Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում որպես խափանման միջոց երկամսյա կալանքի ենթարկելու որոշում է կայացվել երկու բարձրաստիճան ոստիկանների եւ մեկ «օրենքով գողի» նկատմամբ: Նախ՝ դռնփակ նիստում դատավոր Մնացական Մարտիրոսյանը քննարկել եւ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի՝ օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանի նկատմամբ երկամսյա կալանք կիրառելու մասին: Հիշեցնենք, որ Արմեն Պողոսյանը կասկածվում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի դեմ հարուցված քրգործի շրջանակներում: