Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չի հեռացվել, բայց մի քիչ պարտք է

Ապրիլ 14,2011 00:00

«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Բանասիրականի դեկանին հեռացրել են» լուրում գրել էինք, որ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետի դեկան Մարտին Գիլավյանը օրերս ազատվել է աշխատանքից ու հավելել, թե, ըստ մեր տեղեկությունների, այսօր կայանալիք համալսարանի խորհրդի նիստում կքննարկվեն նրա պաշտոնանկության պատճառները: Նշել էինք նաեւ, որ Գիլավյանը տարիներ շարունակ բուհի նախկին ռեկտորի հետ «Հայագիտական հանդես» է հրատարակել, ու դրա իրացումից ոչ մի լումա մուտք չի արվել հաշվապահություն: Երեկ խմբագրություն եկավ պարոն Գիլավյանը եւ հայտնեց, որ ինքն աշխատանքից չի հեռացվել, այլ պաշտոնավարման ժամկետն է լրացել: Ըստ կանոնակարգի, ՀՊՄՀ-ում դեկանը իրավունք չունի պաշտոնավարել 10 տարուց ավելի: Բանասիրական ֆակուլտետի դեկան Մ. Գիլավյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է մարտի 28-ին, եւ, ըստ կանոնակարգի, լուծվել է նրա՝ դեկան աշխատելու պայմանագիրը, ու մրցույթ է հայտարարվել թափուր պաշտոնի համար: Այժմ բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Դանիելյանը: Ինչ վերաբերում է Գիլավյանին, նա շարունակում է աշխատել որպես բուհի հայ գրականության եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր:
 Հայագիտական հանդեսի «մասով» Մ. Գիլավյանը պարզաբանեց. «2006-2010թ. ընկած ժամանակահատվածում համալսարանի «Մանկավարժ» հրատարակչությունում տպագրվել է «Հայագիտական հանդեսի» 1560 օրինակ, որի դիմաց, ըստ պայմանագրերի, վճարվելիք գումարը կազմում է 1 770 330 դրամ: Ապրիլի 13-ի դրությամբ դրամարկղ է մուտքագրվել 1մլն 464 հազար 250 դրամ:
Հանդեսի 2 համար՝ նվիրված Խ. Աբովյանի 200-ամյակին եւ ակադեմիկոս Ա.Ղարիբյանի 90- ամյակին, տպագրվել են համալսարանի միջոցների հաշվին (ընդհանուր արժեքը՝ 233 300 դրամ)»: Ըստ մեր զրուցակցի, հանդեսի խմբագրությունը համալսարանին պարտք է մնացել 72 780 դրամ՝ չիրացված համարների դիմաց: Գիլավյանը նաեւ ասաց, որ 10 տարի դեկան աշխատելու ընթացքում ծանրաբեռնվածության պատճառով զրկված է եղել գիտական եւ ստեղծագործական աշխատանք կատարելուց, ինչով եւ կզբաղվի այսուհետեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել