Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԻ ՈԳՈՒ ՀԱՂԹԱՍՅՈՒՆ

Ապրիլ 14,2011 00:00

Ինչ է պետք կառուցել Հանրապետության հրապարակում

\"\"

2006 թվականին կայացած Երեւանի Հանրապետության հրապարակի ձեւավորման մրցույթում (Լենինի արձանի փոխարեն) որեւէ կառույցի շինարարության առաջարկ հավանություն չստացավ, քանի որ ներկայացված գաղափարներում բացակայում էր գլխավորը. Հայաստանի սրտում կառույց ստեղծելու որոշումը պետք է բխի համայն հայության, յուրաքանչյուր ընտանիքի, ամեն մի հայի սրտից՝ անկախ բնակության վայրից, եւ նույն կերպ էլ իրագործվի: Ավելին, այն պետք է կառուցվի ոչ միայն Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության միջոցներով, այլեւ Հայաստանի, Արցախի եւ աշխարհի տարբեր անկյուններից ուղարկված գրանիտով: Քարաշատ երկրում ապրած ազգը քարը դարձրել է սրբազան խաչքար ու հազարամյա վանք: Հայաստան ուղարկելով հեռավոր երկրի՝ իրենց երկրորդ հայրենիքի գրանիտը, դրան հաղորդելով իրենց հոգու եւ սրտի ջերմությունը, մտքերն ու հույզերը, հայը մեկընդմիշտ «կհաստատվի» Հայաստանի սրտում:
Այս գաղափարը, կարծում եմ, կգրավի բոլորին, եւ յուրաքանչյուր հայի մասնակցություն՝ թեկուզ խորհրդանշական, կընկալվի որպես ներկայություն՝ հայրենիքի սրտում գործելու հնարավորություն: Հայաստանի Հանրապետության Գլխավոր հրապարակում կառուցվող կոթողը պետք է եւ կարող է դառնալ ազգի միասնության սկիզբը, հիմքը…
Դարեր շարունակ հայը երազում է միավորվել… Մեզ փորձեց միացնել Տիգրան Մեծը (տարածքով), Գրիգոր Լուսավորիչը (կրոնով՝ քրիստոնեությամբ), Մաշտոցը (այբուբենով), Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (միասնական եւ անբաժանելի Հայաստանով): Սակայն ճակատագիրն ու պատմությունը մեզ ավելի ու ավելի ցրեցին աշխարհով մեկ: Այնպես որ, կենտրոնախույս ուժի հաղթահարումը, միասնությունը՝ այսօր, այս ագրեսիվ ու անընդհատ փոփոխվող աշխարհում, ավելի քան երբեւէ արդիական է եւ անհրաժեշտ, քանի որ միասնության գաղափարը այսօր էլ բոլոր հայերի համար ունի ոգեշնչող, ոգեւորող եւ հաղթական նշանակություն:
Իսկ ի՞նչ կարելի է կառուցել Հանրապետության հրապարակում, որպեսզի դա հասկանալի, ընկալելի եւ ընդունելի լինի աշխարհասփյուռ հայության համար եւ որեւէ մեկի կողմից չլինի հերքելի: Միանշանակ է՝ մեր անկախ Երրորդ Հանրապետության, Արցախյան հաղթանակի, հայ ոգու տոկունության, կորովի ու հաղթանակի խորհրդանիշը՝ հաղթասյունը:
Հաղթասյան համազգային շինարարությունը եւ հենց հաղթասյունը՝ միանշանակ ձեռք կբերի նշանակալից իմաստ: Նախեւառաջ կմիավորվեն բոլորը, քանի որ կկառուցեն ոչ թե որեւէ անհատի հուշարձան, որին ոչ բոլորն են ընդունում, ոչ թե եկեղեցի, որը, ցավոք, միավորում է ամենեւին էլ ոչ բոլոր հայերին, ոչ թե մարզասրահ կամ մշակութային պալատ, որի շահագործումից կարող է շահ ստանալ ինչ-որ մեկը, այլ իսկապես միավորող խորհրդանիշ, որից չի կարող որեւէ մեկը շահույթ ակնկալել կամ օգտագործել նեղ քաղաքական նպատակներով. այն կպատկանի բոլոր հայերին եւ ողջ աշխարհին, ինչպես Էյֆելյան աշտարակը:
Այսպիսով, հաղթասյունը կոչված է եւ անպայման կդառնա այն առանցքը, որը կմիավորի մեր ժողովրդին, կդառնա ձգողականության կենտրոն, եւ նոր ժամանակի հաշվարկային կետը: Այս գաղափարում գլխավորը ոչ այնքան սյան կառուցումն է՝ որպես այդպիսին, որքան բարոյահոգեբանական այն ազդեցությունը, որ այն կունենա մեր ժողովրդի գիտակցության վրա: Անհատականությունների ազգը, որը որպես առաջնորդ երբեւէ մեկին չի ընդունել, այսպիսով ձեռք կբերի մի կառույց-գաղափար-առաջնորդ՝ ի դեմս հաղթասյան, որի վրա, հիմքից մինչեւ գագաթ, պարուրաձեւ հարթաքանդակով կկերտվի մեր ինքնության նկարագիրը, մեր պատմությունը՝ նախահայր Նոյից մինչ մեր ժամանակակիցը: Սյան վերեւի մասում կտեղադրվի թեւատարած արծիվը, իսկ նրա ճիրաններում մի շրջանակ՝ Արարատի եւ լեռան վրա՝ Նոյյան տապանի պատկերով:
Ինչո՞ւ հատկապես սյունը պետք է դառնա համայն հայության միասնության խորհրդանիշ: Բացի ուտիլիտար նշանակությունից (հենարան, դիմհար եւ այլն), հնում սյունը խորհրդանշում էր նաեւ առնականություն, բերրիություն, ցեղի շարունակելիություն եւ, վերջապես, հաղթանակ: Այս բազմիմաստ խորհրդանիշը ամենահինն է եւ ունի շուրջ 40 հազար տարվա պատմություն։ Որոշ ցեղերի եւ ժողովուրդների կողմից այն կիրառվում էր որպես մեծարանքի միջոց՝ հիշարժան իրադարձությունների, նշանակալի հաղթանակների, հաղթարշավների եւ մեծանուն մարդկանց պատվին:
Այսպիսով, սյունը՝ որպես ուժի, հաղթանակի, հույսի եւ ոգու խորհրդանիշ, չի կորցրել եւ դժվար թե երբեւէ կորցնի իր նշանակությունը: Հնում, սկսած շումերներից, Բաբելոնից եւ Եգիպտական թագավորությունից, սյուն կանգնեցնելու իրավունք էին ստանում միայն հաղթանակած թագավորներն ու կայսրերը: Միայն կայացած պետությունները, կրթված եւ ուժեղ ժողովուրդներն էին խոյացնում սյուներ՝ հայտնելով աշխարհին իրենց երկրի հզորության, անպարտելիության եւ առաջ գնալու նպատակամղվածության մասին: Տպավորիչ ճարտարապետությունը, դեպի երկինք ձգվող սյուները, դիմհարները, ծայրաձողերն ու մինարեթները ցուցադրում են ժողովրդի եւ կայսրության ոգու հզորությունը: Եվ վաղուց արդեն ավանդույթ դարձած այս սկզբունքը պահպանվում է մինչ օրս:
Հրապարակում վեր խոյացող սյան հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա անհերքելի է: Առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե ո՞ւմ կամ ինչի՞ պատվին է կերտված սյունը: Ապա մարդիկ սկսում են ուսումնասիրել շինության կառուցվածքը՝ գաղափարն ու իրականացվածը համադրելով սյունը կառուցած ժողովրդի մասին ունեցած պատկերացումներին, կատարելով համապատասխան եզրահանգումներ: Եվ որքան գեղեցիկ, հանդիսավոր եւ գաղափարական լուրջ հենքով է կառուցված սյունը, այնքան ավելի մեծ է հիացմունքը, հարգանքը եւ հետաքրքրությունը այն կերտողների նկատմամբ:
Հաղթասյան խոյացմամբ-կառուցմամբ՝ միանգամից կլուծվեն մի շարք կարեւորագույն խնդիրներ: Գլխավորի մասին արդեն ասվել է՝ համազգային կառույցը կհամախմբի աշխարհի հայությանը՝ սյան կառուցման ողջ ընթացքում: Սակայն առավել կարեւորն այլ խնդիր է. ինչպե՞ս անել, որպեսզի աշխարհում ամենագեղեցիկ հրապարակներից մեկի՝ հանճարեղ Թամանյանի գեղեցկագույն կառույցի դիմագիծը չաղավաղվի, այլ ավելի հարստացվի՝ հաղորդելով նրան բոլորովին նոր իմաստ ու նշանակություն: Հարյուրավոր նախագծերը եւ ֆոտոկոլաժները համոզեցին՝ Հանրապետության հրապարակը՝ կենտրոնում հաղթասյունը (տես՝ լուսանկարը) ձեռք կբերի լիովին այլ, նոր նշանակություն, կստանա նոր հնչեղություն, սրբություն եւ, ինչու չէ, առեղծվածային նշանակություն: Հրապարակի ձվաձեւ տարածքը՝ կենտրոնում սյուն-միջուկով, արդեն իսկ հոգեբանորեն այլ կերպ կընկալվի, ինչպես հայկական «տիեզերքի» կենտրոն, որի շուրջ պտտվում է հայկական աշխարհը: Կանխելով «մաքուր մշակույթի» կողմնակիցների ընդվզումը՝ բերեմ դարձյալ Էյֆելյան աշտարակի օրինակը, որին դեմ էին այն ժամանակվա Ֆրանսիայի ամենահզոր ուղեղները՝ այն պատճառաբանությամբ, որ աշտարակը կայլանդակի քաղաքի դիմագիծը: Այնինչ՝ պատահեց հակառակը, աշտարակը դարձավ Փարիզի քնքշորեն պահպանվող ու փայփայվող խորհրդանիշը, եւ արդեն երբեք չի դադարի այդպիսին լինելուց: Միանգամայն վստահ եմ, որ այդպես կլինի եւ հաղթասյան դեպքում:
1991 թվականին Հայաստանի անկախացումն ու Արցախի ազատագրական պայքարում տարած հաղթանակն անուրանալի են, եւ հանդիսանում են հայ ոգու կայունության, անձնազոհության, ազատատենչության եւ արդարության արգասիքը: Մեր ժողովրդի պատմության համատեքստում դրանք անտարբեր չթողեցին հայկական սփյուռքի եւ ոչ մի համայնքի, ոչ մի հայի: Ուստի վաղուց հասունացել է այս մեծագույն իրադարձության՝ Արցախի հաղթանակի պատվին հաղթասյուն կառուցելու անհրաժեշտությունը: Կրկնվում եմ, սակայն, այս շինությունը պետք է կառուցվի ազգովին, աշխարհի բոլոր հայերի կողմից: Սա կդառնա պատվի եւ յուրաքանչյուր համայնքի արժանապատվության խնդիրը: Ավելին, եթե կառուցվի 2 հաղթասյուն՝ մեկը մեծ՝ Երեւանում, եւ ավելի փոքրը՝ Ստեփանակերտում, ապա այս գաղափարն ավելի ծանրակշիռ կդառնա: Հաղթասյան կողքին անպայման պետք է կառուցվի նաեւ գլխավոր մուտք՝ պորտալ, հենց նույն գրանիտից, որոնց վրա գրառված կլինեն, թե որ երկրից եւ որ համայնքից է ուղարկված այս կամ այն գրանիտը, եւ տեղեկատվություն կտրվի տվյալ համայնքի մասին:
Միտումնավոր չենք անդրադառնում կառույցի տեխնիկական տվյալներին եւ չափերին, թեեւ ենթադրվում է, որ իր գաղափարին ու նպատակին համապատասխանելու տեսանկյունից սյունը մեկ երրորդով պետք է գերազանցի հրապարակը երիզող շինությունները: Չենք անդրադառնում, քանի որ հարցը խիստ մասնագիտական է: Սյան բարձրությունը, չափերը եւ մյուս չափորոշիչները կորոշեն նեղ մասնագետները՝ կոնստրուկտորները, ինժեներները, դիզայներները, ճարտարապետները:
Սակայն ե՛ւ այս նախագիծը, ե՛ւ գաղափարը անավարտ կամ թերի կմնան առանց մի կարեւորագույն տարրի: Վաղուց արդեն հասունացել է սփյուռքի՝ աշխարհասփյուռ հայության թանգարան ունենալու պահը: Եվ ավելի լավ տեղ, քան Հայաստանի ազգային պատմության թանգարանն է, չկա, որի ութանկյունն ինքն է պահանջում 4-5 հարկերի ապակե գմբեթ («թանկարժեք մի քար» հրապարակի օղակում)՝ իր դահլիճներով՝ յուրաքանչյուր համայնքին տրված հատուկ նշանակությամբ: Բնականաբար, ցուցանմուշների քանակն անմիջապես կսկսի աճել, եւ դրանց համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ տարածք, բայց կարեւորը սա չէ, հետագայում կարելի է մեկ ուրիշ վայրում կառուցել ժամանակակից թանգարան եւ ցուցասրահներ, իսկ գմբեթը կդառնա կենտրոնական ցուցադրահրապարակը եւ ողջ հայության նյութական ու ոգեղեն միասնության խորհրդանիշը:

Հրավիրում ենք շահագրգիռ ընթերցողներին քննարկել այդ նախագիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել