Էջմիածինցի գրողն ու ծրագրավորողը դրսում ապրող բոլոր հայերին առաջարկում է հայրենիքի հետ կապող օղակ ստեղծել եւ իրենց այս երկրի տեր զգալ:
ՀՀ սփյուռքի նախարարության ամենատարածված «Արի տուն» ծրագրի նման մի նախաձեռնություն Էջմիածնում է ծնունդ առել եւ կոչվում է «Հայրենի տուն»:
«Արի տուն»-ի հետ իրենց նմանությանը ծրագրի հեղինակ Գրիգոր Մաչանենցը (Գրիգոր Բաբախանյան) այնքան էլ համամիտ չէ: «Մենք չենք ասում՝ եկեք ձեր հայրենիքը տեսեք, հայրենակիցների հարկի տակ մի երկու շաբաթ ապրեք ու գնացեք: Մենք կոչ ենք անում գալ, տուն առնել ու ապրել, աշխատել այստեղ՝ մեր կողքին, անկախ նրանից՝ հայրենիքը քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ճգնաժամի մեջ է»,- «Առավոտին» ասաց Գրիգոր Մաչանենցը:
Մեր զրուցակիցը մշակույթի մարդ է՝ եւ գրող է, եւ նկարիչ: Զբաղվում է բացառապես հայկական մշակույթի քարոզչությամբ եւ պնդում, որ «Հայ միասնության խաչ» կազմակերպությունը, որի հիմնադիրն է՝ եւս դժվար ծնունդ է ունեցել: Կազմակերպությունը հայ իրականություն մուտք գործեց այն տարիներին, երբ արցախյան պատերազմն ու սովը պաշարել էին Հայաստանն ու Արցախը՝ հայերի հերոսական դիմակայության տարիներին: «Գիտակցում էինք, որ այդ շրջանում թելադրողը մարդու ինքնապահպանման բնազդն է, որ քաղցած ստամոքսով մարդու համար մշակութային սնունդ ասվածը ծիծաղելի է: Բայց չնահանջեցինք: Դժվարություններով հանդերձ, արեցինք մեր գործն ու ծնունդ տվեցինք մի կազմակերպության, որի սաները վաղուց արդեն արտասահմանյան երկրներում են հյուրախաղեր ունենում: Պարզապես պետք է կարողանալ արժեքները ճիշտ գնահատել: Կան բաներ, այդ թվում եւ հողը, երկիրը, կրոնը, լեզուն ու մշակույթը, որոնցից չի կարելի երես թեքել: Հենց սա է, որ պետք է գիտակցենք եւ դրանք չդիտարկենք կենցաղային խնդիրների մակարդակի վրա»,- վստահ է Գրիգոր Մաչանենցը:
«Հայ միասնության խաչի» անդամներն ասում են, որ «Հայրենի տուն» նախաձեռնության անհրաժեշտությունը հասունացավ հատկապես վերջին շրջանում, երբ արտագաղթի ծավալներն ահագնացան: Չդատապարտելով սոցիալական դժվարություններից դրդրված եւ հանուն բարեկեցիկ կյանքի երկիրը լքողներին, ծրագրի հեղինակը, այնուամենայնիվ, նկատեց՝ որքան էլ արդարացված լինի «որտեղ հաց, այնտեղ կաց» տրամաբանությունը, այդուհանդերձ, գալիս է մի պահ, որ սթափվում ես՝ ախր ումի՞ց ենք փախչում, ո՞ւմ ենք թողնում էս հողն ու ջուրը, մի՞թե տնավեր լինելը հարցի լուծում է: Հենց այս հարցերի պատասխանն էլ փորձում են տալ «Հայրենի տուն» ծրագրով, աշխարհասփյուռ հայությանը Հայաստան կանչելու եւ այստեղ հաստատվելու առաջարկով:
«Հայրենի տուն» ծրագրի մասին նախաձեռնողները էլեկտրոնային բազում նամակներ են ուղարկել: «Ծրագիրը չի ձախողվի, որովհետեւ ցանկացած հայ իր հայրենիքում մի անկյուն ունենալու փափագ ունի. անկախ այն բանից՝ մշտապե՞ս կտեղափոխվի, թե՞ ժամանակավորապես: Միայն այն միտքը, որ հայրենիքի հետ կապող օղակ ունի, արդեն տիրոջ զգացողություն է ներշնչում: Մենք հենց սա ենք ուզում, որ դրսում ապրող յուրաքանչյուր հայ իրեն այս երկրի տերը զգա, այս երկրի ամեն մի թիզ հողի համար յուրաքանչյուրիս հետ հավասար պատասխանատվություն ստանձնի: Իսկ դրան կարելի է հասնել սփյուռքահային հայրենիք բերելով, հայրենի հողին նրան կապելով»,- ասաց ծրագրի համահեղինակ, ծրագրավորող Կարեն Գրիգորյանը:
Հարցին, թե հայրենիք կանչելու պատասխանատվությունը մեծ չէ՞ օր օրի հիասթափությունից երկիրը լքողների աճի ֆոնին, Կարեն Գրիգորյանը պատասխանեց, թե կախված է մարդու տեսակից. «եթե մարդը պրպտող, աշխատող ու ստեղծող է, այստեղ էլ կարող է ապրել: Կարծում եք՝ արտասահմանում ամեն ինչ հալած-դրած է, ասում են՝ եկեք վայելե՞ք: Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ լավ է այնտեղ, որտեղ դու չկաս: Մերոնք էլ գնում՝ սեփական փորձով համոզվում են, որ այնտեղ էլ մի բան չի, բայց արդեն «երեսները չի բռնում» ետ գան: Հարեւան կա, ծանոթ, ընկեր, բա չե՞ն ասի՝ ոչ այստեղ կարողացար մի բանի հասնել, ոչ՝ այնտեղ: Դրա համար էլ մնում եւ ինչով ասես չեն զբաղվում»:
«Հայրենի տուն» ծրագրի հեղինակները բախտն օտար երկրներում որոնելու մտադրություն չունեն, միանգամից մեծ հաջողություններ չեն ակնկալում ու չեն հասկանում նրանց, ովքեր հայրենիքից խռովում ու ճամպրուկներն են հավաքում: «Թե այդ նեղացածներին, թե բոլոր նրանց, ովքեր ճակատագրի բերումով աշխարհասփյուռ են եղել, առաջարկում ենք Հայաստան վերադառնալ, մայր հողի վրա տուն կառուցել, զավակ լույս աշխարհ բերել ու աշխատել, ապրել այստեղ: Ոչ մի երկիր ձեզ այնպես գրկաբաց չի ընդունի, որքան Մայր հայրենիքը». սա է օտարության մեջ ապրող հայերին «Հայրենի տուն» ծրագրի հեղինակների կոչը: