Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղադրյալների ցանկն ընդլայնվեց

Ապրիլ 14,2011 00:00

Մարտի 30-ին «Հիմնադրամն ընդդեմ նախարարության» հրապարակմամբ անդրադարձել ենք «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանի բողոք-դժգոհությանը՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Տիկին Պողոսյանը պնդում էր, որ տիկին Հակոբյանը  խախտել է մի շարք օրենքներ եւ իրավական ակտեր: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թամարա Պողոսյանը պետք է բանավիճեր Հրանուշ Հակոբյանի կամ նրա որեւէ ներկայացուցչի հետ, սակայն հրավերը մերժվել էր: Իսկ Թամարա Պողոսյանն ասաց, որ Հրանուշ Հակոբյանի հետ չի կարողացել հանդիպել 2010-ի հունիսից, եթե հանդիպեր՝ այս վիճակը չէր լինի: Բանախոսը ասաց այն, ինչի մասին խոսում է մարտի վերջից, սակայն այս անգամ տիկին Պողոսյանը տիկին Հակոբյանին ավելի լուրջ մեղադրանքներ առաջադրեց եւ մեղադրեց նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների. «Ցավալի է այս բանավեճը երկու կնոջ վեճ ներկայացնելը, միգուցե մեկին ձեռնտու է, որ սա այսպես ներկայացվի: Հասկանալով այս պայքարի անհավասար լինելը, այդուհանդերձ որոշեցի իրավական դաշտում ներկայացնել խնդիրը: Վստահ էի, որ մեր կառավարությունը, իրավապահները, նախագահը չպետք է հապաղեին ինձ ընդունել: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Կարեն Գեւորգյանը, Թովմաս Պողոսյանն ու այլք են մեր գումարները ստացել: Հրանուշ Հակոբյանը զբաղված է փողեր լվանալով: Փողեր լվանալու այդ սխեման դրել եմ իմ վարչապետի առաջ, իմ նախագահի առաջ, մամուլում հրապարակել եմ:  Քաղաքական հենարան չունեմ, օլիգարխ սիրեկան չունեմ… այս ամենից հետո երեւի ստիպված ունենամ… Ես իրենց ուզածը չարեցի, քանդվեց սփյուռքի նախարարության ողջ սխեման, եւ Հրանուշ Հակոբյանը որոշեց վրեժխնդիր լինել, ճզմել մեր հիմնադրամին՝ ինչքան կարող են: Զարմանում եմ, ինչու են լռում հանրապետության նախագահն ու վարչապետը եւ Հրանուշ Հակոբյանի հետ ձեռք-ձեռքի ուզում են այս հիմնադրամը ջարդել: Եթե վարչապետի վերահսկողականը դեռ չի տվել հիմնադրամում կատարած ստուգումների արդյունքները, եթե արդարադատության նախարարությունը դեռ պատասխան չի տվել, ուրեմն այստեղ կա քաղաքական որոշում, իրավական խնդիրները երկրորդական են դարձրել եւ դա առայսօր շարունակվում է»,- հայտարարեց Թամարա Պողոսյանը, պնդելով, որ ինքը որեւէ քաղաքական պատվեր չի կատարում:
Այսօր Հրանուշ Հակոբյանի դեմ պայքարող, նրա՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ դառնալու օրինականությունը վիճարկող Թամարա Պողոսյանն ասաց, որ 2009-ին չի ընդվզել, երբ Հրանուշ Հակոբյանը դարձել է հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Հիշեցնենք, որ մեր համառ հարցումներից հետո ապրիլի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունից կաճ պարզաբանում տվեցին. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մոտ ժամանակներս նիստ է հրավիրելու, ուր կքննարկվեն ոչ միայն ապագա քայլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել