Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաշտպանյալն անկեղծ չէ՞ր

Ապրիլ 14,2011 00:00

Կտրուկ փոփոխություններ ՀՔԾ-ում. բոլոր վկաները փոխել են  նախկինում տված ցուցմունքները

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վ. Ղազարյանի նախագահությամբ, արագացված կարգով քննել ու «Վանաձոր» ՔԿՀ կալանավոր Արմեն Պետրոսյանին դատապարտել է ազատազրկման՝ 2,5 տարի ժամանակով:
Նշենք, որ ամբաստանյալը իրեն մեղավոր է ճանաչել եւ չի ցանկացել վերաքննիչ բողոք ներկայացնել:
Արմեն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրի 319 հոդվածի 2-րդ մասով եւ 185 հոդվածի 1-ին մասով:
Նախորդ տարվա հոկտեմբերին «Առավոտը» տեղեկացրել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում հիմնարկի աշխատակիցները դատապարտյալի են ծեծել:
Դեպքի կապակցությամբ Լոռու մարզի ոստիկանության քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Գործն էլ ուղարկվել էր ՀՔԾ՝ քննության:
Արմեն Պետրոսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասում է, որ գործը մինչ ՀՔԾ ուղարկելը պաշտպանական կողմը ապացույցների առումով բավականին ուժեղ էր:
«Կային ապացույցներ, որոնց վրա հիմնվելով՝ կարող էինք հասնել ընդհուպ մինչեւ արդարացում: Իմ պաշտպանյալը իրեն մեղավոր չէր ճանաչում, ըստ նրա ցուցմունքների՝ մեղավոր էին ՔԿՀ-ի աշխատակիցները»:
Սակայն ՀՔԾ-ում գործի քննության ժամանակ բոլոր այն վկաները, ովքեր ցուցմունք էին տվել Արմեն Պետրոսյանի՝ ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելու մասին, հրաժարվել են դրանցից՝ տալով այլ բովանդակության ցուցմունքներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին ամուսնու հետ երկարատեւ տեսակցություն ունենալու ժամանակ Վանաձոր քաղաքի բնակչուհին ականատես էր եղել կալանավայրում տեղի ունեցող դեպքերին: Նրա խոսքերով՝ կալանավայրի աշխատակիցները ծեծել են դատապարտյալին, հայհոյել: «Նրանց բարձրաձայն խոսակցության ձայներն ու հայհոյանքները հասնում էին մեր սենյակ, ծեծվող անձն էլ խնդրում էր, որ հանգիստ խոսեն, իրար հասկանան»,- ասել էր նա: Նրա խոսքերը հաստատել էին նաեւ «Վանաձոր» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալներ: «Դատապարտյալը խնդրում էր իրեն չծեծել, հանգիստ բացատրել, թե ինչ է պատահել»,- ասել են նրանք:
ՀՔԾ-ում նրանք ցուցմունք են տվել, որ լսել են, թե ինչպես է Արմենը հայհոյել հիմնարկի աշխատակիցներին, իսկ գոռգոռոցներից ու խառն իրարանցումից հասկացել են, որ Արմեն Պետրոսյանը հարվածել եւ մարմնական վնասվածք է հասցրել ՔԿ հիմնարկի աշխատակիցներից մեկին:
«Տեսնելով, որ սկզբում իր կողքին եղած վկաները փոխեցին ցուցմունքները, իմ պաշտպանյալը մտավախություն ունեցավ՝ եթե չընդունի, որ մեղավոր է, ավելի խիստ կպատժեն»,- կարծիք է հայտնում պաշտպանը:
Պաշտպանն ասում է, որ իր պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ պաշտպանյալը լրիվությամբ անկեղծ չէր ու չի ասել, թե ինչու է իրեն մեղավոր ճանաչում, այն դեպքում, երբ գործը մինչ ՀՔԾ ուղարկելը պնդում էր, որ ինքը մեղավոր չէ: «ՀՔԾ-ում ապացույցները բոլորովին այլ պատկեր ստացան: Համենայնդեպս, մենք վկաների նկատմամբ ճնշման կամ ապօրինությունների փաստեր չունենք»,-տեղեկացնում է պաշտպան Հակոբյանը: Այնուամենայնիվ, պաշտպանն ասում է, որ Արմեն Պետրոսյանը գոհ էր կայացված դատավճռից:
Իսկ թե որտեղից է դատապարտյալը ՔԿՀ-ում օղի գտել, ՀՔԾ-ում այս հարցը մնաց անպատասխան, մինչդեռ Պետրոսյանն ի սկզբանե նշել էր, թե ով է տվել եւ ինչի համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել