայություն իրականացնել ուժեղացված ռեժիմով. «Մենք չպետք է թուլանանք, քննություն պետք է կատարվի բոլոր ուղղություններով»: Բելառուսի նախագահը իրավապահներին հանձնարարել է հարցաքննել բելառուսական ընդդիմության ակտիվիստներից մի քանիսին՝ նախօրեին նրանց արած հայտարարությունների առնչությամբ: Լուկաշենկոն այդ մարդկանց նկատի ունենալով հայտարարել է, թե նրանք ահաբեկչության կազմակերպման մեջ «ում չեն ալարել՝ մեղադրել են»: «Այսօր մենք փնտրում ենք հանցակիցներին եւ պատվիրատուներին: Հնարավոր է, որ այդ գործիչները՝ «հինգերորդ շարասյունից», կբացեն խաղաքարտերն ու մատնացույց կանեն պատվիրատուին»,- եզրակացրել է Լուկաշենկոն:
Մարտի 13-ին Բելառուսում սգո օր էր հայտարարվել: Այդ օրը տեղի են ունեցել ահաբեկչության արդյունքում զոհվածների առաջին հուղարկավորությունները: Հիշեցնենք, որ բոլոր 12 զոհերի ինքնությունը հաստատված է: Ահաբեկչության արդյունքում վիրավորվել էր 200 մարդ, որից 150-ը հոսպիտալացվել է: Բոլոր զոհերի հուղարկավորությունն իրականացվելու է քաղաքային բյուջեի հաշվին, բացի այդ՝ զոհերի ընտանիքները կառավարությունից մոտ 10 հազար դոլարի օգնություն կստանան:
BBC-ի մատուցմամբ, տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ մի քանի վարկածներ են քննարկվում: Բելառուսի ՊԱԿ-ի նախագահ Վադիմ Զայցեւի ասելով, մեկը՝ «Բելառուսում իրավիճակն ապակայունացնելու» վարկածն է: «Չեմ ուզում ընդգծել, թե ով է կանգնած այդ փորձերի թիկունքում, բայց այն, որ ինչ-որ մեկին դուր չի գալիս իրերի այն դրվածքը, որի պայմաններում ապրում է բելառուսական հասարակությունը՝ փաստ է»,- ասել է Զայցեւը:
Երկրորդ վարկածը կապված է արմատական կամ ծայրահեղական տրամադրված երիտասարդական կազմակերպությունների հետ: Ավելի վաղ Բելառուսի անարխիստների դեմ քրեական գործ էր հարուցվել: Երրորդ վարկածով, ահաբեկչությունն իրականացրել է հոգեպես անհավասարակշիռ մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել